Մատչելի հղումներ

Իրաքում ձերբակալվել է Ալ-Քայդայի բարձրաստիճան պաշտոնատար


Ամերիկյան եւ իրաքյան զինուժերն անցնող կիրակի ձերբակալել են Իրաքում Ալ-Քայդայի թիվ երկու բարձրաստիճան պաշտոնատարին, սակայն այս լուրին արձագանքը խառն է։

Իրաքի ազգային անվտանգության խորհրդական Մուվաֆաք Ալ-Ռուբեյին անցնող կիրակի հայտարարել է Իրաքում Ալ-Քայդայի պաշտոնատար Համեդ Ջումաա Ֆարիդ Ալ-Սայեդիի ձերբակալության մասին.

՚՚Մենք այսօր հայտարարում ենք հանցագործ Աբու Այուբ Ալ-Մասրիից հետո Ալ-Քայդայի ամենակարեւոր ղեկավարի ձերբակալվելու մասին։ Նա այդ կազմակերպության երկրորդ կարեւորագույն անձն է՚՚։

Իրաքի իշխանություններն այն կարծիքին են, որ Ալ-Սայիդին այս տարվա փետրվարին շիաների հանրահայտ մզկիթներից մեկի ռմբահարումը կազմակերպած անձն է։ Այդ գործողության հետեւանքով սկսվեցին աղանդավորական դաժան բռնարարքներ։ Որոշ թվով իրաքցիներ ողջունեցին նրա ձերբակալությունը.

՚՚Այս անձի ձերբակալությունը կօգնի քաջալերելու կառավարությանը, հանցագործներին հետապնդելու գործում։ Նրա ձերբակալության հետեւանքով Իրաքի ժողովուրդը նաեւ կըմբռնի, որ երկրի կառավարությունն աշխատում է այսպիսի հանցագործների հետապնդելու խնդրում։ Ձերբակալությունն Իրաքի ժողովրդին կդարձնի հոգեբանորեն կայուն՚՚։

Սակայն Սպիտակ Տան հակաահաբեկչության բաժնի նախկին պետ Ռիչարդ Քլարքն այս մասին ասել է.

՚՚Այսպիսով, սա կարեւոր է։ Սակայն դրա կարեւորությունը երկար չի տեւի՚՚։

Պարոն Քլարքը նշել է, որ Ալ-Քայդան շարունակում է արդյունավետորեն գործել Իրաքում, չնայած իր կարեւոր ղեկավարների ձերբակալվելուն կամ զոհվելուն, ինչպիսին օրինակ, Աբու Մուսաբ Ալ-Զարքավին էր։

Իրաքի պաշտոնատարներն ասում են, թե Ալ-Քայդան զգալիորեն թուլացել է։ Սակայն Պենտագոնը խոստովանել է, որ Իրաքում զոհերի թիվը վերջին ամիսներին ավելացել է գրեթե 50 տոկոսով։

Սպանությունների մեծ մասը վերագրվում է շիա մեծամասնության եւ սունի փոքրամասնության միջեւ շարունակվող աղանդավորական բռնարարքներին, ատելություն՝ որն Ալ-Սայիդիի նման անձինք շարունակում են բորբոքել։

XS
SM
MD
LG