Մատչելի հղումներ

Նախագահ Բուշը, Դեմոկրատներն ու ահաբեկչությունը


Միացյալ Նահանգներում սկսվել են կոնգրեսական ընտրարշավի ամիսները, ուր գլխավոր խնդիրներն են Իրաքում հակամարտությունն ու ահաբեկչության դեմ պատերազմը։

Դեմոկրատական Կուսակցությունը հույս ունի առաջիկա նոյեմբերին կայանալիք ընտրություններում իր վերահսկողությանը վերադարձնել ներկայումս հանրապետականների կողմից վերահսկվող կոնգրեսը։

Դեմոկրատական Կուսակցության ղեկավարներն անցնող երկուշաբթի հավաքվեցին սենատի սրահներից մեկում, ուր ամերիկացիներին բացեիբաց կոչ արեցին քվեարկել իրենց օգտին։ Սենատոր Դիք Դըրբինն ասաց.

՚՚Երբ ամերիկացիներին հարցնեք, թե արդյո՞ք ժամանակն է մի նոր ուղղության, երեք ամերիկացիներից երկուսը կպատասխանեն դրականորեն՚՚։

Մերիլենդից կոնգրեսական Սթենի Հոյերն ասաց.

՚՚Այն կարծիքին ենք, որ կարիք ունենք նոր ուղղության, եւ որ ամերիկյան ժողովուրդը պատրաստ է դրան՚՚։

Հանգստի կոչված գեներալ Վեսլի Քլարքն ասաց.

՚՚Ժամանակն է փոխելու ուղղությունը, իսկ դա անելու համար պետք է փոխենք ղեկավարությունը՚՚։

Դեմոկրատական Կուսակցության այս անդամները փաստարկում են, որ հանրապետականների քաղաքականությունն Իրաքում չափազանց ծախսալից է։ Այնտեղ զոհվել է 2600-ից ավելի ամերիկացի զինվոր եւ ծախսվել է առնվազն 300 միլիարդ դոլար գումար։

Դեմոկրատներն ասում են, որ ամերիկացիները ներկայումս նվազ անվտանգ են, քան է՛ին պատերազմն Իրաքում 2003 թվականին սկսվելուց առաջ։ Սենատում փոքրամասնության ղեկավար Հարի Ռիդն ասաց.

՚՚Աշխարհի երկրներում կատարվող ահաբեկչական հարձակումների թիվն ավելացել է 400 տոկոսով։ Իրանում, Հյուսիսային Կորեայում եւ անշուշտ Սիրիայում վարչակարգերն ապակայունացրել են Մերձավոր Արեւելքն ու աշխարհը՚՚։

Սպիտակ Տունը հակադարձեց Ազգային ռազմավարության զեկույցի հրապարակմամբ։ Զեկույցում ասվում է, որ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումները կատարվեցին Իրաք ներխուժելուց առաջ։ Նախագահ Բուշն այս մասին անցնող երեքշաբթի մանրամասն խոսեց Բանակի սպաների ընկերակցությունում իր ելույթի ժամանակ.

՚՚Ամերիկյան քաղաքականությունը տասնամյակներ շարունակ ջանում էր խաղաղություն հաստատել Մերձավոր Արեւելքում, կայունություն հետամտելով ազատության հաշվին։ Այդ տարածաշրջանում ազատության բացակայությունն օգնեց ստեղծելու պայմաններ, ուր ավելացան զայրույթն ու վրդովմունքը, բարգավաճեց ծայրահեղականությունը եւ ահաբեկիչները գտան կամավոր նորակոչիկների՚՚։

Նախագահ Բուշը մահմեդական ահաբեկիչներին եւ բռնատիրության գաղափարախոսներին վերջերս բնութագրեց որպես 20-երորդ դարի ֆաշիստների եւ կոմունիստների։ Նախագահն ասաց, որ նրանց դեմ անհրաժեշտ է կռվել Իրաքում, որպեսզի ամերիկացիները չհարկադրվեն կռվելու իրենց երկրում։

Սակայն Դեմոկրատական Կուսակցության անդամ սենատոր Թոմաս Քարփրն ասաց, որ նախագահ Բուշը պետք է ներդնի նույնչափ խանդավառություն, շահագրգռվածություն եւ ժամանակ դիվանագիտության մեջ, որքան ներդնում է զինված հակամարտությունում.

՚՚Նա պետք է դիմի միջազգային համայնքի, արաբական չափավոր կառավարությունների օգնությանը, որպեսզի Իրաքում համաձայնություն միջնորդի աղանդավորական խմբերի միջեւ եւ վերջ դնի քաղաքացիական պատերազմին։ Իսկ մենք պետք է աշխատենք մեր դաշնակիցների հետ, Մերձավոր Արեւելքում խախաղության իրական եւ վստահելի ուղեցույց ստեղծելու համար՚՚։

Ամերիկացիների շրջանում անցկացված հարցախուզների համաձայն, Իրաքում կացությունից քվեատուների դժգոհության հետեւանքով նախագահ Բուշի վարկանիշը 40 տոկոսից նվազ է։ Վերլուծաբաններն ասում են, որ դրա հետեւանքով կենգրեսական դեմոկրատներն առաջիկա նոյեմբերին կայանալիք ընտրություններում թերեւս կհաղթեն։

XS
SM
MD
LG