Մատչելի հղումներ

Հուսիսային Կորեան շարունակում է հրթիռային իր փորձարկումները


ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներն անցնող չորեքշաբթի հանդիպեցին, Հյուսիսային Կորեայի հրթիռային փորձարկումներին արձագանքելու հարցը քննարկելու նպատակով։

Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռների արձակումը, ինչպես այս մեկն է, որ տեսնում ենք այստեղ, վրդովմունք եւ մտահոգութուն առաջացրեց աշխարհի երկրներում։ Վրաստանի նախագահի հետ Սպիտակ Տանը հանդիպելուց հետո նախագահ Բուշն իր առաջին հայտարարությունն արեց փորձարկումների առնչությամբ.

՚՚Հրթիռներ արձակելով Հյուսիսային Կորեան է՛լ ավելի մեկուսացրեց իրեն։ Ես չափազանց մտահոգ եմ Հյուսիսային Կորեայի ժողովրդի կացությամբ եւ հուսով եմ, որ նրանց կառավարությունը կհրաժարվի զենքերի իր ծրագրից՚՚։

Պարոն Բուշը նշեց, որ տեսականում Միացյալ Նահանգների տարածք հասնելուն ունակ միջմայրցամաքային ՚՚Թաեփոդոնգ-2՚՚ հրթիռն ընկավ Ճապոնական ծովը։ Տասնհինգ երկրներից բաղկացած ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտահերթ դռնփակ նիստ կայացրեց մի որոշման նախագիծը քննարկելու համար։ Միացյալ Նահանգներում Ճապոնիայի դեսպան Կենզո Օշիման ասել է, թե հուսով է, որ ՄԱԿ-ի որոշումը կլինի արագ, ազդեցիկ եւ վճռական.

՚՚Կորեական Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության կողմից 1998 թկականին կատարված հրթիռային փորձակումն արդեն իսկ լուրջ եւ բավականին վատ էր։ Այս անգամ հրթիռային յոթ փորձարկումները շատ ավելի լուրջ են՚՚։

Օշիման ասել է, որ թերեւս կքննարկվեն Հյուսիսային Կորեայի նկատմամբ պատժամիջոցների հարցերը, որը կախված կլինի Խորհրդի ցանկությունից։ Սակայն վետոյի իրավունք ունեցող Խորհրդի երկու անդամներ, Չինաստանն ու Ռուսաստանն ազդանշանել են որոշման մեջ պատժամիջոցների մասին նշելուն իրենց ընդդիմությունը։

ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Բոլթոնը շեշտել է, որ միջազգային համայնքը միասնական է հրթիռների արձակման դեմ.

՚՚Կարծում եմ, որ այսօր առավոտյան Անվտանգության Խորհրդում նախնական քննարկումը չափազանց հետաքրքիր էր։ Խորհրդի ոչ մի անդամ չպաշտպանեց Հյուսիսային Կորեայի քայլը՚՚։

ՄԱԿ-ում Հյուսիսային Կորեայի դեսպան Փակ Գիլ Յոնը հրաժարվեց խոսել թղթակիցների հետ, երբ ժամանեց ՄԱԿ-ում իր երկրի գրասենյակը եւ իրեն ծածկեց խոշոր անձրեւանոցով։

Միացյալ Նահանգների արտգործնախարար Կոնդոլիզա Ռայսը շեշտեց, որ Միացյալ Նահանգները ցանկանում է, որպեսզի Հյուսիսային Կորեան վերադառնա վեցակողմ բանակցություններին, ուր ընդգրկված են Միացյալ Նահանգները, Չինաստանը, Հյուսիսային Կորեան, Ռուսաստանն ու Ճապոնիան.

՚՚Վեցակողմ բանակցությունների իմաստությունը կայանում է նրանում, որ հարցը չի վերաբերում միայն Միացյալ Նահանգներին ու Հյուսիսային Կորեային։ Սա տարածաշրջանի խնդիրն է, որը Հյուսիսային Կորեային ասում է, թե պետք է փոխի իր վարքագիծը՚՚։

Հյուսիսային Կորեայի արտգործնախարարությունը հրթիռների արձակումը բնութագրեց որպես ազգային ինքնիշխանության խնդիր։ Նախարարության պաշտոնատարներից մեկն ասաց, թե ոչ մի երկիր իրավունքչ չունի դատապարտելու փորձարկումներն իրագործելու Հյուսիսային Կորեայի որոշումը։

XS
SM
MD
LG