Մատչելի հղումներ

Խաղաղապահներ Լիբանանու՞մ


Վերլուծաբանների կարծիքով, Լիբանանի պատմության վերջին ժամանակաշրջանում այդ երկրի եւ Իսրայելի միջեւ պատերազմների հետեւանքով այնտեղ անհրաժեշտ է ակտիվացնել միջազգային խաղաղապահ գործունեությունը։

Իսրայելի ռմբակոծության հետեւանքով լուսավորվում է Բեյրութի գիշերը։ Երկրին պատճառված նյութական վնասն ու նրա բնակիչների տառապանքը նկատելի է օրեցօր։ Իսկ Հեզբոլահի հրթիռներն ավելի ու ավելի խորն են հարվածում Իսրայելի տարածքում, ավերելով այդ երկրի շենքերը եւ սպանելով քաղաքացիական անձանց։

Հեզբոլահի եւ Իսրայելի միջեւ կրակափոխանակությունն ուղեկցվում է միմյանց հասցեյին խիստ արտահայտություններով։ Հեզբոլահի ղեկավարը, Շեյխ Հասան Նասրալահը սպառնացել է հարվածել Թել Ավիվին, եթե Իսրայելը չդադարեցնի իր հարձակումները Բեյրութի կենտրոնի վրա։

Իսրհայելի վարչապետ Էհուդ Օլմերթը խոստացել է շարունակել Հեզբոլահի դիրքերի ռմբակոծումը, մինչեւ միջազգային մի զինուժ տեղակայվի Իսրայելի եւ Լիբանանի միջեւ սահմանում։

Միաժամանակ, դիվանագետները ջանում են լուծում գտնել հակամարտությանը։ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Կոֆի Անանն առաջարկել է իր ծրագիրը Հայիթի կատարած, եւ Լիբանանի դեպքերի հետ կապ չունեցող իր ուղեւորության ժամանակ, Լիբանանի խորհրդարանում մեծամասնության ղեկավարը Մոսկվայում խորհրդակցում է Ռուսաստանի պաշտոնատարների՝ իսկ ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Բոլթոնը Նյու Յորքում հանդիպում է ֆրանսիացի իր պաշտոնակցի հետ։

Ֆրանսիան պնդում է, որ Լիբանանում նախ պետք է հաստաստվի հրադադար, որին պետք է հաջորդի միջազգային զինուժի տեղակայումը։ ԱՄՆ-ը ցանկանում է, որպեսզի սկզբում տեղակայվի խաղաղապահ զինուժ, չնայած դեսպան Բոլթոնն ասում է, թե ամերիկյան զինվորները մաս չեն կազմի այդ զինուժին.

՚՚Ամերիկյան զինվորների տեղակայումն այդ զինուժում երբեք չի եղել մեր ծրագրում՚՚։

ՄԱԿ-ը 1978 թվականին ստեղծեց ժամանակավոր զինուժ Լիբանանում։ Միացյալ Նահանգների բանակի կենտրոնական հրամանատարության ներկայիս ղեկավար Ջոն Աբիզայդը 1980-ական թվականներին ծառայել է այդ զինուժում։

Նա անցած հինգշաբթի սենատում կայացած ունկնդրության ժամանակ հայտնել է, թե ՄԱԿ-ի զինուժն ի վիճակի չի եղել իրագործելու Լիբանանում խաղաղություն եւ անվտանգություն ապահովելու իր առաքելությունը։ Նա ավելացրել է, որ անհրաժեշտ է արտաքին զինուժ, իր բնութագրմամբ, ՚՚ներգրավվելու եռանդուն կանոնների՚՚ համար.

՚՚Ներգրավվելու եռանդուն կանոնները նշանակում են, որ այդ զինուժի հրամանատարն ի վիճակի է իրականացնելու միջազգային համայնքի կողմից իրեն տրված լիազորությունը, որոնց թվում են իր զինուժի տրամադրության ներքո եղած բոլոր հնարավոր միջոցները։

Կարծում եմ, որ Լիբանանի հարավային մասի դեպքում զինուժը պետք է ունենա նաեւ ոչ միայն փոքր՝ այլեւ խոշոր տրամաչափի ամեն կարգի զենք՚՚։ Գեներալ Աբիզայդն ասել է, թե Լիբանանի համար կարեւոր է ունենալն իր տարածքի հարավային մասը վերահսկող Հեզբոլահի բանակից ավելի հզոր բանակ։

Գեներալն ասել է, որ միջազգային զինուժը Լիբանանի բանակին կարող է օգնել երկրի ինքնիշխանությունը տարածել հարավում։ Սակայն գեներալն ավելացրել է, որ միջազգային զինուժի ներգրավվածության չափը կախված կլինի դիվանագետների որոշումներից։

XS
SM
MD
LG