Մատչելի հղումներ

Միացյալ Նահանգների ռազմավարությունը Իրաքում


Որոշ թվով ամերիկացի վերլուծաբաններ այն կարծիքին են, որ Միացյալ Նահանգները պետք է փոխի իր ռազմավարությունը, եթե ցանկանում է հասնել Իրաքը կայուն, ժողովրդավարական երկիր դարձնելու իր նպատակին։

Թվում է, բռնարարքային գործողություններին երբեք վերջ չի տրվի։ Այս վերջին միջադեպը տեղի ունեցավ շիաների կրոնական երթերից մեկի ժամանակ։ Դրա հետեւանքով զոհվեցին տասնհինգից ավելի անձինք։ Մի ժամանակ սունի արաբ ապստամբների դեմ մղվող պատերազմն այժմ դառնում է սունիների եւ շիաների միջեւ աղանդավորական արյունալի հակամարտություն, որի կենտրոնում ծուղակված է Միացյալ Նահանգների զինուժը.

՚՚Կարծում եմ, սա կկոչեի դանդաղորեն ծավալվող քաղաքացիական պատերազմ՝՝։

Ջեյմս Ֆիլիպսը Մերձավոր Արեւելքի հարցերով փորձագետ է ՚՚Հերիթիջ՚՚ հաստատությունում.

՚՚Սա ոչ մի դեպքում ամբողջ թափով մղվող քաղաքացիական պատերազմ չէ, քանի որ բռնարարքների ծավալը կլիներ շատ ավելի մեծ։ Սակայն առկա է վտանգ, որ իրադարձությունները կարող են գնալ այդ ուղղութամբ"։

Շիաների հանրահայտ մզկիթներից մեկն այս տարվա փետրվարին ռմբահարվելուց ի վեր աղանդների միջեւ բռնարարքների հետեւանքով զոհվել են հազարավոր անձինք։ Միացյալ Նահանգների բանակի ռազմավարությունը կենտրոնացած է Իրաքի ազգային բանակ ստեղծելու վրա, որպեսզի անվտանգությունը պահպանելու գործում այն փոխարինի ամերիկյան զինուժին։ Սակայն դա թերեւս բավարար չի լինի։ ՚՚Արտաքին հարաբերությունների խորհուրդ՚՚ կազմակերպությունից փորձագետ Սթիվն Բիդլն այս մասին ասել է.

՚՚Մենք կարծում ենք, որ ստեղծում ենք Իրաքի ազգային բանակ։ Սունիների կարծիքով, մենք զինում ենք իրենց շիա ախոյաններին։ Սունիներն Իրաքի ազգային բանակը համարում են լավ սպառազինված եւ հանդերձավորված շիաների զինուժ։ Շիաների զինուժը որքան հզորանում է, այնքան սունիներն ավելի համառորեն են հակադարձում, որը նրանց կարծիքով պատերազմ է սունիների համայնքի գորյատեւման համար՚՚։

Եւ Սունիները հակադարձում են ավտոմեքենաների ռմբահարումներով եւ շիա խաղաղ բնակիչների դեմ այլ հարձակումներով։ Շիա զինուժերը փոխվրեժ են լուծում մահվան ջոկատների նման սունիներին սպանելով։ Երկու աղանդների միջեւ բռնարարքները հանգեցրել են Վաշինգտոնի ռազմավարությունը փոխելու կոչերի։

Դեմոկրատական Կուսակցությունից սենատոր Ջոզեֆ Բայդնն առաջարկել է ծրագիր, որով առաջարկվում է ապակենտրոնացնել Իրաքի կառավարությունը եւ նշանակել ամերիկյան զինուժն Իրաքից դուրս բերելու որոշակի ժամանակացույց։ Սակայն նախագահ Ջորջ Բուշը մերժում է ամերիկյան զինուժը դուրս բերելու որեւէ առաջարկ.

՚՚Որեւէ նշան, որը ցույց կտա, թե պատրաստվում ենք հեռանալ Իրաքից նախքան աշխատանքն ամբողջովին կատարելը, պարզապես կքաջալերի ահաբեկիչներին եւ կասկած կհարուցի մարդկանց շրջանում, ու նրանք չեն փորձի օգնել, որն անհրաժեշտ է քաղաքացիական հասարակության զարգացման համար՚՚։

Իրաքի վարչապետ Նուրի Ալ-Մալիքին փորձում է քաղաքական փոխզիջման հասնել տարբեր խմբերի ներկայացուցիչների հետ, բռնարարքները կանխելու նպատակով։ Սակայն մինչեւ այժմ նա չի հասել նկատելի առաջընթացի։ Իրաքի կառավարությունը թերեւս կարիք ունի հավելյալ ժամանակի, ասում է ՚՚Հերիթիջ՚՚ հաստատության փորձագետ Ջեյմս Ֆիլիպսը.

՚՚1990-ական թվականներին Ալժիրի քաղաքացիական պատերազմի ժամանակ արեւմտյան երկրների մեծամասնությունն այն կարծիքին էր, որ այդ երկրի կառավարությանը չի գոյատեւի իսլամական արմատականների դեմ պայքարում։ Սակայն Ալժիրի կառավարությունը գոյատեւեց եւ այժմ էլ գործում է մասամբ այն պատճառով, որ կայացրեց ընտրություններ, լավ հարաբերություններ հաստատեց ըննդիմադիր որոշ թվով խմբերի հետ. ժամանակի ընթացքում նույնը կարող է իրեն արդարացնել նաեւ Իրաքում՚՚։

Սակայն ժամանակը թերեւս կարող է չբավականացնել։ Ներկայումս, երբ աղանդավորական բռնարարքները հարաճունորեն ավելանում են, Իրաքը թերեւս կհասնի անդառնալի մի կացության, երբ չնայած Վաշինգտոնի ռազմական առաքելության լավագույն ջանքերին, վրեժի փափագը կկործանի խաղաղ գոյակցության հեռանկարները։

XS
SM
MD
LG