Մատչելի հղումներ

ԱՄՆ մեծահարուստ Ուորեն Բաֆեթը 37 միլիարդ դոլարի նվիրատվություն է կատարել


Ուորեն Բաֆեթը՝ աշխարհի երկրորդ ամենահարուստ անձը, իր հարստության մեծ մասը նվիրաբերելու է Բիլ Գեյթսի ղեկավարած բարեգործական հիմնադրամին։ Պրն. Բաֆեթն ասում է, որ ավելի քան 30 միլիարդ դոլար է հատկացնելու Բիլ եւ Մելինդա Գեյթս հիմնադրամին, որի ֆինանսավորած ծրագրերը պայքարում են չքավորության եւ զանազան հիվանդությունների դեմ ամբողջ աշխարհում։

Տարիներ շարունակ ամերիկացի մեծահարուստ Ուորեն Բաֆեթը բազմիցս ասել է, որ չի պատրաստվում հրաժեշտ տալ սեփական հարստությանը մինչեւ իր մահը, եւ որ այն ամբողջությամբ իր երեխաներին չի փոխանցելու։ Այնուհանդերձ, երկուշաբթի օրը Նյու Յորքում նա անակնկալ հայտարարությամբ հանդես եկավ, որ պատրաստվում է իր հարստության կեսից ավելին փոխանցել բարեգործ Բիլ Գեյթսին եւ նրա կնոջը՝ Մելինդային։

՝՝Երբ հարստություն ես կուտակում, բնական է, որ դիմես այն մարդկանց օգնությանը, ովքեր ավելի լավ կարող են տնօրինել այդ գումարը։ Այս դեպքում ես կարող եմ ասել, որ գիտեմ այնպիսի մարդկանց, ովքեր ինձնից լավ կարող են այդ գումարը նվիրաբերել։ Այդ իսկ նպատակով Ձեզ եմ փոխանցում հարստությանս մի մասը,՛՛ ասել է նա։

Բաֆեթն իր 44 միլիարդ դոլար արժողությամբ հարստությունից յոթ միլիարդը կնվիրաբերի զանազան բարեգործական կազմակերպությունների, այդ թվում իր երեք երեխաների ղեկավարած առաքելություններին։ Եվս 30 միլիարդ դոլար կհատկացվի Բիլ Գեյթսի սատարած ծրագրերին, ինչը, ՝՝Ֆորչըն՛՛ ամսագրի խմբագիր Քերոլ Լումիսի կարծիքով, բնական ընտրություն էր.

՝՝Նրանք միասին շատ են զվարճանում, երբեմն միասին բրիջ են խաղում, նաեւ միասին ճանապարհորդել են։ Մի խոսքով, նա գիտակցում է որքան լավ են նրանք տնօրինել սեփական հարստությունը եւ հիացած է այն գաղափարով, որ նրանց տնօրինությանը լրացուցիչ գումար է հատկացվելու։՛՛

Վերջերս Բիլ Գեյթսը հայտարարել է, որ շուտով կկրճատի իր գործունեությունը Մայքրոսոֆթ ընկերությունում, որպեսզի ավելի շատ ժամանակ հատկացնի բարեգործական աշխատանքին։ Վերջին տասնամյակին նա շարունակաբար ընդլայնել է իր գործունեությունն այդ բնագավառում։ Բաֆեթը հիացած է համաշխարհային առողջապահության եւ համընդհանուր կրթության բնագավառներում Գեյթս հիմնադրամի ծավալած գործունեությամբ։ Գեյթս ամուսիններն իրենց հերթին նշում են, որ մեծ ազդեցություն են կրել Բաֆեթի համեստ ապրելաձեւից եւ հասարակությանը ծառայելու նվիրվածությունից։

Բիլ Գեյթսը հիշատակել է, որ հիմնադրամը ստեղծել են ներշնչված Ուորենի այն մտքից, որ հարստությունը պետք է վերադարձվի հասարակությանը։

Բարեգործական կազմակերպությունների գործունեությունը լուսաբանող մի ամսագրի (the Chronicle of Philanthropy) համաձայն՝ Բաֆեթի նվիրատվությունը պատմության մեջ աննախադեպ է։

XS
SM
MD
LG