Մատչելի հղումներ

Միացյալ Նահանգներ-Մերձավոր Արեւելք-Ութնյակի երկրներ


Սանկտ Պետերբուրգում ավարտված Ութնյակի երկրների ղեկավարների վեհաժողովը Հեզբոլահին դատապարտեց Իսրայելի վրա կատարած հարձակումների համար։

Իսրայելի արձակած հրթիռներն անցնող երկուշաբթի հարվածեցին Լիբանանին, որը փոխվրեժ էր դրանից մեկ օր առաջ Հեզբոլահի կողմից Իսրայելի Հայֆա քաղաքը հրթիռակոծվելու համար, որի հետեւանքով զոհվեցին ութն անձինք։

Պաշտոնատարներ ասում են, որ երեսունից ավելի անձինք են զոհվել Իսրայելի օդային հարձակումների հետեւանքով։ Նրանց թվում են Լիբանանի առնվազն ութ զինվորներ եւ քաղաքացիական տասն անձինք։ Պաշտոնատարներն ասում են, թե մայրաքաղաք Բեյրութի դեմ կատարված հարձակումների ժամանակ ավերվել է վառելանյութի մի պահեստ, գործարաններ եւ քաղաքացիական հաստատություններ։

Իսրայելի վարչապետ Էհուդ Օլմերթն իր երկրի խորհրդարանին հայտնել է, թե մարտերը կավարտվեն, երբ Հեզբոլահի կողմից գերեվարված իսրայելացի երկու զինվորներն ազատ արձակվեն, Իսրայելի դեմ հրթիռային հարձակումները դադարեցվեն եւ Լիբանանյան զինուժ տեղաբաշխվի Իսրայելի հետ սահմանում։ Իրանն ու Սիրիան Հեզբոլահի գլխավոր աջակիցներն են։

Իրանի արտաքին գործոց նախարար Մանուչեհր Մոթաքին կոչ է արել հրադադար հաստատել եւ Իսրայելի ու Հեզբոլահի միջեւ կատարել գերիների փոխանակություն։ Հեզբոլահն առաջարկել է իսրայելացի երկու զինվորներին փոխանակել Իսրայելի բանտերում գտնվող որոշ թվով արաբ բանտարկյալների հետ։

Լիբանանի վարչապետ Ֆուադ Սինիորան կոչ է արել դադարեցնել մարտերը.

՚՚ՄԱԿ-ի աջակցությամբ անհրաժեշտ է հաստատել անհապաղ եւ համապարփակ հրադադար, որը ՄԱԿ-ին, արաբական երկրներին ու այլ երկրների հնարավորություն կտա Լիբանանի կառավարության հետ համագործակցած պատասխանատվությամբ լուծել անցած մի քանի օրում ծագած դեպքերը եւ դրանց պատճառները՚՚։

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Կոֆի Անանը դիմել է Իսրայելին, որպեսի այն ենթարկվի միջազգային օրենքին եւ խնայի քաղաքացիական բնակչության կյանքը.

՚՚Կարծում եմ, պետք է հակամարտության կողմերի հետ համաձայնեցնենք որպեսզի շտապ դադարեցնեն պատերազմական գործողությունները, սակայն այդպես վարվելու համար նրանք պետք է մեզ ժամանակ տան՚՚։

Սանկտ Պետերբուրգում ավարտված Ութնյակի վեհաժողովին մասնակցած երկրների ղեկավարները հրապարակել են հայտարարություն, ուր Հեզբոլահին դատապարտել են բռնարարքների դիմելու համար եւ Իսրայելին հորդորել են ցուցաբերել զսպվածություն։ Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշն ասել է, թե Հեզբոլահը հստակորեն պատասխանատու է խնդրի համար.

՚՚Մենք պետք է հստակեցնենք Մերձավոր Արեւելքում անկայունության արմատը, որը Հեզբոլահն է, ու նրա հարաբերությունը Սիրիայի ու Իրանի հետ, ինչպես նաեւ Սիրիայի հարաբերությունն Իրանի հետ՚՚։

Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը մտահոգություն է հայտնել Հեզբոլահի հարձակումներին Իսրայելի արձագանքի առնչությամբ.

՚՚Ութնյակի երկրների բոլոր ղեկավարները լուրջ վերապահություն արտահայտեցին Իսրայելի անհամապատասխանորեն խիստ արձագանքի առնչությամբ, որին պետք է ասեմ, հրահրեցին այդ քայլին։ Երկրորդ, մենք շեշտեցինք ռմբակոծումներին վերջ դնելու հրամայական անհրաժեշտությունը, որոնք վերջիվերջո թիրախի տակ են վերցնում բաներ՝ որոնք ոչ մի կապ չունեն խաղաղությունը վերականգնելու հետ՚՚։

Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլէրը կոչ է արել միջազգային զինուժ տեղակայել Իսրայելի ռմբակոծմանը վերջ դնելու համար.

՚՚Ամենաանհետաձգելի առաջնահերթությունը պայմաններ ստեղծելն է, ուր կարող է վերջ տրվել բռնարարքային գործողություններին։ Սակայն, սա իսկապե՛ս չափազանց լուրջ կացություն է եւ կարեւոր է, որպեսզի օգտագործենք հնարավոր բոլոր ջանքերը ու հաջորդ մի քանի օրերին ստեղծենք բռնարարքային գործողություններին վերջ տալու համար նպաստավոր պայմաններ՚՚։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, թե իր երկիրն օգտագործում է Մերձավոր Արեւելքում ունեցած իր բոլոր հնարավորությունները որպեսզի փորձի ազատ արձակել տալ Հեզբոլահի կողմից գերեվարված իսրայելացի երկու զինվորներին։

XS
SM
MD
LG