Մատչելի հղումներ

Միացյալ Նահանգներն ու Գուանտանամոն


Միացյալ Նահանգների Գերագուն դատարանը որոշում է կայացրել նախագահ Բուշի վարչակազմի դեմ, Գուանտանամոյի ծովախորշի բանտում պահվող, ահաբեկչության մեջ կասկածվող անձանց ռազմական դատարաններով դատելու առնչությամբ։

Գերագույն դատարանի դատավորները հինգը կողմ՝ երեքը դեմ որոշմամբ հայտնեցին, որ նախագահ Բուշը չարաշահել է իր իշխանությունը ահաբեկչության մեջ կասկածվող անձանց դատելու համար ռազմական դատարաններ հիմնելով։

Որոշման մեջ ասվում է, որ առաջարկված դատարաններն ապօրինի են Միացյալ Նահանգների օրենքով եւ Ժնեւի Հռչակագրով։ Դատական գործը հարուցել է Օսամա Բին Լադենի նախկին թիկնապահ Սալիմ Ահմադ Համդանը, ում Աֆղանստանում ձերբակալել՝ իսկ այնուհետեւ ուղարկել են Գուանտանամոյի բանտը։

Համդանի փաստաբաններից մեկը, Նիլ Կատյալը ողջունել է որոշումը եւ ասել է, թե ռազմական դատարանները կեղծ էին.

՚՚Կարծում եմ, Գերագույն դատարանի որոշումը կշտամբանք է նախագահ Բուշին, սակայն կնախազգուշացնեի այն անձանց, ովքեր կասեն թե նախագահ Բուշն այսօր պարտություն կրեց։ Նա այսօր պարտություն չկրեց. այսօր Ամերիկան եւ նրա Հիմնադիրները հաղթեցին՝ որպես ժողովուրդ հավատարիմ մնալով մեր ամենաարմատական արժեքներին՚՚։

Նախագահ Ջորջ Բուշը, ով անցած հինգշաբթի հանդիպում էր Ճապոնիայի վարչապետ Յունիչիրո Կոիզումիի հետ, ասաց թե ցանկանում է աշխատել կոնգրեսի հետ, ռազմական դատարանները կենսունակ դարձնելու համար.

՚՚Ես հնարավորություն չունեցա մանրամասն ուսումնասիրելու Գերագույն դատարանի հրապարակած տվյալները։ Ցանկանում եմ ձեզ հավաստիացնել, որ մենք դրանք լուրջ ենք ընդունում։ Մենք կոնգրեսի հետ կաշխատենք որոշել, թե ռազմական դատարաններն արդյո՞ք մարդկանց գործն այնտեղ քննելու ուղի են՚՚։

Սակայն պարոն Բուշը հստակեցրեց, որ Գերագույն դատարանի որոշումն իրեն չի մղի Գուանտանամոյից ազատ արձակելու, իր բնութագրմամբ, ՚՚մարդասպաններին՚՚։ 2001 թվականի սեպտեմբերի տասնմեկի ահաբեկչական հարձակումներից հետո կառուցված Գուանտանամոյի բանտը միջազգային հանրության քննադատության կենտրոնում է։

Ալ-Քայդայի եւ Թալեբանի հետ կապերի մեջ կասկածվող մոտավորապես 450 բանտարկյալների մեծամասնությունն այնտեղ պահվում է չորս տարուց ավելի։ Նրանցից միայն տասը բանտարկյալներ են մեղադրվել ռազմական դատարաններում, որոնց թվում է Համդանը։

Մարդու իրավապաշտպան խմբեր դատապարտել են այս կացությունը։ ՚՚Հյումն Ռայթս Վոթչ՚՚ կազմակերպությունից Քյաթրին Նյուվլ Բիըրմանն Ամերիկայի Ձայնին հայտնել է, թե այս ամենը կարող է փոխվել Գերագույն դատարանի կայացրած որոշման հետեւանքով.

՚՚Լուրջ հանցագործությունների մեջ մեղադրվող մարդկանց համար վերջապես հնարավորություն կլինի կանգնել արդարադատության առջեւ։ Հուսով ենք, որ ուշադրությունը Միացյալ Նահանգների քաղաքականության օրինականության հարցից կփոխադրվի Գուանտանամոյում գտնվող մարդկանց մեղավորության կամ անմեղության հարցի վրա՚՚։

Սակայն Սպիտակ Տան խոսնակ Թոնի Սնոուն ասում է, թե Գուանտանամոյում դատական գործերը լուծելը միշտ եղել է Բուշի վարչակազմի նպատակը.

՚՚Մենք հնարավորինս արագորեն կգործենք արդարադատության առջեւ կանգնեցնելու Գուանտանամոյում պահվող անձանց եւ իրենց հայրենիք ուղարկելու այն անձանց, ովքեր իրավունք կունենան հայրենադարձվելու։ Սակայն այս որոշման իրագործման համար պահանջվում է ժամանակ՚՚։

Առայժմ թերեւս սա է կացությունը, եւ Գուանտանամոյում պահվող անձանց համար չկան արագ որոշումներ։

XS
SM
MD
LG