Մատչելի հղումներ

Հուլիսի տասնհինգին սկսվելու է Ութնյակի վեհաժողովը


Հուլիսի տասնհինգին Սանկտ Պետերբուրգում սկսվող աշխարհի արդյունաբերապես ամենազարգացած ութ երկրների վեհաժողովի օրակարգի ամենակարեւոր հարցերից են էներգետիկայի, վարակիչ հիվանդությունների, կրթության, տարածաշրջանային հակամարտությունների եւ զանգվածային ոչնչացման խնդիրները։

Ութնյակի վեհաժողովի մասին Ռուսաստանի պաշտոնական կայքէջում զետեղված նախագահ Պուտինի ողջույնի խոսքում նշված խնդիրներից աշխարհում ամնակարեւորը էներգետիկայի անվտանգության խնդիրն է։

Սակայն Ռուսաստանը հարցեր հարուցեց իր հուսալիության շուրջ, որպես էներգիա մատակարարողի, երբ Գազպրոմը հունվարին կտրեց գազի հոսքը Ուկրաինա։ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ԱՄՆ-Կանադա ինստիտուտի փոխտնօրեն Վիկտոր Կրեմենյուկն այս մասին ասել է.

՚՚Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ ճգնաժամից առաջ գազին ապավինելը համարվում էր նրանց գործակցության սկիզբը, ու թերեւս դաշինքի սկիզբը։ Այժմ այն համարվում է սպառնալիք՚՚։

Արեւմտյան բազմաթիվ վերլուծաբաններ ասում են, թե Կովկասում քաղաքական իր լծակը պահպանելու նպատակով Ռուսաստանը նաեւ օգտագործում է տարածաշրջանում արյունալի հակամարտությունները։ Ուկրաինայում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Կառլոս Պասկուալն ասել է, թե Ութնյակի երկրները պետք է քննարկեն այս հակամարտությունների խնդիրը.

՚՚Սառած հակամարտությունների հարցը նախկին Խորհրդային Միությունում, մասնավորապես Վրաստանի հետ մի խնդիր է, երբ Ռուսաստանն այդ երկրի ներքին գործերին խառնվող գործակից է։ Միացյալ Նահանգներն ու Ութնյակի մյուս երկրները պետք է ասեն, որ Վրաստանում եւ Աբխազիայում անհրաժեշտ է հաստատել խաղաղություն՝ եւ ոչ թե ստեղծել հավելյալ հակամարտություններ՚՚։

Նախքան 1998 թվականին Ութնյակի երկրներին Ռուսաստանի միանալը, կազմակերպությունը հայտնի էր ՚՚Աշխարհի ամենազարգացած յոթ երկրների խումբ՚՚ անվամբ։ Սակայն ՚՚Ֆայնանշլ Թայմզ՚՚-ի Մոսկվայի նախկին թղթակից Դեյվիդ Սաթրն ասել է, թե արեւմտյան ավանդույթում պետությունն է ծառայում անհատին, մինչդեռ Ռուսաստանում հակառակն է. անհատն է ծառայում պետությանը։

Պարոն Սաթրը ելույթ է ունեցել Վաշինգտոնում հաստատված Հադզնի ինստիտուտում Ռուսաստանի եւ Ութնյակի երկրների մասին վերջերս կայացած խորհրդաժողովում։

Այնտեղ Ռուսաստանի քաղաքական վերլուծաբան Անդրեյ Պիոնտկովսկին ասել է, թե միջուկային զենքերը չտարածելու վերջնագրին իր ընդդիմանալու նախագահ Պուտինի հայտարարությունը ցույց է տալիս, որ Ութնյակի երկրները հավանաբար համաձայնության չեն հանգի միջուկային խնդրի հետեւանքով Իրանի հետ փակուղուց դուրս գալու շուրջ.

՚՚Դա նշանակում է, որ Մոսկվան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին երբեք թույլ չի տա Իրանի նկատմամբ պատժամիջոցների դիմել։ Սա նշանակում է, որ Իրանյան վարչակարգը շահագրգռված չի լինի դադարեցնելու իր միջուկային ծրագիրը՚՚։

Մինչ Արեւմտյան որոշ երկրներում հնչում են Ռուսաստանին Ութնյակից վտարելու կոչեր, մեծ աջակցություն չկա այս քայլին։ Նաեւ առկա են Ութնյակի խմբի անդամությունն ընդարձակելու եւ Չինաստանին ընդգրկելու կոչեր, որպեսզի այդ երկիրը կարողանա օգնել աշխարհի բազմաթիվ խնդիրները լուծելու գործին։

XS
SM
MD
LG