Մատչելի հղումներ

Հաստատվել է ալ Զարքավիի հնարավոր իրավահաջորդի ինքնությունը


ԱՄՆ-ի ռազմական ղեկավարները հավատացած են, որ հաստատել են Իրաքում սպանված ահաբեկչական գործողությունների ղեկավար Աբու Մուսաբ ալ Զարքավիի իրավահաջորդի ինքնությունը։ Այժմ քննարկվում է, թե արդյոք Զարքավիի մահը կթուլացնի Իրաքի ապստամբների գործունեությունը եւ կարագացնի ԱՄՆ-ի զինուժի վերջնական դուրսբերումը երկրից։ Սակայն ԱՄՆ-ի Սենատի անդամները ձայների գերակշիռ մեծամասնությամբ տապալել են մինչեւ տարվա վերջ զինմիավորների դուրսբերումը նախատեսող բանաձեւը։ Իսկ Ներկայացուցիչների պալատը առանձին քննարկումներ է անցկացրել այդ խնդրի շուրջ։

ԱՄՆ գեներալ Ուիլիամ Քալդվելը Բաղդադում հաստատել է Աբու Մուսաբ Զարքավիի իրավահաջորդի՝ Ալ Քաիդայի հնարավոր նոր ղեկավարի ինքնությունը: Նա տեղեկացնում է, որ դա Այուբ ալ Մասրին է. ՝՝Ըստ մեր տվյալների ամենայն հավանականությամբ այդ անձնավորությունն է ստանձնելու Ւրաքում ահաբեկչական գործողությունների ղեկավարի դերը։՛՛


Քալդվելի համաձայն՝ ծագումով եգիպտացի ալ Մասրին ալ Քաիդայի ավագ անդամներից է եւ հիմնականում իր գործունեությունը ծավալել է Բաղդադի հարավում։ Չնայած իսլամական ռազմական ինտերնետային կայքերից մեկն այլ անուն է նշում, ԱՄՆ կառավարությունը գտնում է, որ խոսքը նույն անձի մասին է։


Գեներալ Քալդվելը նշում է նաեւ, որ ալ Մասրիին վերաբերող լրացուցիչ տեղեկություններ են անհրաժեշտ. ՝՝Իրաքում ալ Քաիդայի գործողությունների վերաբերյալ իր լավ տեղեկացվածության եւ Աբու Մուսաբ ալ Զարքավիի գործողություններին իր սերտ մասնակցության շնորհիվ ալ Մասրին անշուշտ որոշակի հաջողության կհասնի։՛՛


Միեւնույն ժամանակ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ծավալուն քննարկումներ է անցկացրել Իրաքում, ինչպես նաեւ ահաբեչության դեմ պատերազմում ԱՄՆ դերի շուրջ։

Հանրապետական կուսակցության որոշ ներկայացուցիչներ փորձում են մի բանաձեւ անցկացնել, որի համաձայն ամերիկյան զինամիավորումներն Իրաքում կմնան այնքան ժամանակ, մինչեւ երկիրն ամբողջապես ազատ եւ անվտանգ կլինի։

Ֆլորիդա նահանգից Ներկայացուցիչների պալատի անդամ հանրապետական Լինկոլն Դիաս-Բահլարթն ասում է. ՝՝Մենք չենք կարող սպասել մինչեւ միջազգային ահաբեկչությունը մեզ հարված հասցնի։ Մենք պետք է պայքարենք միջազգային ահաբեկչության դեմ եւ հաղթենք այդ պայքարում մինչեւ ահաբեկիչները մեզ վրա կհարձակվեն։՛՛

Մինչդեռ Մասաչուսեթս նահանգից Ներկայացուցիչների պալատի անդամ դեմոկրատ Ջեյմս ՄաքԳավերնը մտահոգված է, որ Իրաքից ԱՄՆ զինամիավորների դուրսբերման համար ժամկետներ չեն սահմանված։ ՝՝Ներկա քաղաքականության համաձայն՝ Իրաքում մեր առաքելությունն անսպառ է։ Այս բանաձեւը նախատեսում է, որ մեր զորքն ընմիշտ այնտեղ մնա։՛՛

ԱՄՆ զինուժը 25ՕՕ-րդ զոհն է արձանագրել Իրաքում։ Որոշ փորձագետներ կարծում են, որ Ներկայացուցիչների պալատի բանաձեւն անցկացնելուն ուղղված Հանրապետական կուսակցության ջանքերը եւ նախագահ Բուշի անակնկալ այցը Իրաք փորձեր էին միջնախագահական ընտրություններում հաջողության հասնելու համար։

Ալ Զարքավիի մահվանից հետո ԱՄՆ-ում անցկացված հասարակական կարծիքի հարցումներն արտացոլում են Իրաքում երկարաժամկետ կայունության հաստատման շուրջ աճող լավատեսությունը։

Այնուամենայնիվ, Իրաքում դեռեւս շարունակվում են բռնությունները. Տիկրիտում անցյալ ուրբաթ զինված անձինք մի մզկիթի վրա հարձակում են գործել։

XS
SM
MD
LG