Մատչելի հղումներ

Լիբանանի շրջակա միջավայրը մարտերից հետո


Որոշ թվով փորձագետների համաձայն, Իսրայելի եւ Հեզբոլահի հակամարտության հետեւանքով շրջակա միջավայրի վրա դրա երկարաժամկետ բացասական ազդեցությունը կարող է լինել ավերիչ։

Աշխարհի երկրների ուշադրությունը կենտրոնացած էր Իսրայելի ու Հեզբոլահի միջեւ մարտերի՝ եւ այդ ընթացքում մարդկանց զոհվելու խնդիրների վրա։ Սակայն, ինչպես երեւում է, տարածաշրջանում նաեւ մեծ վնաս հասցվեց շրջակա միջավայրին։

Լիբանանի նախկինում մաքուր ծովափերը սեւացել են նավթից։ Բեյրութից երեսուն կիլոմետր՝ իսկ ծովափից հարյուր մետր հեռավորության վրա գտնվող էլեկտրակայանը ռբակոծության հետեւանքով այրվում էր երեք շաբաթ։ Այն երկինքն աղտոտեց սեւ ծխով եւ էլեկտրակայանից հազարավոր տակառ նավթ արտահոսեց ծով։ Բնապահպանության հարցերով գործիչ Վեյլ Համադանն այս մասին ասում է.

՚՚Եթե սրանից ավելի կարեւոր խնդիրներ չլինեին, ապա նավթի արտահոսքն ու էլեկտրակայանի հրդեհը Միջերկրականի շրջանում կլիներ տարվա ամենակարեւոր նյութը՚՚։

Արբանյակային պատկերներից երեւում է նավթի արագորեն տարածվելը։ Դրանից տուժել է Լիբանանի ծովափի ութսուն կիլոմետրից ավելի մի հատված։ Լիբանանի բնապահպանության նախարարության աշխատակից Պերճ Հաթջանն այս մասին ասում է.

՚՚Լիբանանի ծովափերում նավթի արտահոսքի չափը համազոր է ծովում նավթատար տանկերի սուզվելուն եւ դրանից 20-30 հազար տոննա նավթ ծովափերին հասնելուն՚՚։

Իսկ ՄԱԿ-ի աշխատակից Էդգար Չեհաբն այս մասին ասում է.

՚՚Մենք երկրում չունենք նավթը մաքրելու համապատասխան սարքավորումներ ու գիտելիքներ՚՚։

Նավթի տարածման ազդեցությունը զգում են ձկնորսներն ու ծովային կենդանիները։ Տվյալները խիստ տարբեր են արտահոսած նավթի քանակի եւ պատճառված վնասի մասին։ Նավթի պատճառած վնասը հաշվող ու դրա մաքրման աշխատանքները համակարգող ՄԱԿ-ի փորձագետներն ասում են, որ այս չափի նավթի որեւէ արտահոսք լուրջ հետեւանքներ կունենա շրջակա միջավայրի վրա։

XS
SM
MD
LG