Մատչելի հղումներ

Նախագահ Ջորջ Բուշի մամլո ասուլիսը Չիկագոյում


Նախագահ Ջորջ Բուշն ասել է, թե ցանկանում է որպեսզի աշխարհի երկրները միասնական լինեն Հյուսիսային Կորեայի հրթիռային փորձարկումների առնչությամբ եւ նախազգուշացրել է, որ հարցը դիվանագիտական ճանապարհով լուծելը պահանջում է ժամանակ։

Նախագահ Ջորջ Բուշն ասում է, թե Հյուսիսային Կորեայի հրթիռային փորձարկումների շուրջ ծագած ճգնաժամի առնչությամբ ցանկանում է դիվանագիտական լուծում։ Սակայն նա նախազգուշացրել է, որ Փհենյանի փորձարկումներին վերջ դնելու շուրջ համաձայնության հասնելու համար կպահանջվի ժամանակ.

՚՚Անշուշտ, տեղյակ եք դիվանագիտության հետ կապված խնդրի մասին. ժամանա՛կ է պահանջվում ինչ-որ բան անելու համար։ Աշխարհի երկրների կարծիքն ի մի բերելու, ՄԱԿ-ում այն ճիշտ ձեւով արտահայտելու եւ հստակ ազդանշան հղելու համար անհրաժեշտ է որոշ ժամանակ՚՚։

Նախկին արտգործնախար Մադլին Օլբրայթը համամիտ է պարոն Բուշի դիվանագիտական ջանքերին, սակայն ասել է, թե անհրաժեշտ է ավելին անել.

՚՚Կարծում եմ, պարոն Բուշը պետք է շարունակի իր դիվանագիտական ջանքերը եւ փորձի հստակեցնել, որ Հյուսիսային Կորեայի վարքագիծն անընդունելի է։ Սակայն, միաժամանակ, պարոն Բուշին կասեի, թե որոշ փուլերում մենք պետք է երկկողմ բանակցություններ վարենք Հյուսիսային Կորեայի հետ՚՚։

Չիկագոյում գրեթե մեկ ժամ տեւած մամլո ասուլիսի ժամանակ պարոն Բուշը խոսեց մի շարք այլ նյութերի շուրջ։ Իրանի միջուկային նկրտումների առնչությամբ նա նշեց, որ դա լինելու է Ռուսաստանում տեղի ունենալիք ութնյակի վեհաժողովի կարեւոր հարցերից մեկը.

՚՚Գիտեք, որոշ երկրներ ավելի հարմար են համարում պատժամիջները, քան մյուսները։ Այդ երկրներից մի քանիսում խնդրի մի մասը տնտեսական շահերն են։ Մեր նպատակի մի մասը վստահանալն է, որ ազգային անվտանգության շահերն առաջ են դասվում տնտեսականից՚՚։

Նախագահը նաեւ հերքեց լրատվական այն հաղորդումները, որ Օսամա Բին Լադենի որոնումները դադարեցվել են։ Անցյալ ուրբաթ կայացած մամլո ասուլիսն առաջիկա ամիսներին մայրաքաղաք Վաշինգտոնի սահմաններից դուրս ծրագրված ասուլիսներից առաջինն էր։

Սա նոյեմբերին կայանալիք միջժամկետային ընտրություններից առաջ Հանրապետական Կուսակցությանն օգնելու պարոն Բուշի ռազմավարության մաս է կազմում։

XS
SM
MD
LG