Մատչելի հղումներ

Աշխատանքի հարկադրվող երեխաների թիվն առաջին անգամ նվազում է աշխարհում


Սոցիալական արդարությանն ու աշխատանքային իրավունքին աջակցող ՄԱԿ-ի գործակալություններից մեկի կողմից հրապարակված նոր զեկույցի համաձայն, աշխատանքի հարկադրվող երեխաների թիվն առաջին անգամ նվազում է աշխարհի երկրներում։

Աշխատանքի միջազգային կազմակերպությունը հրապարակել է զգույշ՝ սակայն լավատեսական զեկույց, որի համաձայն աշխարհի տարբեր երկրներում աշխատող երեխաների թիվն անցած չորս տարում նվազել է 11 տոկոսով, որը 246 միլիոնից նվազել է 218 միլիոնի։

Զեկույցի հեղինակներից Լի Սվեփսթոնն ասում է, թե գործակալության նպատակը երեխաների աշխատանքի վատթարագույն ձեւերը վերացնելն է մինչեւ 2016 թվականը։

՚՚Վատթարագույն ձեւերն, օրինակ, երեխաների ստրկությունը, պոռնկությունն ու չափազանց վտանգավոր աշխատանքն են, որոնք մեր կարծիքով, մեծ ջանքերով կարելի է վերացնել հաջորդ տասը տարում՚՚։

Ենթասահարային Աֆրիկան ներկայումս ունի վատթարագույն խնդիրը, քանի որ հիսուն միլիոն երեխաների հարկադրում են աշխատել ՁԻԱՎ-ի եւ ՄԻԱՎ-ի համաճարակի պատճառով, որոնց հետեւանքով չափահաս բնակչության թիվը խիստ նվազել է։ Մյուս կողմից, Բրազիլիայում աշխատող երեխաների թիվը նվազել է երկու երրորդով, մեծամասամբ աղքատությունը նվազեցնելու ծրագրերի շնորհիվ։

Չնայած պարզելը շատ ավելի դժվար է, պարոն Սվեփսթոնն ասում է, թե ամենախոշոր առաջընթացը եղել է Ասիայում.

՚՚Եթե ճիշտ ենք, ապա դա հավանաբար Չինաստանն է, քանի որ նրա՛նք են կատարել աղքատությունը վերացնելու ուղղությամբ խոշորագույն քայլը։ Սակայն առկա են այլ երկրներ, ինչպես օրինակ, Թայլանդը, որն անցած տասը տարում չափազանց մեծ ջանք է կատարել եւ այժմ սկսում է տեսնել որոշ առաջընթաց՚՚։

Վտանգավոր պայմաններում աշխատող երեխաների կացության բարելավման խնդրում նույնիսկ է՛լ ավելի մեծ առաջընթաց է արձանագրվել. նրանց թիվը նվազել է 26 տոկոսով։

Գէըր Միրսթադը, ով Երեխաների աշխատանքը վերացնելու Միջազգային ծրագրի ղեկավարներից է, ասում է թե քաղաքական հարաճուն կամքը հանգեցրել է աշխարհի երկրներում երեխաների աշխատանքի դեմ շարժման, սակայն ասում է, թե անհրաժեշտ է ավելին անել.

՚՚Փաստը, որ հաջողությունների ենք հասել, չի նշանակում թե այժմ հանգստանալու ժամանակն է։ Այժմ ավելի մեծ աշխատանք տանելու եւ ավելի ուժեղ ու ընդարձակ միություն ունենալու ժամանակն է՚՚։

Միացյալ Նահանգների սենատոր Թոմ Հարկինը, ով աշխատել է կոնգրեսական ֆինանսավորում ապահովել երեխաների աշխատանքը դադարեցնելու նպատակով, համաձայնում է այս մտքին.

՚՚Աշխարհի երկրների կառավարությունների համար բավարար չէ պարզապես ստորագրել Աշխատանքի միջազգային կազմակերպության համաձայնագիրը եւ հույս տածել, որ երեխաների աշխատանքն ինքն իրեն կվերանա։ Այն չի վերանա։ Մենք պետք է խոսքը վերածենք գործի, եւ դա կարելի է իրագործել՚՚։

Զեկույցն առաջիկա հունիսին ներկայացվելու է Աշխատանքի միջազգային կազմակերպության անդամ երկրների խորհրդաժողովին՝ վավերացվելու համար։

XS
SM
MD
LG