Մատչելի հղումներ

Միջուկային էներգիայի ձեռքբերման Իրանի ձգտումները


Իրանն իր միջուկային ծրագրի շուրջ բանակցելու պատրաստակամություն է հայտնել, սակայն չի համաձայնվել ուրանի հարստացման իր ծրագիրը դադարեցնելու Միավորված ազգերի կազմակերության պահանջին։

Աշխարհում նավթի ամենախոշոր պաշարներն ունեցող երկրների թվում Իրանը գրավում է երրորդ տեղը։ Իրանը հարուստ է նաեւ բնական գազի մեծ պաշարներով, ինչը բազմաթիվ երկրների կողմից օգտագործվում է որպես էլեկտրաէներգիայի արտադրության վառելանյութ։ Պատրիկ Քլոսընը, որը վերլուծաբան է Վաշինգտոնի Մերձավոր Արեւելքի հարցերով հաստատությունում, ասում է.

՛՛Միջուկային էներգիա արտադրելը անիմաստ է Իրանի համար, քանի որ դա պահանջում է մեծ ներդրումներ, ինչպես նաեւ ատոմակայանի սառեցման համար ջրի հսկայական պաշարներ, ինչից Իրանը զուրկ է։ Դրանից բացի այժմ կառուցվող ատոմակայանը գտնվում է դեռեւս 197Օ-ական թվականներին հայտնաբերված երկրաշարժային գոտու վրա՝՝։

Իրանի համաձայն, ուրանի հարստացման ծրագիրը հետապնդում է ատոմակայանի համար վառելանյութ արտադրելու նպատակ։ Սակայն հարստացված ուրանը նաեւ միջուկային ռումբի ամենակարեւոր բաղադրիչն է ։ ՄԱԿ-ի ամերիկյան դեսպան Ջոն Բոլթընն ասում է, որ Իրանը կարող է ընտրություն կատարել՝ միջուկային զենքերի ձեռքբերման ծրագրերի շարունակման կամ իր ատոմակայանի համար անհրաժեշտ վառելանյութը միջազգային համայնքից ստանալու միջեւ.

՝՝Իրանը կարող է ընդունել ՄԱԿ-ի առատաձեռն առաջարկը եւ այդպիսով ստեղծել ԱՄՆ-ի եւ այլ երկրների հետ տարբեր հարաբերություններ ունենալու հնարավորություն։ Մենք հստակ ենք դարձրել, որ միջուկային զենքերի արտադրության ձգտումից չհրաժարվելու դեպքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը տնտեսական պատժամիջոցներ կհաստատի Իրանի դեմ՝՝։

Իրանի բնակչության մոտավորապես 4Օ տոկոսն ապրում է ծայրահեղ չքավորության պայմաններում։ Նրանց վիճակը կվատթարանա տնտեսական պատժամիջոցների կիրառման հետեւանքով։ Վերլուծաբան Պատրիկ Քլոսընի համաձայն Իրանի կառավարությունը աջակցում է ատոմակայանի կառուցման նման ծախսալի ծրագրեր, որոնք ժողովրդի վիճակը չեն բարելավում.

՝՝Իրանը ձգտում է փառահեղ ծրագրերի իրագործման, համաշխարհային շուկաներ մուտք գործելուն եւ անտեսում է աշխատատեղեր ստեղծող ու Իրանի ներքին շուկաները ամրապնդող փոքրածավալ ներդրումների կարեւորությունը։ Թերեւս դրանով է բացատրվում այն փաստը, որ նավթի նշանակալից եկումուտ ունեցող երկիր լինելով հանդերձ, Իրանի տնտեսությունը դեռեւս հետամնաց է՝՝։

Վերլուծաբան Քլոսընի համաձայն, վերջին 15 տարիներին, Իրանը չնչին առաջընթաց է կատարել նավթի եւ բնական գազի արտադրության բնագավառում կարեւոր ներդրումներ հրապուրելու գործում։ Խնդիրը կլրջանա, եթե միջազգային համայնքը տնտեսական պատժամիջոցներ իրագործի Իրանի դեմ, միջուկային ծրագրերից չհրաժարվելու Իրանի դիրքորոշման հետեւանքով, ասում է վերլուծաբան Քլոսընը։

XS
SM
MD
LG