Մատչելի հղումներ

Հյուսիսային Կորեայի միջմայրցամաքային հրթիռները


Միացյալ Նահանգների արտգործնախարար Կոնդոլիզա Ռայսը Հյուսիսային Կորեային նախազգուշացրել է չկատարել միջմայրցամաքային հրթիռի փորձարկում, եւ ասել է թե նման քայլը կհամարվի չափազանց լուրջ խնդիր ու սադրիչ գործողություն։

Հյուսիային Կորեան վերջին անգամ երկար հասողության հրթիռի փորձարկում կատարել է 1998 թվականին։ Սակայն Միացյալ Նահանգների ավագ պաշտոնատարներ հայտնել են, թե արբանյակային հետախուզությունը ցույց է տվել, որ հեղուկ վառելանյութի տարողությունները հարմարեցվել են մի հրթիռի, Հյուսիսային Կորեայի արեւելյան տարածքի տեղանքներից մեկից հավանական արձակման համար։

Արտգործնախարար Կոնդոլիզա Ռայսն ասել է, թե Իսպանիայի արտաքին գործոց նախարարի հետ անցնող երկուշաբթի հանդիպման ժամանակ Հյուսիսային Կորեային նախազգուշացրել է չարձակել հրթիռը.

՚՚Դա կլինի չափազանց լուրջ խնդիր եւ իսկապես սադրիչ գործողություն, եթե Հյուսիսային Կորեան որոշի արձակել հրթիռը։ Մենք անշուշտ կքննարկենք հաջորդ քայլերի շուրջ, սակայն կարող եմ վստահացնել բոլորին, որ Փհենյանի գործողությունը կարող է ընդունվել ամենայն լրջությամբ՚՚։

Հյուսիսային Կորեայի միջմայրցամաքային հրթիռները կարող են հասնել Միացյալ Նահանգների արեւմտյան տարածքին։ Ճապոնիան նույնպես մտահոգված է եւ վարչապետ Յունիչիրո Կոիզումին անցնող երկուշաբթի հրապարակել է լուրջ նախազգուշացում.

՚՚Եթե Հյուսիսային Կորեան չանսա մեր ձայնին եւ հրթիռ արձակի, մենք հարկադրված կլինենք խորհրդակցել Միացյալ Նահանգների հետ եւ դիմել խիստ միջոցների՚՚։

1998 թվականին Փհենյանի կողմից հրթիռի փորձարկումը լուրջ մտահոգություն պատճառեց Տոկիոյին, քանի որ հրթիռը թռավ Ճապոնիայի հյուսիսային երկնակամարով։ Մինչ Հյուսիսային Կորեան պնդում է, թե ստեղծել է միջուկային զենքեր, այդ երկիրն օտարերկրացիներին երբեք թույլ չի տվել տեսնել դրանք։

Ամերիկացի փորձագետների կարծիքով, կոմունիստական երկիրն ունի բավարար քանակության պլուտոնիում միջուկային առնվազն վեց զենք պատրաստելու համար։ Անցյալ սեպտեմբերին, վեցակողմ բանակցությունների ժամանակ որին մասնակցում էին Միացյալ Նահանգներն ու Չինաստանը, Հյուսիսային Կորեան սկզբունքորեն համաձայնեց հրաժարվել իր միջուկային ծրագրից՝ անվտանգության երաշխիքներ ու պարեն ստանալու դիմաց։

Սակայն, ավելի ուշ, երբ Միացյալ Նահանգները խիստ միջոցների դիմեց ապրանքները կեղծող Հյուսիս Կորեացիների դեմ, Փհենյանը բոյկոտեց բանակցությունները եւ չնայած Վաշինգտոնի հորդորներին՝ հրաժարվեց վերադառնալ բանակցությունների սեղանին։

Հյուսիսային Կորեայի արտգործնախարարության պաշտոնատարներից մեկը ճապոնացի լրագրողներին անցնող երեքշաբթի հայտնել է, թե իր երկիրը պարտավորություն չի ստանձնել որեւէ համաձայնագրով կամ հայտարարությամբ։ 2002 թվականին Փհենյանի եւ Ճապոնիայի միջեւ համաձայնագիրն ընդամենը կոչ է անում սառեցնել հրթիռային այդպիսի փորձարկումները։

Մինչ այդ, Հյուսիսային Կորեայի պաշտոնատարները ոչ հաստատել՝ եւ ոչ էլ ժխտել են հրթիռի փորձարկման մասին լուրերը։ Միավորված Ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղար Կոֆի Անանը միացել է Վաշինգտոնի եւ Ասիայի խաղաղօվկիանոսյան շրջանի ղեկավարներին, ովքեր Փհենյանին կոչ են անում հրաժարվել փորձարկման որեւէ ծրագրից։

Պարոն Անանը Հյուսիսային Կորեային հորդորել է ուկնդրել եւ անսալ աշխարհի երկրների ձայնին։ Միաժամանակ, Վաշինգտոնն ակտիվացրել է ընդամենը մի քանի տարի առաջ ստեղծած, Միացյալ Նահանգների դեմ հրթիռների արձակումը հայտնաբերող, դրան հետեւող եւ ոչնչացնող իր համակարգը, որի արդյունավետությունը կազմում է մոտավորապես հիսուն տոկոս։

Սակայն Հուսիսային Կորեան բանակցություններ սկսելու ցանկություն է հայտնել։ Դա կարող է հնարավորություն ընձեռել բանակցություններ սկսելու Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի շուրջ, որը փակուղի է մտել։

XS
SM
MD
LG