Մատչելի հղումներ

Նախագահ Բուշ-Մերձավոր Արեւելք


Նախագահ Ջորջ Բուշն իր աջակցությունն է հայտնել պաղեստինյան ղեկավար Մահմուդ Աբասին, ով ասել է թե պարոն Աբասը ՚՚խաղաղության անձ՚՚, է եւ կարող է օգնել առաջ շարժելու Մերձավոր Արեւելքի խաղաղության բանակցությունները։

Նյու Յորքի հյուրանոցներից մեկում կայացած բարեկամական հանդիպումներից մեկի ժամանակ նախագահ Բուշը պարոն Աբասի մասին արտահայտվեց անսովոր գովեստով.

՚Խորապես հասկանում եմ, որ այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ են հաստատակամ ղեկավարներ, ովքեր կգործեն խաղաղության ձգտող ժողովրդի շահերից։ Դուք այդպիսի ղեկավար եք, պարոն նախագահ եւ մենք անսահման երախտապարտք ենք ձեր ցուցաբերած խիզախության համար։

Վստահեցնում եմ, որ մեր կառավարությունը ցանկանում է աշխատել ձեզ հետ, որպեսզի հնարավորություն ունենաք իրականացնելու այն նպատակները, որոնք պաղեստինցիները փափագում են երկար ժամանակ, այն է՝ ունենալ մի հասարակություն, ուր իրենց երեխաներին հնարավոր կլինի մեծացնել ապագայի հույսով եւ խաղաղության պայմաններում՚՚։

Երեքշաբթի ելույթ ունենալով ՄԱԿ-իր Ընդհանուր ժողովում, պարոն Բուշը Համասի կողմից ղեկավարվող կառավարությանը կոչ արեց հրաժարվել ահաբեկչությունից եւ ճանաչել գոյատեւելու Իսրայելի իրավունքը։ Նա նաեւ խոստացավ ԱՄՆ-ի աջակցությունն առաջիկայում Պաղեստինի ճանաչմանն ու Իսրայելի հետ խաղաղ գոյակցելու երկու պետությունների գաղափարին.

՚՚Աշխարհը նաեւ պետք է աջակցի Սուրբ Հողում խաղաղության հաստատման գործին։ Ես հանձնառու եմ ժողովրդավարական երկու պետությունների՝ Պաղեստինի եւ Իսրայելի կողք կողքի, խաղաղության եւ անվտանգության մեջ գոյակցելուն։ Հանձնառու եմ Պաղեստինյան մի պետության, որը կունենա տարածքային ամբողջականություն եւ խաղաղ կերպով կգոյակցի Իսրայելի հրեական պետության հետ՚՚։

Անցնող չորեքշաբթի պարոն Աբասը ողջունեց ԱՄՆ նախագահի երեքշաբթի արած մեկնաբանությունները, եւ խոստացավ գործել հանուն խաղաղության.

՚՚Անշուշտ, նախատեսում ենք ակտիվացնել բազմաթիվ ծրագրեր, որոշումներ եւ ուղեցույցը, որպեսզի մեր հարեւանների հետ իրականացնենք մեր նպատակները։ Պարոն նախագահ, մենք մշտապես ակնկալում ենք ձեր աջակցությունն ու օգնությունը, քանի որ խիստ զգում ենք դրանց անհրաժեշտությունը՚՚։

Համասի ղեկավարած կառավարության վարչապետ Իսմայիլ Հանյան հրաժարվում է ճանաչել Իսրայելը։ Պաղեստինյան իշխանության համար նախատեսված Միացյալ Նահանգներից եւ Եւրոպայից ստացվող օգնությունը դադարեցվել է այնքան ժամանակ, մինչեւ Համասը լիովին հրաժարվի բռնություններից, ճանաչի Իսրայելի իրավունքները եւ համաձայնի հետեւել Պաղեստինի նախորդ ղեկավարների հանձնառություններին։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երեկ քննարկեց փակուղի մտած բանակցությունների խնդիրը։

XS
SM
MD
LG