Մատչելի հղումներ

Իսրայելը սաստկացնում է իր հարձակումը


Լիբանանում ցամաքային իր հարձակումը ծավալելու Թել Ավիվի որոշումից հետո իսրայելյան մեծ թվով տանկեր Լիբանանի տարածքում առաջանում են սաստիկ հրետակոծության պաշտպանության ներքո։

Իսրայելի ցամաքային զինուժերը մտել էին Լիբանանի տարածք վեցից-ինը կիլոմետր։ Այս նոր ծրագրով նախատեսվում է հարձակումը շարունակել մինչեւ ռազմավարական նշանակության Լիթանի գետը, որը գտնվում է 22 կիլոմետր հեռավորության վրա։

Սա Իսրայելի զինուժին հնարավորություն կտա վերագրավելու տասնութ տարի իրենց վերահսկողության ներքո գտնված մի շրջան, որտեղից հեռացան 2000 թվականին։ Ալոն Բեն Դեյվիդը ՚՚Ջեյնս Դիֆենս՚՚ պարբերականի ռազմական հարցերով թղթակիցներից է.

՚՚Իսրայելցիների կարծիքով, իրենք ռազմական այս գործողությամբ մինչեւ այժմ ոչնչի չեն հասել՚՚։

Իսրայելի հասարակայնության հարաճուն ճնշման հետեւանքով, ովքեր ցանկանում են իմանալ թե երբ է ավարտվելու այդ ամենը, եւ Հեզբոլահը դեռեւս ինչու՞ է ի վիճակի հրթիռներ արձակել Իսրայելի վրա, Իսրայելի բանակը փոխարինել է մի բարձրաստիճան հրամանատարի։

Լիբանանի հեռուստատեսությամբ չորեքշաբթի օրը ելույթ է ունեցել Հեզբոլահի ղեկավար Հասան Նասրալահը, ով նախազգուշացրել է, որ Հարավային Լիբանանն իսրայելցիների համար կդարձնի ՚՚գերեզմանոց՚՚։

Չնայած Հարավային Լիբանանում քաղաքացիական բնակչության շրջանում մեծ թվով զոհերին, ինչպես օրինակ տեղի ունեցավ սկզբում Քանա գյուղում, իսկ այնուհետեւ Բեյրութի առեւտրական թաղամասերից մեկում, Իսրայելի այս հարձակմանն աջակցում է իսրայելցիների մեծամասնությունը, որի պատճառը պարզ է։ Ալոն Բեն Դեյվիդն ավելացնում է.

՚՚Մենք լրջորեն չենք վնասել Հեզբոլահին որպես մարտունակ զինուժ, եւ դա դեռեւս պետք է իրագործվի՚՚։

Այսպիսով, չորսշաբաթյա հարձակման ընթացքում ՚՚Կատյուշա՚՚ հրթիռները դեռեւս արձակվում են Լիբանանի սահմանից։ Այս իսկ պատճառով իսրայելցիները գոհ չեն իրենց բանակի ներկայիս գործողության որեւէ դադարից։

Միաժամանակ, Բեյրութ են հասել խիստ անհրաժեշտ օգնության ապրանքներով բեռնված ինքնաթիռներ։

Սակայն մարդասիրական աշխատանք տանող կազմակերպությունները հայտնել են, թե իրենց օգնության աշխատանքները խոչընդոտվել են Իսրայելի կողմից կամուրջներն ու ճանապարհները ռմբակոծվելու հետեւանքով, որի պատճառով չեն կարողանում հասնել Հարավային Լիբանանի ամենաշատը տուժած շրջանները։ Մոհամեդ Մամլուկը օգնության միջազգային համակարգող է.

՚՚ Երբ խոսում ենք Լիբանանի հազիվ չորս միլիոն կազմող բնակչությունից մեկ միլիոնն անօթեւան դառնալու մասին, դա բնակչության մեկ քառորդն է։ Դա նաեւ հետեւանքներ կունենա երկարաժամկետ առումով, քանի որ ժամանակ կպահանջվի մինչեւ մարդիկ կարողանան վերանորոգել իրենց գյուղերը, տներն ու քաղաքները։ Սա իրականում աղետ է՚՚։

Շրջակա միջավայրի պաշտպանության գործիչները նախազգուշացնում են, որ Լիբանանի առափնյա մասերում նավթի արտահոսքը մեկ այլ հավանական աղետ է։ Դա տեղի ունեցավ անցյալ ամիս, Բեյրութի հարավային մասում գտնվող նավթամշակման գործարաններից մեկը Իսրայելի կողմից ռմբակոծվելու հետեւանքով։

Լիբանանի բնապահպանության նախարարության խոսնակ Պերճ Հաթջանը նախազգուշացրել է, որ բազմաթիվ անձինք կարող են տուժել առողջական խնդիրներից.

՚՚Սա անմիջական ազդեցություն կգործի հասարակության առողջության վրա, քանի որ այս կարգի աղտոտվածության ենթարկված անձինք կարող են ձեռք բերել մաշկային հիվանդություններ՚՚։

ՄԱԿ-ը նշել է, որ շրջակա միջավայրի մաքրման աշխատանքները չեն կարող սկսվել, մինչեւ մարտերը չավարտվեն եւ Լիբանանի կառավարությունը չթույլատրի։

XS
SM
MD
LG