Մատչելի հղումներ

Միացյալ Նահանգներըը ջանում է բարելավել իր նկարագիրն աշխարհում


Որոշ ուսումնասիրությունների համաձայն, Միացյալ Նահանգները տուժում է աշխարհի երկրներում իր դրական նկարագրի կտրուկ նվազումից եւ զբոսաշրջության ու կառավարության մի խումբ պաշտոնատարներ փորձում են շտկել կացությունը։

Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների եւ դատա-իրավական հանձնախմբի կոնգրեսական Վիլյամ Դելահանթն ասում է իրականությունն այն է, որ ամերիկացիների նկարագիրն աշխարհում երբեւէ եղածից վատթարագույնն է։

Կոնգրեսական Վիլյամ Դելահանթը հավաքներից մեկի ժամանակ միացավ զբոսաշրջության բնագավառի պաշտոնատարներին, աշխարհում ամերիկացիների նկարագրի վատթարացման խնդրի վրա ուշադրություն հրավիրելու նպատակով։ Այս խումբը ձեռնամուխ է լինում որպես զբոսաշրջության կարեւոր երկիր՝ ԱՄՆ-ի նկարագիրը բարելավելու ջանքի։

Կոնգրեսականը ելույթ ունեցավ այս տարի ավելի վաղ հրապարակված կառավարության զեկույցներից մեկի մասին, ուր նշվում են առկա խնդիրները.

" Հակա-ամերիկյան տրամադրությունները գնալով ավելի են խորանում աշխարհի երկրներում։Նման տրամադրություններն արտասահանյան հանրության համար կարող են բարենպաստ պայմաններ ստեղծել ամերիկացիների դեմ ուղղված ահաբեկչությանը սատարելու գործում, ազդել ռազմական գործողությունների արդյունավետության եւ ծախսերի ավելանալու վրա, թուլացնել այլ պետությունների հետ ԱՄՆ-ի դաշինքը, ինչպես նաեւ բացասաբար ազդել աշխարհի այլ երկրների հետ ԱՄՆ-ի տնտեսական հարաբերությունների վրա՚՚։

Հարցախույզներ անցկացնող ՚՚Փյու՚՚ կազմակերպության համաձայն, անցյալ գարնանը 14 պետություններում անցկացված հարցախույզների տվյալներով ԱՄՆ-ի նկարագիրը թերեւս նվազել է 50 տոկոսով։

ԱՄՆ զբոսաշրջության եւ կառավարության պաշտոնատարների խմբի համաձայն, ԱՄՆ-ի նկարագրի վատթարացման հետեւանքով 1996 թվականին զբոսաշրջությունից ստացված ավելի քան 26 միլիարդ դոլարի եկամտի հետ համեմատած, 2006 թվականին զբոսաշրջությունից ստացվող եկամուտը նվազելով հասել է 7 ու կես միլիարդ դոլարի։

Նշվում է նաեւ, որ ամբողջ աշխարհում զբոսաշրջությունից ստացվող եկամտում ԱՄՆ-ի բաժինը 1992 թվականից ի վեր նվազել է 36 տոկոսով։

Ոմանք դա առնչում են ահաբեկչության դեմ ԱՄՆ-ի պատերազմի, ներգաղթի խիստ օրենքների եւ ԱՄՆ մուտք գործելու համար հրավերի արտոնագիր ստանալու դժվարությունների հետ։ Սակայն ըստ զբոսաշրջության արդյունաբերության ընկերակցության նախագահ Ռոջեր Դաուի, դրանք միակ պատճառները չեն.

" Քաղաքականությունը մշտապես եղել եւ մնում է առաջնային։ Սակայն ավելի ուշագրավն այն է, որ աշխարհի երկրները դարձել են ավելի մրցունակ։ Վերջին 12 տարիներին մենք 12 տոկոսով զրկվել ենք շուկաներում մեր ունեցած բաժնից, քանի որ այլ երկրներ, Թուրքիան, Հունաստանը, Ավստրալիան եւ Դուբայը, նույնպես գրավում են զբոսաշրջիկներին՚՚։

Պարոն Դաուն ասում է, որ զբոսաշրջության ընկերությունները հուսով են, որ ամեն տարի Միացյալ Նահանգներ կկարողանան հրապուրել տասը միլիոն նոր զբոսաշրջիկների։ Վոլթ Դիսնեի զբոսայգիների եւ զվարճավայրերի նախագահ Ջեյ Ռասուլոն ողջունեց այդ նոր նախաձեռնությունը.

" Մենք աշխարհի տարբեր երկրների մարդկանց պետք է ասենք, որ իսկապես ցանկանում ենք, որպեսզի այցելեն մեր երկիրը եւ պետք է խնդրենք չընդդիմանան մեր երկրի սահմաններն անվտանգ դարձնելու մեր ջանքերին, սակայն միեւնույն ժամանակ մեզ անհրաժեշտ է ավելացնել, որ չնայած անվտանգ սահմաններ ունենալու մեր ակներեւ պատճառներին, իսկապես ցանկանում ենք, որպեսզի այցելեն մեզ՚՚։

Զբոսաշրջության բնագավառի ուրախալի նորություններից է այն, որ Միացյալ Նահանգներ զբոսաշրջիկների թիվն այս տարի վերջապես կհավասարվի կամ կգերազանցի մինչեւ 2001 թվականի սեպտեմբերի 11-ը եղած զբոսաշրջության մակարդակը։

XS
SM
MD
LG