Մատչելի հղումներ

Էներգետիկայի խնդիրներին նվիրված համաժողով Վաշինգտոնում


Էներգետիկայի խնդիրներն այժմ որոշիչ դեր են խաղում քաղաքական որոշումների կայացման ժամանակ։ Այդ առնչությամբ Վաշինգտոնում վերջերս տեղի ունեցավ ՝՝Կասպից ծովի տարածաշրջանից էներգիայի պաշարների արտահանումը եւ Սեւծովյան միջանցք՛՛ թեմայով համաժողով։

Վաշինգտոնում տեղի ունեցած էներգետիկայի հարցերին նվիրված համաժողովին ներկա էին բարձրաստիճան քաղաքական գործիչներ եւ ձեռներեցներ։

Իր բացման խոսքում ԱՄՆ արտգործնախարարի օգնականի տեղակալ Սթիվեն Մաննը նշել է, որ Բաքու-Ջեյհան նավթատարի բացումը ցույց է տալիս, որ Կասպից ծովի տարածաշրջանում էներգիայի պաշարների մշակման առաջին փուլն ավարտված է։ ՝՝Այժմ պետք է լուրջ աշխատանքներ տարվեն հաջորդ փուլի շրջանակներում։ Էներգիայի պաշարների Եվրոպա առաքման համար նավթատարերի անցկացման մի քանի մրցակից ծրագրեր գոյություն ունեն, որոնք շրջանցում են Բոսֆորի նեղուցը։ Դրանց հանդեպ ԱՄՆ-ի դիրքորոշումը հստակ է. մենք դրանց հաջողություն ենք ցանկանում՛՛, եզրափակելով ասել է Սթիվեն Մաննը։

Ռումինիայի նախագահ Տրայան Բեսեսկուն նշեց, որ ռուսական գազի առաքման հետ կապված վերջին իրադարձությունները լուրջ ահազանգ էին եվրոպական պետություններին, որպեսզի նրանք էներգիայի նոր աղբյուրների եւ դրանց փոխադրման նոր տարբերակներ փնտրեն՝ շրջանցելով Ռուսաստանը.

՝՝Առանց էներգիայի պաշարների առաքման աղբյուրները փոխելու փորձեր կատարելու նավթատարերի եւ գազատարերի կառուցումը մեծ սխալ կլինի։ Այդ իսկ պատճառով Կասպից ծովի տարածաշրջանը կարող է Եվրոպային նավթով եւ գազով ապահովելու իրատեսական այլընտրանք լինել։՛՛
Ռումինիան առաջարկում է իր տարածքով անցնող տարանցիկ նավթատարներ կառուցել՝ երաշխավորելով Եվրոպա էներգիայի առաքման անվտանգությունն ու հուսալիությունը։ Եվրոպական Միությունը եւ Միացյալ Նահանգներն այդ ծրագրերին հավանություն են տվել։

Ջեյմս Թաուն հիմնադրամի վերլուծաբաններից Վլադիմիր Սոկարը նշել է.

՝՝Ռուսաստանով անցնող նավթատարի կառուցումն անիմաստ է։ Եվրոպայի էներգետիկ անվտանգության տեսանկյունից անհրաժեշտ է, որպեսզի Ղազախստանի նավթը Ռումինիա մտնի կամ Վրաստանով կամ էլ Ադրբեջանով։՛՛

Ջեյմս Թաուն հիմնադրամի նախագահ Գլեն Հովարդը հետեւյալ կերպ է գնահատում Ռումինիայի դերը այս առնչությամբ.

՝՝Ռումինիան մեծ պետություն է, որը գտնվում է Սեւ ծովի ափին։ Լինելով ՆԱՏՈ-ի անդամ՝ Ռումինիան շատ կարեւոր ռազմավարական դեր է խաղում ՆԱՏՈ-ի նոր ռազմավարության շրջանակներում։ Այժմ ՆԱՏՈ-ի ուշադրության կենտրոնում Արեւելքն է եւ այն մեծ դեր է խաղում Եվրոպա գազի եւ նավթի փոխադրման անվտանգության ապահովման գործում։՛՛

Սթիվեն Մաննը հետեւյալ կերպ է նկարագրել Կասպից ծովի տարածաշրջանի էներգիայի պաշարների ծրագրերի հաջորդ փուլը.

՝՝Երկրորդ փուլը կներառի նոր աղբյուրների՝ օրինակ Կաշագանի աղբյուրի հետազոտությունը եւ մշակումը։ Չափազանց կարեւոր է լրացուցիչ հետազոտություններ իրականացնել Կասպից ծովի հյուսիսային եւ նաեւ, հուսով եմ, հարավային շրջաններում՝ Ադրբեջանի եւ Թուրքմենստանի մասնակցությամբ։ Եւ իհարկե կծագի առաքման խնդիրը։ Այսպիսով, արդեն իսկ ծանրաբեռնված Բոսֆորի նեղուցը շրջանցող խողովակաշարերի կառուցումը զարգացման հաջորդ փուլի կարեւորագույն տարրերից է։՛՛

Պարոն Սոկարը նշել է, որ Ռուսաստանը հաճախ Արեւմուտքին մեղադրում է, որ նավթատարերի եւ գազատարերի կառուցումը քաղաքականացվում է այն դեպքում, երբ դրանք պետք է զուտ տնտեսական որոշումներ լինեն.

՝՝Դա խեղաթյուրող սահմանափակում է։ Այդ որոշումները եւ՛ քաղաքական եւ՛ տնտեսական պետք է լինեն հատկապես գազի առեւտրի բնագավառում։ Նմանապես, երբ արեւմտյան ղեկավարներն ասում են, որ օրինակ Բաքու-Ջեյհան նավթատարը քաղաքական չէ, այլ պարզապես տնտեսական, դա այդպես չէ։ Բոլոր այդ որոշումները քաղաքական եւ ռազմավարական են։՛՛

Խողովակաշարերի կառուցման որոշումների կայացման քաղաքական եւ տնտեսական շարժառիթները թերեւս մնում են վիճահարույց։

XS
SM
MD
LG