Մատչելի հղումներ

Բիլ Քլինթընի համաշխարհային նախաձեռնությունը


Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բիլ Քլինթընը ՄԱԿ-ի Ընդհանուր ժողովին մասնակցող աշխարհի երկրների ղեկավարներին հրավիրել է միանալու բիզնեսների ղեկավարներին եւ մասնավոր խմբերին, որով հույս ունի լուծել աշխարհում ամենահրատապ խնդիրները։

՚՚Քլինթընի Համաշխարհային նախաձեռնություն՚՚-ն աշխարհում առկա խոշորագույն խնդիրները լուծելուն ձեռնամուխ լինելու նախկին նախագահի ոչ-կուսակցական ջանքն է.

՚՚Համաշխարհային իմ նախաձեռնությունը ծրագրված է աշխարհում խոշորագույն խնդիրներն աստիճանաբար հաղթահարելու այն համոզմունքով, որ դրանց ծավալից անկախ մեր խնդիրները տեղի կտան անհատների, ոչ-կառավարական կազմակերպությունների, բիզնեսների եւ կառավարությունների համատեղ գործողության ու նորարարական համագործակցության առջեւ՚՚։

Բիլ Քլինթընի կողմից նախաձեռնությունը 2005 թվականին սկսվելուց ի վեր, 300-ից ավելի հանձնառությունների շնորհիվ հանգանակվեց երկու միլիարդ դոլարից ավելի գումար։ Այս տարվա ՄԱԿ-ի Ընդհանուր ժողովի մինչեւ երկրորդ օրը հանգանակված գումարը եռապատկվեց անցյալ տարվա համեմատությամբ, որի պատճառը շրջակա միջավայրի համար անվնաս վառելանյութեր ստեղծելու համար 3 միլիարդ դոլար հատկացնելու բրիտանացի մեծահարուստ Ռիչարդ Բրանսոնի խոստումն էր։

Այլ հանձնառութունների թվում է աշխարհում առողջապահությանն աջակցելու եւ աղքատությունը նվազեցնելու նպատակով երկու միլիարդ դոլար հատկացվելու խոստումը։ ԱՄՆ Առաջին Տիկին Լորա Բուշը խոստացել է տրամադրել տասնվեց միլիոն դոլար Ենթասահարային Աֆրիկայում խմելու մաքուր ջուր ապահովելուն, որի գումարը հատկացվելու է ԱՄՆ կառավարության ու երկու մասնավոր հաստատությունների կողմից.

՚՚Խաղալիք-պոմպերը երեխաների կարուսելներ են, որոնք միացված են մի տարողության ջրի պոմպին։ Անիվը պտտվելիս խմելու մաքուր ջուր է գալիս։ Խաղալիք-պոմպերն աշխատում են անսահման էներգիայի աղբուրով, երեխաների խաղով՚՚։

Աշխարհի որոշ երկրների ղեկավարներ ՚՚Քլինթընի համաշխարհային նախաձեռնություն՚՚-ն օգտագործեցին որպես ամբիոն, ներկայիս որոշ դեպքերի շուրջ ելույթ ունենալու համար։ Մասնակցելով ՚՚Հրատապ խնդիրներ եւ նորարարական լուծումներ՚՚ անվամբ մի քննարկման, Պակիստանի նախագահ Փերվեզ Մուշարաֆը ժխտեց լրատվական միջոցների հաղորդումները, որ Թալեբանն Աֆղանստանում ռազմական գործողությունների է դիմում իր երկրում առկա հենակայաններից.

՚՚Սակայն Թալեբանը եւ Մոլլա Օմարը վերահսկում են Աֆղանստանի Ղանդահարի շրջանն ու դրա ներքեւի տարածքը։ Մոլլա Օմարը երբեք չի եկել Պակիստան 1995 թվականից ի վեր, երբ Աֆղանստանում նախաձեռնեց այս շարժումը՚՚։

Պարոն Մուշարաֆը բացատրեց, որ աղքատությունից խուսափելու խնդրում մահմեդական աշխարհին օգնելը նրանց օգնում է նաեւ ըմբռնելու, որ ՚՚ժամանակակից դառնալը չի նշանակում փոխվել արեւմտյան ոճի՚՚։

Նա նաեւ արտահայտվեց աշխարհում ահաբեկչության դեմ պայքարելու մասին։ Պարոն Մուշարաֆն ասաց, որ Պակիստանում, Աֆղանստանում եւ այլուր առկա ահաբեկչության ու ծայրահեղականության պատճառը Պաղեստինյան խնդիրն է, որը լուծվելուց հետո ամեն ինչ իր տեղը կընկնի։

՚՚Խաղաղության սերմեր՚՚ անվամբ խումբը ՚՚Քլինթընի համաշխարհային նախաձեռնություն՚՚ ծրագրին խոստացավ օգնել Պաղեստինյան խնդրի լուծման գործում։ Այդ նպատակով խումբը հատկացնում է մեկ միլիոն երկու հարյուր հազար դոլար գումար։

XS
SM
MD
LG