Նախագահ Ջորջ Բուշն այսօր, հուլիսի քսանհինգի առավոտյան Սպիտակ Տանը Իրաքի վարչապետ Ալ-Մալիքիի հետ հանդիպման ժամանակ ասել է, թե Բաղդադում կավելացնի ամերիկյան զինվորների թիվը, որպեսզի զսպի հատվածախմբերի միջեւ բռնարարքները։
Սա նախագահ Բուշի եւ Իրաքի վարչապետի միջեւ երկրորդ հանդիպումն է։ Երկու ղեկավարների միջեւ բանակցությունների օրակարգում դրված էր Իրաքում շարունակվող բռնարարքների խնդիրը։
Պարոն Բուշը հանդիպման ժամանակ ասել է, թե Բաղդադի սահմաններից անդին ռազմական կացության բարելավման շնորհիվ հնարավոր է դարձել Իրաքի այլ շրջաններից մայրաքաղաք մտցնել ամերիկյան զինվորական ոստիկանության եւ այլ զինուժեր։
Նախագահը թղթակիցներին հայտնել է, թե վարչապետ Նուրի Ալ-Մալիքիի հետ միասին ծրագիրը քննարկել է Սպիտակ Տանը։ Պարոն Մալիքին ասել է, թե անվտանգության նոր ծրագրի գլխավոր նպատակը կրոնական խմբերի միջեւ բռնարարքները զսպելն է։
Նախագահ Բուշը հայտնել է, թե Սպիտակ Տանը պարոն Մալիքիի հետ կայացած բանակցությունները ՚՚դրական էին՚՚ եւ վարչապետին հավաստիացրել է, որ Միացյալ Նահանգների կառավարությունը կանգնած է Իրաքի ժողովրդի կողքին։ Պարոն Բուշն ասել է, թե Իրաքի ընտրված ղեկավարի ողջունելը հրաշալի եւ պատմական պահ էր։
Հունիսին Բաղդադ կատարած իր անակնկալ այցելության ժամանակ նախագահ Բուշի դրվատած անվտանգության ծրագիրն իրեն չի արդարացնում, եւ այն վերստին մշակվելու է։ Սպիտակ Տան մամլո քարտուղար Թոնի Սնոուն այս մասին ասել է.
՚՚Մենք աշխատում ենք Իրաքի կառավարության հետ եւ ասում ենք. ՚՚շատ լավ, ի՞նչ եք ցանկանում որ անենք։ Ի՞նչ կարող ենք անել Բաղդադի այդ թաղամասերը գնալու, աղանդավորական բռնարարքների դեմ պայքարելու համար, սակայն միաժամանակ առնչվելով այն փաստին, որ որոշ դեպքերում դրանք խուլիգանների հրոսակախմբեր են՚՚։
Միաժամանակ, դեմոկրատները պարոն Մալիքիին ուղարկել են նամակ, ուր պահանջել են Վաշինգտոնի աջակցությանն իր կառավարության արժանի լինելն ապացուցել Լիբանանի Հեզբոլահ ռազմաշունչ խմբին դատապարտելով։
Նամակում ասվում է, որ Մալիքիի կառավարության հայտարարությունը, որով դատապարտվում են Իսրայելի հարձակումները, նշանակում է աջակցել ահաբեկչությանը։ Երկու օր առաջ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլէրի հետ հանդիպման ժամանակ պարոն Մալիքին ասել է, թե համակարտության հետեւանքով ամբողջ տարածաշրջանը դարձել է անկայուն։
՚՚Այն, ինչը տեղի է ունենում Լիբանանում, ինչն Իրաքում մենք եւ այլ իրաքցիներ դիտում ենք հեռուստատեսությամբ, կներգործի Իրաքում կայունության գործընթացի վրա՚՚։
Կոնգրեսում Դեմոկրատական Կուսակցության անդամները պահանջում էին, որպեսզի պարոն Մալիքին Հեզբոլահին դատապարտի մինչեւ հուլիսի 26-ը, երբ ծրագրի համաձայն, այդ օրը ելույթ է ունենալու կոնգրեսի երկու պալատների համատեղ նիստում։