Մատչելի հղումներ

ՄԱԳԱՏԷ-ն զեկուցել է ՄԱԿ-ին ...


Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ներկայացրել է զեկույց՝ ուր ասվում է, թե Իրանը չի դադարեցրել ուրանի հարստացումը իրեն տրված ժամանակացույցի ընթացքում։

Զեկույցն ուղի է հարթում Իրանի դեմ պատժամիջոցներ հաստատելու համար։ Նախագահ Բուշն արագորեն արձագանքեց ՄԱԳԱՏԷ-ի զեկույցին թղթակիցներին հայտնելով, թե միջուկային զենքեր ունենալու Իրանի ենթադրյալ միտումը վտանգավոր է։ Սակայն նախագահը նաեւ շեշտեց խնդիրը դիվանագիտական ճանապարհով լուծելու իր փափագը.

՚՚Դիվանագիտական գործընթացը նոր է սկսվում, մենք ստեղծում ենք միանման մտածող երկրների դաշնադրություն որոնք այն կարծիքին են, թե իրանցիները չպետք է ունենան միջուկային զենք եւ ես ամերիկյան ժողովրդին ասել եմ, թե իմ առաջին ընտրությունը դիվանագիտական ուղին է՚՚։

ՄԱԳԱՏԷ-ի նախագահ Մոհամեդ Էլբարադեյի զեկույցում ասվում է, որ անտեսելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումը Իրանը շարունակում է ուրանի հարստացման հետ կապված իր գործունեությունը։

Զեկույցում նաեւ ասվում է, որ Թեհրանն ընդդիմանում է միջուկային զենքեր իր ստեղծելու առնչությամբ առկա կասկածների հետ կապված հարցերին պատասխան ստանալու գործակալության փորձերին։

Իրանը հայտարարել է, թե իր ծրագիրը հետապնդում է միայն տնտեսական նպատակ, իսկ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադն արհամարհաբար է արձագանքել Վաշինգտոնի նախազգուշացումներին, որ Անվտանգության խորհրդին կհորդորի սահմանափկումներ հարկադրել Թեհրանին։

ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Բոլթոնն անցած ուրբաթ օրը հայտարարել է, թե Վաշինգտոնը հետամուտ կլինի ՄԱԿ-ի կանոնադրության յոթերորդ կետին, որը կարող է թույլատրել Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցներ, կամ թերեւս ռազմական գործողություն։

՚՚Դրա իմաստը միջազգային համայնքի ճնշումը սաստկացնելն է Իրան վրա, ցույց տալու համար, թե Թեհրանը որքան մեկուսացած է, թե միջուկային զենքերի իրանցիների ձգտելը որքան անընդունելի է։ Իրանի կառավարության համար դեռեւս ժամանակ կա ետ շրջելու իր ռազմավարական քաղաքականությունը։ Մենք պատրաստ ենք շարունակելու Անվտանգության խորհրդում աշխատելը, սակայն ոչ անսահմանափակ ժամանակով՚՚։

Սակայն Անվտանգության խորհրդի միջոցով Իրանին սպատժամիջոցներ հարկադրելը թերեւս դժվար կլինի, հատկապես երբ դրա մշտական անդամներից Չինաստանն ու Ռուսաստանն ընդդիմանում են դրան։ Մերձավոր Արեւելքի ինստիտուտի աշխատակից Ջոն Քալաբրիսն այս մասին ասում է.

՚՚Անվտանգության խորհրդի մյուս անդամները նշում են, թե ժամանակը չէ նույնիսկ քննարկելու՝ առավել եւս պատժամիջոցներ հարկադրելու Իրանին, այդ իսկ պատճառով չեմ կարծում թե Անվտանգության խորհուրդը խնդրի առնչությամբ իսկապես կընդունի բանաձեւ, կամ տնտեսական իմաստալից սահմանափակումներ հարկադրելու մասին որոշում. անշուշտ ոչ հաջորդ մի քանի ամիսների ընթացքում՚՚։

Պատժամիջոցներ հարկադրելու այս վարանումն անցած ուրբաթ ակնառու էր ՄԱԿ-ում, որը շեշտվեց Չինաստանի դեսպան Վան Գուանգյայի հայտարարությունում.

՚՚Կարծում եմ, Խորհրդի գրեթե բոլոր անդամների՝ այդ թվում բոլոր խոշոր տերությունների կարծիքն այն է, որ սա կարեւոր խնդիր է, եւ բոլորս ցանկանում ենք դիվանագիտական լուծում, քանի որ այս տարածաշրջանն արդեն իսկ բարդ է՚՚։

Իրանի նախկին նախագահ Հաշեմի Ռաֆսանջանին կոչ է արել բանակցություններ վարել եւ նախազգուշացրել է լուրջ հետեւանքներից, եթե Անվտանգության խորհուրդը հարկադրի սահմանափակումներ։ Միաժամանակ հավատացյալները Միացյալ Նահանգների եւ Իսրայելի դեմ լոզունգներ էին վանկարկում անցած ուրբաթ օրը, իրենց աղոթքի ժամանակ։

Միացյալ Նահանգների արտգործնախարարությունն անցած ուրբաթ Իրանին որակեց որպես ՚՚ահաբեկչությանն աջակցող երկիր՚՚։

Արտգործնախարարությունն իր զեկույցում Իրանին մեղադրել է իր հետախուզության նախարարությունն ահաբեկչական գործողություններ ծրագրելու եւ դրանց աջակցելու խնդրում օգտագործելու մեջ, որը եւս մեկ նշան է, թե Իրանի միջուկային նկրտումների առնչությամբ Թեհրանի հետ հակամարտությունը շուտով վերջ գտնելու նշաններ չույց չի տալիս։

XS
SM
MD
LG