Իսրայելի եւ Հեզբոլահի միջեւ հարավային Լիբանանում մարտերն առայժմ դադարեցվելուց հետո քաղաքական վերլուծաբանները քննարկում են, թե կողմերից ո՞ր մեկն է հակամարտությունից հետո ավելի կայուն դիրքեր ստացել։
Մեկ ամսից ավելի շարունակված մարտերի հետեւանքով զոհվեցին բազմաթիվ անձինք։ Նոր գնահատականներ են տրվում այն հարցին, թե հակամարտությունն ի՞նչ է նշանակում Լիբանանի ապագայի եւ Մերձավոր Արեւելքի համար։ Նախագահ Բուշի կարծիքով Հեզբոլահը հստակորեն պարտություն է կրել.
՚՚Հեզբոլահն, անշուշտ, ունի քարոզչական արտասովոր մեքենա եւ նրանք պնդում են, թե հաղթել են։ Սակայն նրանք ինչպե՞ս կարող են պնդել թե հաղթել են, երբ մի ժամանակ ՚՚պետության մեջ պետություն էին՚՚, իսկ այժմ փոխարինվելու են Լիբանանի բանակով եւ միջազգային զինուժով։ Հենց այժմ աշխատում ենք Լիբանանի հարավում միջազգային զինուժ տեղաբաշխելու խնդրի վրա՚՚։
Հեզբոլահի զարմանալիորեն սաստիկ դիմադրությունն Իսրայելին արժանացավ բազմաթիվ արաբների աջակցությանը, ովքեր դուրս եկան փողոցներ Հեզբոլահին ի նպաստ ցույցերով։ Ամերիկացի նախկին դիվանագետ Դեյվիդ Նյուտոնի կարծքիքով, եթե այս ռազմաշունչ խումբը նույնիսկ ետ քաշվի հարավային Լիբանանում իր դիրքերից, նրա հեղինակությունն արաբական երկրներում ավելի է բարձրացել.
՚՚Նրանք այժմ համարվում են հերոսներ բազմաթիվ արաբների համար։ Արաբներն Իսրայելի դիմաց իրենց թուլության համար մշտապես իրենց ստորացված են զգացել, եւ ահա խոշոր տրամաչափի զենքեր եւ ինքնաթիռներ չունեցող մի փոքրիկ կազմակերպություն հավասարը-հավասարի պես կռվում է Մերձավոր Արեւելքում ամենահզոր բանակի հետ՚՚։
Սա հետեւանքներ կունենա Իսրայելի համար, ուր որոշ անձինք կասկածի են ենթարկում, թե վարչապետ Էհուդ Օլմերթն արդյո՞ք հաջողութամբ լուծեց ճգնաժամը։ Էլեն Լեյփսոնը Սթիմսոնի կենտրոնի ղեկավարն է.
՚՚Հստակորեն, Հեզբոլահի հետ տեղի ունեցածն Իսրայելին հիշեցնում է, որ ունի հարեւաններ, ովքեր կարող են միջամտել առանձին ապրելու Իսրայելի ցանկությանը։ Կարծում եմ, որ իր արաբ հարեւանների հետ խաղաղորեն գոյակցելու եւ դրական հարաբերություններ ունենալու Իսրայելում առկա գաղափարին իսկապես դժվար է հասնելը՚՚։
Նոր ավարտված համակարտությունը նաեւ հետեւանքներ ունի Միացյալ Նահանգների ու Մերձավոր Արեւելքի վրա։ Վաշինգտոնին քննադատել են, որ չմիջամտեց ավելի վաղ, հրադադար հաստատելու համար։ Նախագահ Բուշը հերքում է քննադատությունը.
՚՚Նախ եւ առաջ, սկզբից ի վեր մենք երկու կողմերին հորդորել ենք զգուշություն ցուցաբերել, որպեսզի չվնասեն անմեղ բնակիչներին։ Երկրորդ, կարծում եմ, որ աշխարհի բազմաթիվ երկրների ղեկավարների մեծամասնությունը Կոնդոլիզա Ռայսին եւ նրա աշխատակիցներին կվերագրի ՄԱԿ-ի որոշումը հաստատելը՚՚։
ՄԱԿ-ի որոշմամբ ծրագրվում է 15 հազարանոց միջազգային զինուժ տեղաբաշխել հարավային Լիբանանում, ապառազմականացված հատուկ գոտին լիբանանյան որոշ թվով զինուժի հետ մեկտեղ պարեկելու համար։ Սակայն Էլեն Լեյփսոնի կարծիքով, դա նույնիսկ իրագործվելու դեպքում հակամարտությունը վնասել է տարածաշրջանում Միացյալ Նահանգների շահերը.
՚՚Կարծում եմ, մարդիկ կքննադատեն Բուշի վարչակազմի այն համոզմունքը, որ Հեզբոլահին հարվածելն ընդհանուր առմամբ զուգահեռ է ամերիկյան շահերին եւ նպատակներին։ Սակայն Միացյալ Նահանգներն այնքան զբաղված է Իրաքով, որ իսկապես միջոցներ, ժամանակ չունի ուշադրություն նվիրելու երկար ժամանակից ի վեր առկա ավելի փոքր հակամարտություններին՚՚։
Սակայն, որոշ թվով դիտորդների կարծիքով, Լիբանանն ու նրա վարչապետ Ֆուադ Սինյորան համակարտությունից հետո թերեւս կարող են ավելի մեծ կարեւորություն ձեռք բերել։ Այդ դեպքում Լիբանանը կունենա ավելի մեծ վերահսկողություն իր տարածքի վրա, մինչ Հեզբոլահի իշխանությունը որպես ՚՚պետության մեջ պետություն՚՚ կարող է նվազել։