Մատչելի հղումներ

Մտահոգություններ մարդկանց միջեւ թռչնագրիպի փոխանցման առնչությամբ


Վերջերս Ինդոնեզիայում թռչնագրիպից մահացան մի ընտանիքի 7 անդամներ։ Գիտնականները խիստ մտահոգված են մարդկանց միջեւ մահացու այս հիվանդության մանրէի փոխանցման հավանականության հարցով։

Ինդոնեզիայի դեպքը առնչված է թռչնագրիպից մահացածների ամենամեծ խմբին։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության խոսնակ Փիթըր Քորդինգլին ասում է, թե տեղի ունեցածը խիստ մտահոգություն է պատճառում.

՝՝Մենք մասնագետների խումբ ենք ուղարկել այնտեղ, որը սակայն որեւէ կենդանուց այդ մանրէի փոխանցման ապացույց չի հայտնաբերել։ Հետեւաբար, մենք այս դեպքը հետաքննելու ենք որպես մարդկանց միջեւ մանրէյի փոխանցման դեպք՝՝։

Սակայն, Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետները դեռեւս չեն ապացուցել, որ թռչնագրիպի մանրէն փոխակերպվելով այս հիվանդության համաճարակ է սկսել։

Թռչնագրիպի առաջատար մասնագետ Դոկտոր Անտոնի Ֆոչին ասել է, թե գրիպի մանրէն բժշկագիտության անցյալում փոխակերպման ենթարկվելու հակվածություն է ցույց տվել։

Դոկտոր Ֆոչին ասել է, որ համաճարակները, այնպես ինչպես երկրաշարժները, անխուսափելի բնական աղետներ են , եւ դրանք կանխագուշակելը անհնար է։ Սակայն նա նախազգուշացրել է, որ անհրաժեշտ է նախապատրաստվել դրանց հավանականությանը.

՝՝Հարկավոր չէ խուճապի մատնվել, սակայն հանրային առողջապահության հնարավորությունների առումով անհրաժեշտ է նախապատրաստվել։ Անհրաժեշտ է զարգացնել հիվանդության կանխման պատվաստանյութեր եւ դեղեր՝՝։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության համաձայն մարդկանց շրջանում թռչնագրիպի մահացու դեպքեր մինչեւ այժմ գրանցվել են Վիետնամում, Ինդոնեզիայում, Թայլանդում եւ Չինաստանում։ Իսկ ամբողջ աշխարհում, թռչնագրիպով վարակված 218 անձանց կեսից ավելին մահացել է։

XS
SM
MD
LG