Մատչելի հղումներ

ԱՄՆ սենատի կողմից կազմված, Իրաքի հարցերով հանձնաժողովը


Իրաքում հակամարտությունն ուսումնասիրելու եւ Միացյալ Նահանգների նախագահին հանձնարարություններ կատարելու նպատակով կոնգրեսի կողմից ստեղծված հատուկ հանձնաժողովի ղեկավարն այն կարծիքին է, որ առաջիկա երեք ամիսները կարեւոր են այդ երկրի ապագան որոշելու համար։

Իրաքի հարցերով Միացյալ Նահանգների հատուկ հանձնաժողովը հայտնել է, թե Իրաքի կառավարությունը պետք է ավելի շատ առաջընթաց կատարի երկրում բռնարարքները վերահսկելու գործում։

Միացյալ Նահանգների բարձրաստիճան նախկին պաշտոնատարներից բաղկացած երկկուսակցական այս խումբը վեց ամիս է, ինչ աշխատում է Իրաքը դեպի կայունություն եւ խաղաղություն առաջնորդելու գործում նախագահ Բուշի վարչակազմին եւ օրենսդիներին խորհուրդ տալու նպատակով։

Խումբը մինչեւ այժմ հանդիպել է Միացյալ Նահանգների եւ Իրաքի բանակի հարյուրից ավելի հրամանատարների, քաղաքական ղեկավարների ու քաղաքացիական անձանց հետ։ Հանձնաժողովը ղեկավարում են Միացյալ Նահանգների արտաքին գործոց նախկին նախարար, հանրապետական Ջեմս Բեյքրը, եւ դեմոկրատ, նախկին կոնգրեսական Լի Համիլթոնը, ով արտաքին քաղաքականության հարցերով փորձագետ է։

Վաշինգտոնում կայացած մամլո ասուլիսներից մեկի ժամանակ նրանք հանձնարարականներ չարեցին Իրաքի շուրջ։ Սակայն պարոն Համիլթոնն ասաց, որ խնդրի լուծմանը չկա հրաշագործ միջոց.

՚՚Ժամանակը կարճ է, եւ բռնարարքների թիվը մեծ է։ Իրաքի կառավարությունը պետք է գործի։ Այն իր՝ եւ Միացյալ Նահանգների քաղաքացիներին պետք է ցույց տա, որ արժանի է շարունակվող աջակցությանը։ Հաջորդ երեք ամիսները վճռական են։ Այս կառավարությունը մինչեւ այս տարվա վերջը պետք է ցույց տա իր առաջընթացը Բաղդադն անվտանգ դարձնելով, համազգային հաշտեցման հետամտելով եւ հիմնական ծառայություններ տրամադրելով՚՚։

Պարոն Համիլթոնն ասում է, թե Իրաքի վարչապետ Նուրի Ալ-Մալիքիի վերջերս կազմված կառավարությունը պետք է գործի՝ երկրի վերակառուցումը շարունակելու համար.

՚՚Իրաքի ժողովուրդը հույսով նայում է իր վարչապետին՝ ղեկավարման համար։ Իրաքցիները ցանկանում են ավելի անվտանգ Բաղդադ, եւ ավելի անվտանգ համայնքներ։ Նրանք ցանկանում են վերջ դնել աղանդավորական սպանություններին։ Նրանք ցանկանում են էլեկտրականություն, ջուր եւ կառավարություն, որը կպայքարի կոռուպցիայի դեմ։ Ոչ մեկը չի կարող ակնկալել հրաշք, սակայն Իրաքի ժողովուրդն իրավունք ունի ակնկալելու անհապաղ գործողություն՚՚։

Ջեյմս Բեյքրն ասել է, թե Միացյալ Նահանգները չափազանց թերագնահատել է Իրաքում պատերազմը շահելու դժվարությունը։ Նա ասել է, թե հանձնաժողովը կզեկուցի, թե իր կարծիքով ո՞րն է լավագույնը Վաշինգտոնի համար.

՚՚Մեր զեկույցը չի լինի առանձնապես իմաստալից, եթե մեր հանձնաժողովի անդամները տարակարծիք լինեն։ Մենք աշխատում ենք չափազանց եռանդունորեն, որպեսզի զեկույցը լինի միասնական տեսակետների արդյունք։ Հույս ունենք, որ դա կհաջողվի մեզ՚՚։ Սթիվն Հեսը Բրուքինգզի մասնավոր հաստատությունում փորձագետ է։ Նա այն կարծիքին է, որ հանձնաժողովի զեկույցը չի ընդդիմանա Իրաքում Վաշինգտոնի քաղաքականությանը.

՚՚Նրանք առաջարկելու են, թե Վաշինգտոնն Իրաքից թերեւս ինչպե՞ս կարող է հեռանալ, եւ թե ամերիկյան քաղաքականությունն ինչպիսի՞ն պետք է լինի Իրաքի հակամարտության այս փուլում՚՚։

Նա նաեւ ասում է, թե հանձնարարություները թերեւս կարող են անտեսվել.

՚՚Արտգործնախարարության, Պենտագոնի, Սպիտակ Տան շահերը չափազանց հատուկ են, եւ նրանք նաեւ ունեն իրենց սեփական օրակարգը։ Սակայն կարծում եմ, որ զեկույցում նշված որոշ հանձնարարականներն իրենց ծրագրերին համապատասխանելու դեպքում, որն ամեն դեպքում իրագործելու էին, նրանք թերեւս չափազանց ուրախ կլինեն սա վերագրելու այս երկկուսակցական, ուսումնասիրություններ կատարած անկախ խմբին՚՚։

Իրաքի հարցերն ուսումնասիրող հանձնաժողովը հայտնել է, թե իր եզրակացությունները կհրապարակի Միացյալ Նահանգներում նոյեմբերին կայանալիք միջժամկետային ընտրություններից հետո, որպեսզի այդ հարցերը չդառնան քաղաքական բանավեճերի նյութ։

Հանձնաժողովն ասել է, թե իր եզրակացությունները մինչեւ հաջորդ մարտ ամիսը սկզբում կհանձնի նախագահ Բուշին եւ կոնգրեսին, որից հետո կհրապարակի հասարակության համար։

XS
SM
MD
LG