Մատչելի հղումներ

Կացությունն Իրաքում


Իրաքում չի նվազում բռնարարքային գործողությունների թիվը, որը նոր, հաճախ բուռն բանավեճ է հարուցում այդ երկրում Միացյալ Նահանգների հանձնառության շուրջ։

Միացյալ Նահանգների զորահրամանատարներն ասում են, թե զինուժերն առաջընթաց են արձանագրում Բաղդադում անվտանգությունն ապահովելու գործում։ Նրանք վկայակոչում են քաղաքի երեք շրջաններում սպանություններն ու ավտոմեքենաներով ռմբահարումները հիսուն տոկոսով նվազելը։

Այս շաբաթվա վերջում Իրաքի բանակի որոշ ստորաբաժանումների ղեկավարումը կհանձնվի Իրաքի կառավարությանը։ Նոր սպաներ են ավարտում դաշնադրային զինուժերի կողմից կառավարվող ռազմական ակադեմիան։ Չնայած առաջընթացին, աղանդավորական բռնարարքների հետեւանքով շարունակում են զոհվել նոր անձինք։

Անցնող երկուշաբթի զոհվեցին առնվազն 40 անձինք, հիմնականում Իրաքի զինվորներ՝ որի մեջ մեղադրվում են շիա մարտիկները։ Բաղդադում ավտոմեքենաների ռմբահարումների հետեւանքով զոհվեցին առնվազն 19 եւ վիրավորվեցին տասնյակ ուրիշներ՝ այդ թվում Իրաքի ոստիկաններ։

Այս ամենը տեղի ունեցավ մեկ շաբաթ տեւած բռնարարքներից հետո, որոնց ընթացքում զոհվեց 70 մարդ, որոնց թվում են ամերիկացի 10 զինվորներ։ Հանրապետական Կուսակցությունից ամերիկացի կոնգրեսական Քրիսթըֆր Շեյզն այս մասին ասել է.

՚՚Կարծում եմ, որ իրենց երկրի անվտանգությունն ապահովելու խնդրում իրաքցիներին լրջորեն ներգրավելու համար անհրաժեշտ է որպեսզի նրանք իմանան, որ Իրաքում չենք մնա երկար ժամանակ, եւ որ չենք կարող մշտապես խոշոր ծախսեր անել այնտեղ, ու չենք պատրաստվում շարունակ զոհեր տալ՚՚։

Պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդը օտար երկրներում կռված ամերիկացի վետերաններին ասաց, որ թշնամին սպասում է, մինչեւ Միացյալ Նահանգները հրաժարվի պայքարից եւ այն կարծիքն է հայտնել, որ ամերիկացիները չեն կարողանում տանել ծանր պայքար.

՚՚Ծայրահեղականներն Իրաքը եւ այնտեղ ներկայումս տեղի ունեցող դեպքերը բացահայտորեն կոչում են ահաբեկչության դեմ պայքարի կենտրոն։ Մինչդեռ ներկայումս, Միացյալ Նահանգներում մարդիկ փաստարկում են հակառակը՚՚։

Հարցերից մեկը, որ Միացյալ Նահանգների բանակի ղեկավարները քննարկում են Իրաքի կառավարության հետ, այն է, թե ե՞րբ եւ ինչպե՞ս դիմակայել իր սեփական բանակն ունեցող շիաների արմատական ղեկավար, հոգեւորական Մոքթադա Ալ Սադրին։

Ամերիկացի գեներալներն ասում են, թե Իրաքի անվտանգության ուժերը պետք է ի վիճակի լինեն գործելու Բաղդադի ամբողջ տարածքում։

XS
SM
MD
LG