Մատչելի հղումներ

Ռուսաստանի վատ հսկվող միջուկային նյութերը


Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների օրակարգից աստիճանաբար վերանում է Ռուսաստանի՝ աշխարհում ամենավիթխարի զինանոցն ահաբեկչական հարձակումներից պաշտպանելու խնդիրը, որը հղի է լուրջ վտանգներով։

Փորձագետները համաձայն են, որ աշխարհում այսօր ամենալուրջ վտանգներից մեկը խոշոր քաղաքներից մեկում ահաբեկիչների կողմից միջուկային ռումբ պայթեցվելն է։ Ռուսաստանը ներկայումս ունի մոտավորապես 16 հազար միջուկային մարտագլխիկ ու 600 տոննա միջուկային նյութ եւ այն կարծիքն է տիրում, որ այդ երկիրն այդպիսի նյութի արտահոսման հավանական աղբյուր է։

Միջուկայն նյութի մի չնչին քանակություն է անհրաժեշտ ինքնաշեն ռումբ պատրաստելու համար։ Չնայած Ռուսաստանի միջուկային զինանոցը պաշտպանելու միջազգային համայնքի ջանքերին, անցած մի քանի տարում Ռուսաստանում հաղորդվել է միջուկային եւ ռադիոլոգիական նյութեր գաղտնի մաքսանենգվելու առնվազն մի քանի տասնյակ դեպքերի մասին։

՚՚Նյուքլիըր Թրեթ Ինիշըթիվ՚՚ կազմակերպության ավագ խորհրդատու Ռոբերտ Բերլսն ասել է, թե պաշտպանված է Ռուսաստանի միջուկային զինանոցի ընդամենը մի մասը.

՚՚Ռուսաստանն ունի միջուկային զենք պատրաստելու նպատակով օգտագործվող նյութի խոշորագույն պաշարը, որը բավարար է 40 հազարից-80 հազար միջուկային ռումբ պատրաստելու համար։ Եւ պաշտպանված է այդ նյութերի ընդամենը հիսուն տոկոսը՚՚։

Միացյալ Նահանգներն ամեն տարի ծախսում է մոտավորապես կես միլիարդ դոլար՝ աշխարհում սպառնալիքները նվազեցնելու ծրագրերի վրա։ 1990-ական թվականներից ի վեր Ռուսաստանն ու Միացյալ Նահանգներն աշխատել են վերացնել կամ վնասազերծել Ռուսաստանի միջուկային զինանոցը, հրթիռները, ռմբակոծիչները, սուզանավերը։

Սակայն վտանգի մեջ են նաեւ Ռուսաստանի գիտահետազոտական միջուկային ռեակտորները, որոնց մեծամասնութունը վատ է հսկվում, եւ դրանք հազիվ թե կարողանան պաշտպանվել ահաբեկչական հարձակումներից.

"Սա աշխարհի երկրներում տարածված խնդիր է։ Աշխարհում առկա է մոտավորապես 128 գիտահետազոտական ռեակտոր, որոնք համեմատաբար փոքր ռեակտորներ են եւ հաճախ գտնվում են համալսարաններում, կամ գիտահետազոտական ինստիտուտներում՝ ուր կա փոքր քանակության հարստացված ուրան։

Սակայն այս չափազանց հարստացված ուրանը դյուրությամբ կարող է օգտագործվել միջուկային զենքեր պատրաստելու նպատակով, եւ ահաբեկչիները ուրան կարող են ձեռք բերել նաեւ Ռուսաստանի միջուկային խոշոր պահեստներից, կամ այլ տեղերից։ Գիտահետազոտական այս ռեակտորների խնդիրն այն է, որ դրանց անվտանգությունը հիմնականում չափազանց վատ է կազմակերպված ՚։

2002 թվականին, երբ մոտավորապես 40 զինված անձինք գրավեցին Մոսկվայի Դուբրովկայի թատրոնը, ուր գտնվում էր 800 մարդ, պարզվեց, որ ահաբեկիչները նաեւ ծրագրել էին գրավել մայրաքաղաքում գտնվող Կուրչատովի անվան գիտահետազոտական ինստիտուտը, ուր կան գիտահետազոտական մի քանի ռեակտորներ։

Սակայն, չնայած առկա վտանգին, ինչպես թվում է, Ռուսաստանի զինվորականությունը հարաճունորեն ընդդիմանում է Ռուսաստանի միջուկային հաստատությունները պաշտպանելու խնդրում ամերիկացիների չափազանց ներգրավվելուն երկյուղելով, որ այսպիսի տեսչական ստուգումները Միացյալ Նահանգներին արժեքավոր տեղեկություններ կտա Ռուսաստանի զենքերի տեխնոլոգիայի մասին։

Անցյալում Ռուսաստանի պաշտոնատարներն ասել են, որ օտար երկրներին երբեք մարչելիություն չի ընձեռվի առնվազն երկու հաստատությունների՝ Ռուսաստանի խոշորագույն երկու զինագործարաններին, ուր պահվում է այդ երկրի չափազանց հարստացված ուրանի եւ պլուտոնիումի պաշարների մեկ քառորդը։

Միջազգային խաղաղության Կարնեգիի հաստատության աշխատակուգի Ռոզ Գոթեմյուլերն ասել է, թե Ռուսաստանն ու Միացյալ Նահանգներն անցած հինգ տարում նվազեցրել են միջուկային զենանոցի շուրջ նախկինում իրենց եռանդուն երկխոսությունը.

՚՚Մենք շարունակում են մեր զենքերն ուղղած պահել միմյանց վրա։ Այսպիսով, մենք միջուկային մեր զինուժերը տեղաբաշխել ենք, ինչպես վարվում էինք սառըպատերազմի ժամանակաշրջանում, չնայած համարում ենք, որ սպառնալիք այլեւս գոյություն չունի եւ որ ռուսները մեր թշնամիները չեն, ինչպես կարծում էինք անցյալում։

Կարծում եմ, չափազանց կարեւոր է, որպեսզի պատահաբար կամ անզգուշության հետեւանքով չհանգենք միջուկային աղետի, քանի որ երկու երկրների կողմից մինչեւ այժմ միմյանց դեմ ուղղված միջուկային զենքերի արձակումը վայրկյանի հարց է՚՚։

Դիտորդներն ասում են, որ Ռուսաստանի միջուկային զինանոցը ներկայիս արագությամբ կազմաքանդելու դեպքում աշխատանքը կավարտվի մոտավորապես տասնչորս տարում, սակայն, քանի որ ոչ մեկը չգիտի Ռուսաստանի միջուկային զինանոցի իրական ծավալը, ապա դա կարող է տեւել նույնիսկ ավելի երկար։

XS
SM
MD
LG