Մատչելի հղումներ

Ջանում են ստեղծել թռչնագրիպի պատվաստանյութ...


Գիտնականներն աշխատում են թռչնագրիպի դեմ պատվաստանյութ ստեղծելու վրա, քանի դեռ հիվանդությունն աշխարհում չի դարձել համաճարակ։

Գրիպի ավանդական պատվաստանյութը պատրաստելու համար օգտագործվում են թույլ գրիպի մանրէներ, որից հետո ամիսներ է տեւում պատվաստանյութը մեծ քանակությամբ պատրաստելը։ Թռչնագրիպի ԴՆԹ-ի պատվաստանյութը դյուրությամբ կարող է պատճենահանվել եւ պատրաստվել մեծ քանակությամբ։

ԴՆԹ-ն մոլեկուլ է, որն առկա է գենետիկական որոշակի տվյալներ պարունակող բջիջներում։ ԴՆԹ-ի վրա հիմնված պատվաստանյութը մարդուն պատվաստվում է մեծ ճնշման օդամուղ սարքի միջոցով, առանց ներարկիչների։ Մինչեւ այժմ, թռչնագրիպի մանրէն փոխանցվել է միայն թռչունների հետ շփված, կամ վարակված միս օգտագործած անձանց։

Դրա հետեւանքով աշխարհում մահացել են 125-ից ավելի աձինք, եւ ոչնչացվել են մեծ թվով թռչուններ՝ Ասիայում։ Փորձագետները երկյուղում են, որ միլիոնավոր անձինք ապագայում կարող են մահանալ, եթե մանրէն միանա մարդու գրիպի մանրէների տեսակների հետ եւ ստեղծվի մի նոր տեսակ, որը չափազանց վարակիչ կլինի մարդկանց համար։ Դոկտոր Շան Լուն աշխատում է Մասաչուսեթսի համալսարանի բժշկական բաժնում.

՚՚Հստակ է, որ թռչնագրիպը տարածվում է նոր երկրներում։ Հարցն այն է, թե այն ե՞րբ է փոխանցվելու մարդկանց։ Դա է այն հարցը, որի պատասխանը դեռեւս չգիտենք, սակայն պետք է նախապատրաստվենք՚՚։ Ուսումնասիրողները փորձում են պարզել, թե փոքրիկ օրգանիզմն ինչպե՞ս է առաջանում, որպեսզի կանխվի դրա տարածումը։

Ջրային եւ չվող այլ թռչուններ կարող են դիմակայել մանրէի վտանգը, դրանից ազատվելով ավազաններում, լճերում եւ գետերում։ Սակայն մանրէն մարդկանց համար դառնում է մահացու, երբ վարակում է ցամաքում ապրող թռչուններին՝ հատկապես հավերին։ Թռչնագրիպը վերահսկելու միակ միջոցն այժմ հիվանդ թռչուններին ոչնչացնելն է։

Դանիել Պերեսը թռչնագրիպն ուսումնասիրող ծրագրի ղեկավարն է Մերիլենդի համալսարանում։ Նա վստահ չէ, թե պատվաստանյութը, որը եթե պարզվի արդյունավետ է, արդյո՞ք կարող է դադարեցնել աշարհում համաճարակը, քանի որ թռչնագրիպի մանրէները վերափոխվում եւ մշտապես փոփոխություններ են կրում.

՚՚Մանրէն ամբողջովին անկանխատեսելի է։ Գլխավոր հարցերից մեկն այն է, թե քանի՞ մարդու հաշվով ենք պատրաստելու պատվաստանյութը, ե՞րբ ենք այն պատրաստելու, քանի որ համաճարակը սկսվելու դեպքում մենք պատվաստանյութը չունենք՚՚։

Պատվաստանյութը շուտով կփորձարկվի կենդանիների վրա։ Ակնկալվում է, որ մարդկանց վրա փորձարկումները կսկսվեն վեց ամսից։

XS
SM
MD
LG