Մատչելի հղումներ

Լիբանանյան ծագմամբ ամերիկացիները մտահոգված են


Մերձավոր Արեւելքի ներկայիս ճգնաժամը հատկապես դժվար է Լիբանանյան ծագմամբ ամերիկացիների համար։ Արաբական ծագմամբ բազմաթիվ ամերիկացիներ վերջերս հանդիպեցին մայրաքաղաք Վաշինգտոնում, ամերիկացի կոնգրեսականներին իրենց մտահոգությունները հայտնելու համար։

Վերջերս արաբական ծագմամբ 100-ից ավելի ամերիկացիներ էին եկել մայրաքաղաք Վաշինգտոն, իրենց բնութագրմամբ, հրատապ խորհրդաժողովի մասնակցելու եւ Մերձավոր Արեւելքի ճգնաժամի շուրջ իրենց մտահոգությունը հայտնելու համար։

Նրանք կոչ արեցին անհապաղ դադարեցնել մարտերը։ Ջեյմս Զոգբին Արաբ-ամերիկյան ինստիտուտի նախագահն է.

՚՚Քաղաքական խնդիրներին ռազմական լուծում չկա՚՚։

Բոլորը համաձայնեցին նախագահ Բուշի հետ, որ այս ճգնաժամը սկսել է Հեզբոլահը, եւ որ Իսրայելն ունի պաշտպանվելու իրավունք։ Սակայն խորհրդաժողովի բազմաթիվ մասնակիցներ այն կարծիքին են, որ Իսրայելի արձագանքը չափազանց հեռուն է գնացել։ Հայեդա Սաադը լիբանանյան ծագմամբ ամերիկուհի է.

՚՚Ամերիկյան հասարակությունն այն մտայնության է, որ լիբանանյան ծագմամբ ամերիկացիներն այն կարծիքին են, թե Իսրայելն ունի պաշտպանվելու իրավունք։ Այստեղ խնդիրն իրականում այն է, թե արդյո՞ք պատշաճ է թիրախի տակ վերցնելը քաղաքացիական բնակչությանը եւ Լիբանանի ենթակառույցները։ Դա ավելի է վնասում Իսրայելին՚՚։

Աբաս Յուսեֆը լիբանանյան ծագմամբ, Միչիգանում ապրող ամերիկացի է։ Նա ասում է, թե մինչ Հեզբոլահը թերեւս ստեղծել է ներկայիս ճգնաժամը, խնդրի արմատը Իսրայելի եւ Պաղեստինցիների միջեւ տարածքների շուրջ 58 տարի շարունակվող կացությունն է։

՚՚Խնդիրն այն է, որ վեճ ունենք տարածքների շուրջ։ Առկա են պաղեստինցիները, ովքեր պետություն չունեն։ Նախագահ Բուշը չշարունակեց խաղաղության գործընթացը եւ ցավալի է, որ այդ դիրքում գտնվող նախագահը գրավում է այդ դիրքորոշումը՚՚։

Խորհրդաժողովի մասնակիցները նաեւ ունեցան Կոնգրեսի մի քանի անդամների հետ իրենց մտահոգությունների շուրջ զրուցելու հնարավորություն։ Նրանք ասում են, թե անհրաժեշտ է, որպեսզի Միացյալ Նահանգների պաշտոնական շրջանակներն ավելի մեծ ուշադրություն դարձնեն արաբական ծագմամբ ամերիկացիների կարծիքին։ Էլեզաբեթ Այուբն արաբական ծագմամբ արվեստագետ է.

՚՚Մեզ անհրաժեշտ է գումարներ հանգանակել։ Ես միշտ ասել եմ այդ մասին, եւ խորհել եմ դրա շուրջ։ Դրամը համարժեք է իշխանության։ Դա նաեւ միջոց է։ Անհրաժեշտ է նաեւ մերձենալ մեծ իշխանություն ունեցող անձանց, պատգամը տեղ հասցնելու համար։ Սակայն այդ անձանց մերձենալն ու բավարար իշխանություն եւ ազդեցություն ձեռք բերելը դժվարին աշխատանք է՚՚։

Խորհրդաժողովի մասնակիցները Բուշի վարչակազմին քննադատեցին անհապաղ հրադադար հաստատելու կոչ անելուց հրաժարվելու, եւ իրենց կարծիքով, Իսրայելի եւ Պաղեստինցիների միջեւ խաղաղության գործընթացը լքելու համար։

Սակայն Միացյալ Նահանգների արտգործնախարար Կոնդոլիզա Ռայսն ասում է, թե Վաշինգտոնն աշխատում է վերջ դնել բռնարարքներին։ Նախքան Մերձավոր Արեւելք ուղեւորվելն արտգործնախարարն ասել է, թե նախագահ Բուշի վարչակազմն աջակցում է կայուն խաղաղություն հաստատելուն տարածաշրջանում.

՚՚Ջանում ենք վերջ դնել ներկայումս շարունակվող բռնարարքներին։ Բացի այդ, ջանում ենք լուծել բռնարարքների գլխավոր պատճառները, որպեսզի հնարավոր լինի հաստատելու իրական եւ կայուն խաղաղություն։

Արտգործնախարար Ռայսը նաեւ բացառել է շտապ հրադադար հաստատելու նպատակով բանակցությունների կայացումը, որը չի լուծի բռնարարքների պատճառները, եւ այն անվանել է ՚՚կեղծ խոստում՚՚, քանի որ այդպիսի հրադադարը կայուն չի լինի։

XS
SM
MD
LG