Մատչելի հղումներ

Նախագահ Ջորջ Բուշը խոստանում է պատժել Հադիթայում  կոտորածի մեղավորներին


Նախագահ Բուշը, ամերիկյան բանակի բարձրաստիճան սպաներն ու Իրաքի նոր կառավարությունը կարգադրել են հետաքննել ամերիկացի զինվորների կողմից անցյալ նոյեմբերին Իրաքի քաղաքացիների կոտորվելու վկայակոչված դեպքը։

Վկայակոչաբար, առնվազն 15, ու թերեւս 24 անմեղ իրաքցիներ են սպանվել Հադիթայում, Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի զինվորների կողմից, ովքեր մոլեգնել էին ապստամբների հարձակման ժամանակ իրենց ընկերներից մեկի՝ կրտսեր կապրալ Միգել Տերազասի զոհվելու հետեւանքով։

Տեղեկությունների համաձայն, սպանված իրաքցիների թվում են կանայք ու երեխաներ։ Տասներկուամյա Սաֆա Յունիսը գոյատեւել է մահացած ձեւանալով.

՚՚Ամերիկացիները դուռը ծեծեցին։ Հայրս գնաց այն բացելու։ Չինվորները նրան սպանեցին դռան ետեւից կրակելով, նրանք հորս վրա կրակեցին նաեւ դուռը բացելուց հետո՚՚։

Նախագահ Բուշն ասում է, թե ռազմածովային ուժերի հետեւակի ղեկավարության հետ անհանգստացած է մեղադրանքներից.

՚՚Ռազմածովային ուժերի հետեւակում ծառայում են բազմաթիվ զինվորներ, ովքեր ազնիվ մարդիկ են եւ հասկանում են պատերազմի օրենքները։ Ու եթե այս մեղադրանքները ճշմարիտ են, ապա ռազմածովային ուժերն ամեն ինչ կանի, որպեսզի օրենքը խախտած անձինք, եթե նրանք իրոք խախտել են այն, պատժվեն՚՚։

Ռազմածովային ուժերի հետեւակի հրամանատար, գեներալ Մայքլ Հեյգին իր զինվորներին վերստին այցելել է անցնող մայիսին, մի անսովոր հիշեցում կատարելու համար, որ մահացու ուժը պետք է լինի ՚՚արդարացված, եւ ամենակարեւորը՝ օրինական՚՚։

Գեներալը նաեւ նախազգուշացրել է, որ պատերազմի վտանգից անզգայացած զինվորները դառնում են անտարբեր կյանքի կորստի նկատմամբ։ Ռազմական հարցերով փորձագետ Անտոնի Կորդեսմանն ասում է, թե անտարբեր զինվորն անձեռնհաս մարտիկ է, ում սխալ գործողությունները գրգռում են թշնամուն.

՚՚Ամեն անգամ երբ որեւէ զինվոր այս կերպ կորցնում է իր վերահսկողությունը, անուղղակիորեն պատճառ է դառնում այլ ամերիկացիների սպանվելու՚՚։

Իրաքի վարչապետ Նուրի Ալ-Մալիքին ասում է, թե կորցնում է իր համբերությունը Հադիթայի սպանություններում ամերիկացիների ՚՚արդարացումներից՚՚։

Պարոն Մալիքին Ռոյթերզ լրատվական գործակալությանը հայտնել է, թե նաեւ ծրագրում է որպեսզի խնդիրը քննարկվի Իրաքի կողմից։ Պարոն Կորդեսմանի կարծիքով սա կարեւոր է.

՚՚Այս կառավարությունը պետք է ի վիճակի լինի ապավինել իր ուժերին։ Այն պետք է ցույց տա, որ իսկապես ինքնիշխան է։ Եթե Միացյալ Նահանգները սխալներ է գործում, Իրաքի կառավարությունը պետք է իրավունք ունենա ազատորեն քննադատել դրանք։ Իսկ եթե մե՛նք ենք սխալներ գործում, պետք է ցույց տանք, որ ամերիկացի զինվորներին կենթարկենք պատասխանատվության ՚՚։

Ամերիկյան զինուժերի միացյալ սպայակույտի նախագահ, գեներալ Փիթր Փեյսն ասում է, թե սպանություններով զբաղվում են զինվորական երկու հետաքննություններ.

՚՚Դրանցից մեկը ջանում է պարզել տեղի ունեցածը։ Մյուսը բացահայտելու է, թե ինչու՞ է այդքան ձգձգվել տեղի ունեցածի մասին պարզելը՚՚։

Դեռեւս հստակ չէ, թե ամերիկյան զինուժի պաշտոնատարները ե՞րբ են տեղյակ պահվել դեպքի մասին, կամ թե նրանք ի՞նչ են ձեռնարկել այդ ուղղությամբ։ Եթե հետաքննությամբ պարզվի, որ նրանք այդ մասին տեղյակ են եղել վաղուց, սակայն հետամուտ չեն եղել արդարադատության, ապա այդ պաշտոնատարները նույնպես կարող են դիմակայել հանցագործության մեղադրանքներ։

Սպիտակ Տան խոսնակ Թոնի Սնոուն ասում է, թե նախագահ Բուշը դեպքի մասին սկզբում իրազեկ է եղել այս տարվա փետրվարին։

XS
SM
MD
LG