Մատչելի հղումներ

Կացությունը Լիբանանում


Լիբանանի բանակի մի ստորաբաժանում ժամանել է Իսրայելի հետ սահման կազմող երկրի հարավի սահմանային տարածք եւ դիրքեր է գրավել գյուղերում, ուր Իսրայելի եւ Հեզբոլահի միջեւ տեղի են ունեցել մարտեր։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից հրադադար հաստատվելու որոշման համաձայն, Բեյրութը Լիթանի գետից դեպի հարավ գտնվող տարածքում տեղաբաշխում է 15 հազարանոց մի զորաբանակ։ Նրանք պարեկելու են մինչեւ 15 հազար զինվոր հաշվող միջազգային մի զինուժի հետ միասին։

Սակայն դեռեւս չի հաստատվել նրանց տեղաբաշխման օրը։ Իտալիայի վարչապետ Ռոմանո Պրոդին ասում է, թե իր երկիրը կուղարկի զինվորներ, սակայն դեռեւս չի որոշվել նրանց թիվը։ Ֆրանսիան հայտարարել է, թե կուղարկի 200 զինվոր։ Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշը հույս ունի որ Ֆրանսիան կհատկացնի ավելի մեծ թվով զինվորներ։.

՚՚Մենք աշխատում ենք Ֆրանսիայի հետ։ Ֆրանսիան մեր բարեկամն ու դաշնակիցն է։ Ֆրանսիան խիստ շահագրգռված է Լիբանանի ապագայով։ Նախագահ Ժակ Շիրակը հստակեցրել է, թե այն կարծիքին է, որ ժողովրդավարությունը Լիբանանում չափազանց կարեւոր է՚՚։

ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնատարներից Մարկ Բրաունը Եւրոպական երկրներին հորդորել է ուղարկել ավելի մեծ թվով զինվորներ։ Նա ասել է, թե միջազգային զինուժում պետք է ընդգրկվեն թե՛ մահմեդական, եւ թե՛ եւրոպական երկրները։

Իսրայելի պաշտոնատարներն ասել են, թե միջազգային զինուժին չեն կարող միանալ Իսրայելը չճանաչող երկրները, որը բացառում է այնպիսի երկրների, ինչպիսիք են, Ինդոնեզիան եւ Մալայզիան, որոնք առաջարկել են զինվորներ։

Մեկ այլ դժվարություն է ՄԱԿ-ի տասնհինգ հազարանոց միջազգային խաղաղապահ զինուժի ստեղծումը, որն ակնկալվում է, թե Լիբանանում կփոխարինի Իսրայելի զինուժին։ Իսրայելի զինուժն անցնող կիրակի առաջացավ Լիբանանի տարածքի խորքը, որը դատապարտվեց ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Կոֆի Անանի կողմից, ով դա անվանեց ՄԱԿ-ի աջակցած հրադադարի խախտում։

Իսրայելի բանակի հրամանատարները գործողությունն անվանել են պաշտպանական, ասելով, թե դա Հեզբոլահի զենքեր փոխադրելը կասեցնելու ջանք էր։ Իսրայելի բանակի հրամանատարությունը հայտարարել է, թե շարունակելու է իր գործողությունները, մինչեւ ՄԱԿ-ի խաղաղաղպահ զինուժը փոխարինի Իսրայելի զինուժին։ Իսրայելի կառավարության ավագ նախարար Իսահակ Հերցոգն այս մասին ասել է.

՚՚Ինչպես բոլորդ քաջատեղյակ եք, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշման որոշ թվով գլխավոր աջակիցներ, ինչպես օրինակ, Ֆրանսիան է, դեռեւս չեն կատարել խաղաղապահ եռանդուն զինուժ ստեղծելու Իսրայելին տված իրենց խոստումը՚՚։

Լիբանանի վարչապետ Ֆուադ Սինյորան շրջագայել է Բեյրութի արվարձաններում, ստուգել է պատճառված վնասը եւ բնակիչներին նախազգուշացրել է զգուշանալ ավերակների մեջ մնացած չպայթած ռումբերից. Ականների դեմ պայքարի համակարգման կենտրոնից Էլիաս Կայալն այս մասին ասել է.

՚՚…մեզ մոտ տեղի են ունենում բազմաթիվ դժբախտ պահարներ, եւ այս շաբաթ տեղի է ունեցել մոտավորապես քսանչորսը, որի հետեւանքով զոհվում են երեխաներ՚՚։

Միաժամանակ, Հեզբոլահը շարունակում է օգնություն առաջարկել ռմբակոծության հետեւանքով իրենց տներից զրկված լիբանանցիներին եւ նրանց առաջարկում է տասներկու հազար դոլար՝ իրենց կյանքը հունի մեջ դնելու համար։

XS
SM
MD
LG