Իրանը հայտնել է, թե ուրանի հարստացման իր ծրագիրը բանակցությունների ենթակա չէ, հայտարարություն՝ որը վերստին խոչընդոտում է Իրանի միջուկային գաղտնի աշխատանքները դադարեցնելու Եւրոպայի ջանքերը։
Իրանի նախագահական խոսնակներից մեկն ասում է, թե Իրանը չի հրաժարվի միջուկային հետազոտություններ կատարելու եւ վառելանյութ մշակելու իր իրավունքից։ Խոսնակի հայտարարությունն արձագանքում է Իրանի նախագահ Ահմադինեջադի ավելի վաղ կատարած հայտարարությանը, ով մերժել էր ուրանի հարստացման Իրանի ծրագիրը դադարեցնելու նպատակով իր երկրին Եւրոպական երկրների ավելի վաղ առաջարկած օգտավետ պայմանները։
Արեւմտյան բազմաթիվ երկրներ կասկածում են, որ Իրանի ծրագիրը միջուկային զենքեր պատրաստելու նախագծի մաս է կազմում, որը Թեհրանը ժխտում է։ Վերջերս կայացած հավաքներից մեկի ժամանակ նախագահ Ահմադինեջադն արհամարհաբար մեժեց օգտավետ պայմաններ առաջարկելու Եւրոպական ծրագիրը, որով նաեւ նախատեսվում էր Իրանին հատկացնել ջրով զովացվող միջուկային ռեակտոր։
՚՚Կարծում եք գործ ունեք չորսամյա երեխայի հե՞տ, որին կարող եք նվիրել մի քանի ընկույզ եւ շոկոլադ ու նրանից ոսկի՞ վերցնել՚՚։
Նրա առարկությունը, որն արժանացավ հավաքի մասնակիցների ծափահարություններին, կարող է Իրանին դնել Եւրոպական երկրների եւ Վաշինգտոնի հետ ընդհարման ուղու վրա։ Նրանք քննարկում են պատժամիջոցներ հարկադրել Իրանին, որպեսզի Թեհրանին թույլ չտան ստեղծելու միջուկային զենք։
Ջորջթաունի համալսարանի պրոֆեսոր Շիրին Հանթըրն ասում է, թե ինչպես երեւում է, Իրանի ղեկավարն այն կարծիքին է, որ իր գործողությունները հետեւանքներ չեն ունենա.
՚՚Նա թերեւս սխալ պատկերացման մեջ է, որ պատժամիջոցներ, ռազմական հարձակումներ չեն լինի։ Կարծում եմ, այդ խնդիրը սխալ հաշվարկելու դեպքում Իրանն անշուշտ չափազանց կտուժի։ Այսպիսով, սա մոլորության մեջ գցող իդեալիզմի եւ սխալ հաշվարկման համակցություն է Իրանի դեմ պատժիչ գործողությունների լրջության հավանականության մասին՚՚։
Սակայն թվում է, որ պարոն Ահմադինեջադի ռազմավարության նպատակն առայժմ Իրանում ազգայնամոլական աջակցություն ապահովելն է երկրի միջուկային նկրտումների համար։ Միաժամանակ, Միացյալ Նահանգների արտգործնախարար Կոնդոլիզա Ռայսը ՚՚Էն-Բի-Սի՚՚ հեռուստակայանի ՚՚Հանդիպում մամուլի հետ՚՚ ծրագրով ելույթ ունենալիս ասել է, թե Վաշինգտոնն անվտանգության երաշխիքներ չի տա Իրանին, որը մաս կկազմեր օգտավետ պայմանների փաթեթի.
՚՚Փոքր-ինչ տարօրինակ է անվտանգության երաշխիքների մասին խոսելը, երբ հարցը վերաբերում է իրանցիների վարքագծին։ Այո, միջուկային խնդիրը կարեւոր է, սակայն եկեք հիշենք, որ սա պետություն է, որը սպառնում է կործանել Իսրայելը. Իրանն ահաբեկչությանն աջակցող գլխավոր երկրներից մեկն է, որը բռնարարքային գործողություններ է հրահրել Իրաքի հարավում, ու թերեւս տրամադրում է տեխնոլոգիա, որն օգտագործվում է մեր զինվորների դեմ։ Անշուշտ, տարօրինակ է այս կացության մեջ անվտանգության երաշխիքների մասին խոսելը՚՚։
Սակայն, փակուղուն դիվանագիտական լուծում գտնելու ջանքերը շարունակվեցին անցնող երկուշաբթի, երբ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Պեկինում հանդիպեց Չինաստանի ղեկավար Հու Ջինտաօյի հետ։
Երկու ղեկավարները համաձայնել են, որ Իրանը չպետք է ունենա միջուկային զենքեր, սակայն հայտնի չէ, թե նրանք արդյո՞ք քննարկել են Թեհրանի դեմ հնարավոր պատժամիջոցների հարցը, որին Գերմանիան կողմ է, իսկ Պեկինն ընդդիմանում է։