Մատչելի հղումներ

2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումների տարելիցը


Ամերիկացիները 2001 թվականի սեպտեբերի տասնմեկի ահաբեկչական հարձակումների տարելիցը կնշեն եկեղեցի գնալով, քայլարշավներով եւ հարձակումների ժամանակ զոհված հայրենակիցների հիշատակի արարողություններով։

Առավոտյան ժամը մոտավորապես ինն անց 43 րոպեին, Առեւտրի համաշխարհային կենտրոնի երկու երկնաքերներից մեկին առաջին ինքնաթիռի հարվածելուց գրեթե մեկ ժամ հետո, Ամերիկյան ավիաուղիների 77 ուղեթռիչքը կատարող ինքնաթիռը մխրճվեց Պենտագոնի շենքի արեւմտյան մասը։ Պենտագոնի անվտանգության բաժնի աշխատակից Ջոն Յեյթսը վերհիշում է հարվածի ճշգրիտ պահը.

՚՚Հիշում եմ, որ հրե բարձր գունդ առաջացավ մեջքիս ետեւում եւ ձախ կողմս, օդի ալիքի հարվածն ինձ օդ նետեց, եւ սենյակը վայրկենապես սեւացավ աչքիս՚՚։

Յեյթսը կենդանի մնացած երջանիկներից մեկն էր.

՚՚Մարմնիս 38 տոկոսը, գլխիցս սկսած մինչեւ մեջքս ու պարանոցս ստացա երկրորդ ու երրորդ կարգի այրվածք։ Ստացա երրորդ կարգի այրվածք ձեռքերիս, որի հետեւանքով կրեցի մաշկի պատվաստման երեք վիրահատություն՚՚։

Այլոց հիշողության մեջ դրոշմվել են այլ դրվագներ։ Մայոր Վիլյամ Սթաութը ոստիկանության լեյտենանտ էր Պենտագոնի հակաահաբեկչական բաժնում։ Նա հիշում է սաստիկ խառնաշփոթության տեսարան, որը կարծես սարսափազդու կինոնկարներից լիներ.

՚՚Շենքի կողքին անցք էր բացվել։ Մարդիկ մագլցում էին ամենուր։ Մի քանի օր շարունակ հավաքում էինք ինքնաթիռից մնացած կտորներ՚՚։

Սակայն, երկնքից հրի մաղվելուց հինգ տարի անց, Թոմ Հայդենբերգն ասում է, թե տարելիցն իրեն ե՛ւս մեկ անգամ հիշեցնում է իր կորուստը.

՚՚Ցավոք սրտի, մարդը տարեդարձների մասին մտածելիս, մտածում է ամուսնության, դպրոցը կամ ԲՈՒՀ-ն ավարտելու եւ այլ լավ բաների մասին։ Սա տարելից է, երբ նշում եմ կնոջս մահը՚՚։

Թոմ Հայդենբերգի կինը, Միշելը, կործանված Բոինգ 757 մակնիշի ինքնաթիռի ուղեկցորդուհիներից էր, որը փոխադրում էր 64 ուղեւոր։ Հայդենբերգը որոշ հեգնանքով վերհիշում է իր կնոջն ասած իր վերջին բառերը։ Նա կնոջն ասել է. ՚՚ցանկանում եմ անվտանգ թռիչք՚՚։ Թոմն ասում է.

՚՚Բազմաթիվ առումներով կարելի է ասել, որ հրաժարվում եմ հավատալ իրողությանը, քանի որ մերթ ընդ մերթ դեռեւս նայում եմ տան դռանը, մտածելով, որ կինս կվերադառնա՚՚։

Միշելի հիշատակը վառ պահելու համար Թոմն այս տարվա ապրիլին մասնակցել է մոտոցիկլետով 33 օրյա ճանապարհորդության Միացյալ Նահանգների տարածքում, որի օրերի թիվը համապատասխանում է կործանված չորս ինքնաթիռների անձնակազմների անդամների թվին.

՚՚Սրանից պետք է ինչ-որ դրական բան բխի։ Չենք կարող թողնել, որպեսզի Պենտագոնում զոհված 184 անձանց՝ եւ այդ օրը զոհված երեք հազար անձանց զոհաբերությունը զուր անցնի՚՚։

Նույն զգացումն է տիրում նաեւ Ռոզմարի Դիլարդին։ Նրա ամուսինը, Էդին, Ամերիկյան ավիաուղիների 77 ուղեթռիչքը կատարող ինքնաթիռում էր.

՚՚Ինքնաթիռում առեւանգիչները նստած էին ամուսնուս կողքի աթոռներին։ Մենք ամուսնացած էին տասնհինգ տարի եւ նա լավ մարդ էր, ազնվաբարո մարդ էր՚՚։

Ինչպես իրենց մերձավոր հարազատներին կորցրած բազմաթիվ անձինք, այնպես էլ Ռոզմարին նվիրվել է սեպտեմբերի տասնմեկի ահաբեկչության զոհերի հիշատակը վառ պահելու գործին։ Ռոզմարին անխոնջ կերպով աշխատում է դրամ հանգանակել Պենտագոնում զոհված 189 անձանց հիշատակին հուշարձան կառուցելու նպատակով.

՚՚Նպատակս այն է, որ այս հուշարձանը կմնա դարեր շարունակ՚՚։

Իսկ Վիլյամն ասաց.

՚Ժամանակը բուժում է վերքերը, սակայն չգիտեմ, թե այս կարգի կացությունից արդյո՞ք երբեւէ կապաքինվենք լիովին՚՚։

Թոմ ավելացրեց.

՚՚Ինձ համար ամենածանր օրերն առավոտներն են, երբ երկնքում չկան ամպեր՚՚։

Իսկ Ռոզմարի Դիլարդին վերջին հինգ տարիներին տանջում է մեկ հարց.

՚՚Դա ինչպե՞ս կարող էր տեղի ունենալ Աստծո ամենագեղեցիկ օրերից մեկում՚՚։

XS
SM
MD
LG