Մատչելի հղումներ

Ալ-Մալիքին Միացյալ Նահանգների կոնգրեսում


Իրաքի վարչապետ Նուրի Ալ-Մալիքին Միացյալ Նահանգների կոնգրեսի համատեղ նիստում անցնող չորեքշաբթի հայտարարել է, որ Իրաքն ահաբեկչության դեմ պատերազմում ճակատային գիծն է եւ Վաշինգտոնում ջանացել է Միացյալ Նահանգների աջակցությունն ապահովել Իրաքի նոր կառավարության համար։

Իրաքի վարչապետ Նուրի Ալ-Մալիքին Միացյալ Նահանգների Կոնգրեսում իր ելույթը սկսեց ՚՚բռնապետությունը տապալելու՚՚ եւ ժողովրդավարական Իրաք կառուցելուն օգնելու համար ամերիկյան ժողովրդին ուղղված շնորհակալական խոսքով.

՚՚Իրաքը չի մոռանա նրանց, ովքեր նրան սատար կանգնեցին եւ շարունակում են սատարել նրան իր դժվարին պահին՚՚։

Պարոն Մալիքին Միացյալ Նահանգների օրենսդիրներին հավաստիացրեց, որ իրաքցիները նրանց դաշնակիցներն են աշխարհում ահաբեկչության դեմ պայքաքում։ Նա ասաց, որ Իրաքի ճակատագիրը կապված է Միացյալ Նահանգների ճակատագրին եւ որ Իրաքում ահաբեկչությունը սպառնալիք է աշխարհի բոլոր ազատ երկրների համար.

՚՚Սա պայքար է իրական Իսլամի, որի համար որեւէ անձի ազատությունն ու իրավունքները համարվում են կարեւորագույն գործոններ, եւ ահաբեկչության միջեւ, որն իրեն պարուրում է Իսլամական կեղծ արժեքներով՚՚։

Օրենսդիրները պարոն Մալիքիի ելույթը հաճախ ընդհատում էին ծափահարություններով։ Սակայն ՚՚Միացյալ Նահանգների զինուժերն այժմ պետք է տուն վերադառնան՚՚ գրությամբ կիսաթեւ վերնաշապիկ հագած մի բողոքարար կարճ ժամանակ խանգարեց նրա ելույթը.

Պարոն Մալիքին չնշեց Իսրայելի ու Հեզբոլահի միջեւ հակամարտության առնչությամբ Վաշինգտոնի հետ իր տարակածության մասին։ Սենատում եւ Ներկայացուցիչների Պալատում որոշ թվով դեմոկրատ օրենսդիրներ անցնող երեքշաբթի ասել են, թե վշտացած են պարոն Մալիքիի վերջերս արած հայտարարությունից, որով դատապարտել է, իր բնութագրմամբ, Իսրայելի նախահարձակ լինելը։

Դեմոկրատական Կուսակցությունից առաջատար սենատոր Հարի Ռիդն անցած երեքշաբթի ելույթ ունեցավ պարոն Մալիքիի ճառից առաջ.

՚՚Նրա հայտարարություններն անհանգստացնող են։ Դրանք լուրջ մտահոգություն են հարուցում այն խնդրի շուրջ, թե Իրաքը, որը ենթադրվում է թե պետք է լինի մեր դաշնակիցը, արդյոք կարո՞ղ է ստեղծարար դեր ունենալ ներկայիս ճգնաժամը լուծելու գործում եւ կայունություն բերել Մերձավոր Արեւելքում՚՚։

Դեմոկրատական Կուսակցությունից որոշ թվով սենատորներ հիասթափություն հայտնեցին, որ պարոն Մալիքին չդատապարտեց Հեզբոլահին, որին Վաշինգտոնը համարում է ահաբեկչական կազմակերպություն։ Սակայն Սպիտակ Տան մամլո քարտուղար Թոնի Սնոուն ասել է, թե պարոն Մալիքին ինքնիշխան պետության ընտրված ղեկավարն է եւ իրավունք ունի տեսակետ արտահայտելու.

՚՚Մենք վարչապետին չենք ասի թե ինչ տեսակետ պետք է արտահայտի, եւ նրան չենք ասի, որ պետք է հայտարարություն անի Հեզբոլահի դեմ՚՚։

Կոնգրեսում իր ելույթից հետո պարոն Մալիքին եւ նախագահ Ջորջ Բուշը մայրաքաղաք Վաշինգտոնի մերձակայքի բանակային հենակայաններից մեկում հանդիպեցին Միացյալ Նահանգների զորամասերից մեկի մարտիկների հետ։

Պարոն Բուշն ասաց, որ Իրաքի վարչապետի հետ կաշխատեն ահաբեկիչներին արդարադատության առջեւ կանգնեցնելու համար.

՚՚Այդ իսկ պատճառով մենք մեր լավագույն քաղաքացիների որոշ մասին ուղարկել ենք օգնելու Ձեզ։ Պարոն վարչապետ, մենք ցանկանում ենք, որպեսզի հաջողության հասնեք։ Ձեր հաջողության հասնելը բխում է մեր երկրի շահերից։ Եւ վստահ եմ, որ հաջողության կհասնենք՚՚։

Պարոն Մալիքին Միացյալ Նահանգների զինուժի անձնակազմին ասաց, որ բարձր է գնահատում Իրաքում զոհված անձանց հարազատների տառապանքները, եւ որ իրաքցիները երբեք չեն մոռանա նրանց զոհաբերությունը։

XS
SM
MD
LG