Իսրայելի անվտանգության խորհուրդը հաստատել է Լիբանանում Հեզբոլահի դեմ ցամաքային ավելի լայնածավալ հարձակում գործելու մի որոշում։ Միաժամանակ, հրադադար հաստատելու ՄԱԿ-ի որոշման շուրջ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի տարակարծության հետեւանքով հետաձգվում է այդ խնդրի շուրջ Անվտանգության խորհրդի որոշումը։
Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակն իր երկրի հարավային մասում կազմակերպված մամլո ասուլիսում քննադատել է Իսրայելի եւ Հեզբոլահի միջեւ անհապաղ հրադադար հաստատելու հարցն առաջ մղելու գործում Միացյալ Նահանգների վերապահությունները։
Նախագահ Ժակ Շիրակն ասել է, թե ՄԱԿ-ի Անվտանգութան խորհրդին հանձնված Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի համատեղ որոշման նախագիծը պետք է հաշվի առնի փոփոխություններ կատարելու Լիբանանի եւ արաբական երկրների պահանջը, սակայն չի մանրամասնել, թե որոնք են այդ փոփոխությունները։
Լիբանանն ընդդիմանում է այդ որոշման նախագծին, քանի որ այնտեղ չի պահանջվում ետ քաշել Իսրայելի զինուժը։ Բեյրութն առաջարկում է տեղաբաշխել լիբանանյան 15 հազարանոց զինուժ, երկրի հարավում ՄԱԿ-ի մի ընդլայնված զինուժի հետ աշխատելու եւ Լիբանանի ու Իսրայելի սահմանը պարեկելու համար։
Պարոն Շիրակն ասել է, թե Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի պաշտոնատարներն ամեն օր շփվում են հակամարտությունը լուծելու ուղիներ գտնելու համար։ Միացյալ Նահանգների արտգործնախարարի օգնական Դեյվիդ Վելչը Բեյրութում հանդիպել է Լիբանանի վարչապետ Ֆուադ Սինյորայի հետ։
Երեկ կայացած հանդիպումից առաջ, պարոն Սինյորան դրվատել է Հեզբոլահի ընդդիմությունը, սակայն Լիբանանին կոչ է արել ՚՚երկրի տարածքում ամբողջովին հաստատել իր իշխանությունն ու ներկայությունը՚՚, ինչպես նշված է ՄԱԿ-ի նախորդ որոշումներում, ուր Լիբանանի կառավարությանը նաեւ կոչ է արվում զինաթափել Հեզբոլահին։
Չնայած դիվանագիտական ջանքերին, Իսրայելն ու Հեզբոլահը երեկ միմյանց դեմ գործել են նոր հարձակումներ։ Իսրայելի ռազմօդանավերը մի քանի օդային հարձակումներ են գործել, որոնցից մեկի ժամանակ Լիբանանի հարավում գտնվող Պաղեստինյան գաղթականական ճամբարներից մեկում զոհվել են առնվազն երկու անձինք։
Միաժամանակ, Հեզբոլահի մարտիկները նոր հրթիռներ են արձակել Իսրայելի հյուսիսային բնակավայրերի վրա։ Դրանց հետեւանքով զոհեր չեն եղել։ Իսրայելը երեկ գիշեր վերստին հարվածել է Լիբանանի մայրաքաղաքի հարավային թաղամասերին։
Հուլիսի տասներկուսին իսրայելցի երկու զինվոր Հեզբոլահի կողմից առեւանգվելու պատճառով սկսված մարտերի հետեւանքով զոհվել են մոտավորապես 900 լիբանանցիներ եւ հարյուր իսրայելցիներ։