Մատչելի հղումներ

Ալ-Քայդան Ալ-Զարքավիի սպանվելուց հետո...


Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշը հայտարարել է, որ Իրաքում Ալ-Քայդայի ղեկավար Աբու Մուսաբ Ալ-Զարքավիի մահը չի հանգեցնի Իրաքից ամերիկյան զինուժը դուրս բերելուն։

Միացյալ Նահանգներ կատարած Դանիայի վարչապետի այցելության ժամանակ նախագահ Ջորջ Բուշը հայտնել է, թե դաշնադրային զինուժն Իրաքից դուրս կբերվի միայն Իրաքի կառավարության ավելի կայունանալու դեպքում8

՚՚…ես մեր զինուժը դուրս կբերեմ երբ հնարավոր լինի, սակայն դա կախված է Իրաքում հաղթանակից, իսկ հաղթանակն Իրաքում նշանակում է, թե այդ երկիրը կարող է գոյատեւել, ինքնուրույն կառավարվել եւ պաշտպանվել՚՚։

Ալ Զարքավիի սպանվելուց առաջ Բուշի վարչակազմը ծրագրել էր վերանայել Իրաքի նոր կառավարության քաղաքական եւ անվտանգության ռազմավարությունները։ Սակայն ռազմական հարցերով ամերիկացի եւ իրաքցի խորհրդականների շրջանում կասկած չկա, որ ռմբակոծությունից հետո Ալ-Զարքավիի ապաստարանում հայտնաբերված մեծ քանակության տեղեկությունները նոր լույս են սփռել Ալ-Քայդայի գործողությունների վրա։

Ռազմավարական եւ միջազգային ուսումնասիրությունների կենտրոնի ռազմական եւ հետախուզության հարցերով վերլուծաբան Անտոնի Քորդեսմանը հայտնել է, թե իրաքցիների մեծամասնությունը չի համակրել պարոն Զարքավիի եւ նրա Ալ-Քայդայի խմբին, եւ որ օտարերկրացի բազմաթիվ ապստամբներ, ովքեր մաս էին կազմել շարժմանը, արդեն սպանված են։

Այնուամենայնիվ, ասում է նա, դեռես շատ վաղ է կանխագուշակելը, թե Ալ-Քայդան ինչպիսի ուղղություն կվերցնի այժմ.

՚՚Ալ Քայդան մշտապես կարողանում է գտնել նոր բջիջներ եւ ղեկավարներ։ Սակայն կարծում եմ, բոլորը պետք է ըմբռնեն, որ առնվազն մի քանի շաբաթ ու թերեւս ամիսներ կտեւի մինչեւ լիովին հասկանանք, թե այս գործողությունն ի՞նչ արդյունքների է հանգեցրել՚՚։

Դոկտոր Քորդեսմանն այն վերլուծաբանների թվում է ովքեր ասում են թե սա վճռական պահ է Իրաքի վարչապետ Նուրի Ալ-Մալիքիի համար։ Պարոն Մալիքին անցած հինգշաբթի նշանակեց պաշտպանության, ներքին եւ ազգային անվտանգության նոր նախարարների։

Բացի այդ, վարչապետը կոչ է արել կազմալուծել կարծր գիծ վարող շիաների ժողովրդական աշխարհազորայինների խմբերը, որոնք խոչընդոտում են շիաների եւ սուննիների միջեւ հարաբերությունները բարելավելու ջանքերը։

Միացյալ Նահանգների ու Իրաքի ղեկավարները նաեւ ջանում են վերակազմակերպել եւ վերամարզել Իրաքի ոստիկանությունը։ Իրաքի ղեկավարությունը նաեւ սկսել է իր սեփական հետաքննությունը Իրաքի քաղաքացիների նկատմամբ ամերիկյան զինուժի ապօրինի գործողությունների մասին վկայությունների առնչությամբ։

Անտոնի Քորդեսմանն ասում է, թե այն կարծիքին է, որ սա երկարաժամկետ առումով կօգնի որոշ վստահություն ստեղծել իրաքցիների եւ Իրաքում տեղաբաշխված դաշնադրային զինուժի միջեւ.

՚՚…չափազանց կարեւոր է, որպեսզի իրաքցիները հետաքննեն դաշնադրային զինուժի կողմից իրաքցիների նկատմամբ անհարկի զենք օգտագործվելու մասին մեղադրանքները, որոնք պարզվելու են, որ բազմաթիվ դեպքերում կեղծ մեղադրանքներ են՚՚։

Դոկտոր Քորդեսմանն ասում է, թե անվազն մեկ տարի կտեւի այս փոփոխություները կատարելու համար, եւ ապստամբները շարունակելու են վերախմբավորվել եւ սադրել նոր բռնարարքներ։

Միաժամանակ, Աբու Մուսաբ Ալ-Զարքավիի ընտանիքը հայտնել է, թե ցանկանում է նրա դիակը թաղել իր հայրենիքում՝ Հորդանանում, եւ նրա հիշատակը մեծարել որպես իր գործի համար մարտիրոսվածի։

XS
SM
MD
LG