Մատչելի հղումներ

Ապօրինի ներգաղթողները փորձում են ցուցադրել իրենց տնտեսական ուժը


Միլիոնավոր ներգաղթողներ մասնակցեցին մայիսի մեկին կազմակերպված համերկրային մեկօրյա բողոքի ցույցին, որի նպատակը Ամերիկայի մոտավորապես տասներկու միլիոն հաշվող ապօրինի ներգաղթողների տնտեսական ուժը ցուցադրելն էր։ Այդ օրն ապօրինի ներգաղթողներն ու նրանց աջակիցները չգնացին աշխատանքի, խանութներ եւ չհաճախեցին դպրոց։ Ակնկալվում էր, որ համազգային մեկօրյա ցույցը հեռու գնացող ազդեցություն կունենա առօրյա կյանքի վրա։

Բոյկոտը կազմակերպած ՚՚Միացյալ Նահանգների Իսպանախոսների շարժում՚՚ կազմակերպության ղեկավար Խուան Հոսե Գուտիերեսն ասել է, թե պատգամը հստակ էր. ամերիկացիներին անհրաժեշտ է ներգաղթողների էժան աշխատուժ.

՚՚Ամերիկացիների բակերը չեն մշակվի, կամ բակի խոտը չի կտրվի։ Ապօրինաբար ներգաղթած կանայք այլեւս չեն խնամի նրանց երեխաներին։ Շինարարական աշխատանքները կանգ կառնեն Ամերիկայում՚՚։

Սակայն քաղաքներից բացի, ուր տեղի ունեցան խոշոր հավաքներ, շինարարական աշխատանքները կանգ չառան Ամերիկայի ամբողջ տարածքում։ Հիմնականում ներգաղթողներով բնակեցված մայրաքաղաք Վաշինգտոնի Ադամզ Մորգանի որոշ շրջաններում մի քանի խանութներ եւ ռեստորաններ էին փակ օրվա ընթացքում։

Սակայն ՚՚Կասա Լեբրաթո Բոդեգա՚՚ խանութի տերը, Լինա Կիմն ասում է, թե իր բոլոր աշխատողները ներկայացել են աշխատանքի.

՚՚Կարծում եմ, փողոցի հանդիպակած մասում գտնվող ՚՚Պոլո Գրանդե՚՚ ռեստորանը փակ է, եւ փակ է դրան կից իսպանախոսների ռեստորանը, ու իմ կարծիքով իսպանախոսների պատկանող մի քանի շուկաներ նույնպես փակ են, եւ թվում է, դրանից բացի ամեն ինչ կարգին է՚՚։

՚՚Լաուրիոսի՚՚ ռեստորանի վարիչ Խուան Լոպեսի համաձայն, նույն կացությունն է նաեւ իրենց մոտ.

՚՚Մինչեւ այժմ մեր աշխատողները չեն բացակայում, բոլորն աշխատանքի են ներկայացել ժամանակին՚՚։

Սակայն բողոքի ցույցի կազմակերպիչներն ասում են, թե ծրագրված բոյկոտին բազմաթիվ անձինք չեն մասնակցել աշխատանքը կորցնելուց, կամ թերեւս բռնի հայրենադարձվելուց երկյուղելու պատճառով։ Խոշոր ընկերությունները խառը վերաբերմունք են ցուցաբերել բոյկոտի առնչությամբ։

Միացյալ Նահանգներում պարեն տարածող իսպանախոսների խոշորագույն ընկերության՝ ՚՚Գոյա Ֆուդզ՚՚ -ի վարիչներից մեկը, ով նախընտրեց չհայտնել իր ինքնությունը ասել է, թե ընկերությունը բոյկոտի օրն առկախել է իր բոլոր առաքումները.

՚՚Լինելով ներգաղթողների ընկերություն, որոշեցինք թե դա ճիշտ քայլ է կատարելու՚՚։

Որոշ ընկերություններ շատ ավելի խիստ դիրքորոշում ընդունեցին։ Լոնի Քեյնը ՚՚Կարեն Քեյն՚՚ հագուստ արտադրող ընկերության նախագահն է.

՚՚Նրանք չեն եկել այս երկիր բողոքելու, կամ քայլարշավների մասնակցելու համար։ Նրանք եկել են իրենց ընտանիքներին կերակրելու նպատակով՚՚։

Սակայն իսպանախոս համայքների ղեկավարներ ասում են, թե ապօրինի ներգաղթողները դրանից ավելին են անում։ Նրանք ասում են, թե ամեն տարի Մեքսիկայից Միացյալ Նահանգներ ներթափանցող մոտավորապես կես միլիոն անձինք կարեւոր դեր են խաղում երկրի տնտեսությունում աշխատանքներ կատարելով, որոնք ամերիկացիները չեն ցանկանում անել։

՚՚Ագարակագործության ամերիկյան բյուրո՚՚ կազմակերպության կատարած ուսումնասիրություններից մեկի համաձայն, ապօրինի աշխատուժի դեմ խիստ միջոցներ կիրառելու պատճառով ագարակագործությանը կհասցվի տարեկան մինչեւ հինգ միլիարդ դոլար գումարի վնաս, ու երկիրը նաեւ կզրկվի հարյուրավոր միլիարդ դոլարի եկամտից եւ եկամտահարկերից։

XS
SM
MD
LG