Մատչելի հղումներ

Նախագահ Ջորջ Բուշ-Հյուսիսային Կորեա


Նախագահ Ջորջ Բուշն ասում է, թե հետամուտ է աշխարհի այլ երկրների ղեկավարների հետ միասնական դիրքորոշման, Հյուսիսային Կորեայի հետ փակուղի մտած կացությունը դիվանագիտական ճանապարհով լուծելու համար։

Նախագահ Բուշն ասում է, որ տեղյակ չէ, թե Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Ջոնգ Իլն ինչո՞ւ արհամարհեց միջազգային համայնքի կարծիքը եւ կարգադրեց արձակել հրթիռները։ Պարոն Բուշն այս մասին արտահայտվեց Կանադայի վարչապետ Սթիվն Հարփերի հետ երկու օր առաջ կայացած մամլո ասուլիսի ժամանակ։

Նախագահը վերստին ասաց, որ հետամուտ է խնդիրը դիվանագիտական ճանապարհով լուծելուն.

՚՚Մենք գործ ունենք անձի հետ, ում Չինաստանը, Հարավային Կորեան, Միացյալ Նահանգները, Ճապոնիան եւ Ռուսաստանը խնդրել էին չարձակել հրթիռ, սակայն նա արձակեց յոթը, որի հետեւանքով մեր արտգործնախարարի հետ հեռախոսազանգեցինք մեր գործընկերներին ու նրանց հիշեցրինք այդ խնդրում Կիմ Ջոնգ Իլի հետ զրուցելիս միասնական լինելու անհրաժեշտության մասին, որ առկա է ավելի լավ ուղի առաջ գնալու համար, քան աշխարհի մնացած երկրներից իրեն մեկուսացնելն է՚՚։

Հյուսիսային Կորեան հայտնել է, թե փորձարկումները հաջող էին, եւ նպատակ ունի նորերը կատարել։ Փհենյանն այդ մասին հայտարարություն արեց երկրի ռադիո-հեռուստատեսությամբ.

՚՚Կորեայի ժողովրդական բանակն ապագայում կշարունակի հրթիռների իր փորձարկումները որպես ինքնապաշտպանության նպատակով այլ երկրների տարհամոզելը խթանելու իր ջանքերի մաս։ Կորեական Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունն այլընտրանք չի ունենա ֆիզիկական ավելի ազդեցիկ գործողության այլ ձեւերի դիմելուց բացի, եթե այլ երկիր համարձակվի շահարկել հրթիռային փորձարկումների հարցը եւ ճնշում գործադրի դրա վրա՚՚։

Հրթիռային փորձարկումներին որպես պատասխան, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները քննարկում են մի որոշման նախագիծ։ Սակայն Ռուսաստանն ու Չինաստանը նշել են, որ չեն աջակցի Փհենյանին խստորեն դատապարտելուն կամ նրա նկատմամբ պատժամիջոցներին։ Ռուսաստանի արտաքին գործոց նախարար Սերգեյ Լավրովն այս մասին ասել է.

՚՚Մենք կոչ ենք անում հավասարակշռված դիրքորոշման, քանի որ անհապաղ սպառնալիքներով խոսելու փորձերը փոխադարձաբար կհարուցեն Հյուսիսային Կորեայի սպառնալիքները, ինչպես տեղի է ունեցել նախկինում։ Այնուհետեւ, ցանկացած դեպքում, անհրաժեշտ է վերադառնալ բանակցությունների սեղանին, սակայն որոնք կկայանան շատ ավելի լարված մթնոլորտում։ Մենք պետք է խուսափենք դրանից՚՚։

Հյուսիսային Կորեայի հետ վեցակողմ բանակցություններում Վաշինգտոնի բարձրաստիճան պատվիրակն արտգործնախարարի օգնական Քրիստըֆր Հիլն է։ Նա ասում է, թե Հյուսիսային Կորեան բավականին ներդրումներ է արել իր միջուկային ծրագրում.

՚՚Կարծում եմ, խնդիրն այն է, որ Հյուսիսային Կորեան դժվարանում է արմատական որոշում կայացնել զենքերի ծրագրից հրաժարվելու խնդրում, որն ունի առնվազն անցած քսանից-քսանհինգ տարում՚՚։

Պարոն Քրիստըֆըրը մեկնում է Ասիա՝ մասնակցելու բանակցությունների, որի նպատակը Հյուսիսային Կորեային հրթիռարձակման հարթակից բանակցությունների սեղանին բերելն է, չնայած Վաշինգտոնը հրաժարվում է անմիջականորեն բանակցություններ վարել Հյուսիսային Կորեայի հետ։

XS
SM
MD
LG