Ամերիկացի հրեաների շահախմբական գործունեությունը տարիներ շարունակ համարվում է չափազանց ազդեցիկ ԱՄՆ-ում, սակայն վերջին մի քանի տարում զգալիորեն ավելացել է արաբական ծագմամբ ամերիկացիների շահախմբական կազմակերպությունների ազդեցությունը։
Իսրայելին Ամերիկայի անվարան աջակցությունը հաճախ բանավեճի նյութ է դարձել Մերձավոր Արեւելքում։ Արաբական ծագմամբ բազմաթիվ ամերիկացիներ ասում են, թե սա ակներեւ էր Իսրայելի եւ Հեզբոլահի միջեւ Լիբանանում տեղի ունեցած հակամարտության ժամանակ։
Որոշումներ կայացնողների վրա այս ազդեցությունը մասամբ ԱՄՆ-ում իսրայելամետ ազդեցիկ շահախմբականների գործունեության արդյունքն է։ Յուջին Բըրդն ՚՚Ազգային շահերի խորհուրդ՚՚ կազմակերպությունից է.
՚՚ԱՄՆ-ում հրեաների ազդեցությունն ամենամեծն է։ ԱՄՆ-ում ապրում են հինգ ու կես միլիոն հրեաներ, այստեղ նրանք ավելի մեծ թիվ են կազմում, քան աշխարհի որեւէ այլ երկրում։ Նրանք մեր բնակչության կարեւոր հատվածներից մեկն են՚՚։
Իսրայելամետ շահախմբական մի քանի կազմակերպություններ հրաժարվեցին հարցազրույց ունենալ Ամերիկայի Ձայնի հետ։ Սակայն շահախմբական գործունեության հարցերով փորձագետներ ասում են, թե իսրայելամետ շահախմբական գործունեությունն ամենաեռանդունն է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության վրա ներգործելու խնդրում։
Մասի Ռիշը ՚՚Արձագանքող քաղաքականության կենտրոն՚՚-ից է, որը հետեւում է քաղաքական ընտրարշավներին գումարներ հատկացվելուն.
՚՚Դրամը ներգործում է քաղաքականության վրա, եւ ընտրարշավներին դրամական նվիրաբերություններն ու շահախմբական գործունեությունն իրո՛ք ներգործություն ունեն ամերիկյան կառավարության վրա։ Իսրայելամետ շահախմբական գործունեությունը թերեւս ամենաազդեցիկն է օտարերկրյա խմբերից։ Դրան բաժին է հասնում համերկրային շահախմբական գործունեության վրա ծախսվող ընդհանուր գումարի մեկ քառորդը՚՚։
Մյուս կողմից, ՚՚Ամերիկա-Իսլամական հարաբերություների խորհուրդ՚՚ կազմակերպությունից Նիհադ Ավադն ասում է, թե արաբամետ շահախմբական գործունեությունը դեռեւս նոր է ստեղծվում.
՚՚Արաբամետ կամ իսլամական շահախմբական գործունեությունն ԱՄՆ-ում նոր երեւույթ է։ Մեր երիտասարդ կազմակերպությունը, ուր աշխատում ենք, ստեղծվել է ընդամենը տասներկու տարի առաջ, իսկ հրեական կազմակերպությունները ստեղծվել են 60, 90 տարի առաջ, որոնք աշխատում են ԱՄՆ վարչակազմի եւ կոնգրեսի վրա ներգործելու համար, Իսրայելին աջակցելու նպատակով։ Մենք այդ կերպ չենք գործում։ Մենք համարում ենք, որ քաղաքացիական կազմակերպություն ենք, որի համար կարեւոր են երկրի ներքին խնդիրները՚՚։
Վերլուծաբան Մասի Ռիշն ասում է, թե դրամը հավասարազոր է ազդեցության.
՚՚Իսրայելամետ խմբերն ամեն տարի ծախսում են մեկ միլիոն դոլար գումար, կոնգրեսի եւ կառավարության այլ ճյուղերի վրա ներգործելու համար։ Արաբամետ խմբերը 2005 թվականին ծախսել են դրա մոտավորապես մեկ երրորդը։ Սա որոշակիորեն հավասար պայքար չէ՚՚։
՚՚Արձագանքող քաղաքականության կենտրոն՚՚-ը նշում է, թե իսրայելամետ շահախմբականներից ընտրարշավի համար դրամական ամենաշատ նվիրաբերությունը ստացողը Հիլարի Ռոդհամ Քլինթնն է։ Ընտրությունների միայն այս շրջանում նա իսրայելամետ խմբերից ստացել է 83 հազար դոլար գումար։
Արաբամետ շահախմբական կազմակերպություններից ստացվող գումարները շատ ավելի նվազ են։ Նրանցից ստացված ամենախոշոր նվիրաբերությունը կատարվել է հանրապետական սենատոր Լինկոլն Շեյֆիին, որն արաբամետ շահախմբականներից ստացել է երեք հազար դոլար գումար։