Ակնկալվում է, որ Միացյալ Նահանգների սենատը վերստին կքննարկի ներգաղթի օրենքների բարեփոխման հարցը։ Իսպանախոս ներգաղթողների իրավապաշտպան մի քանի խմբեր մայիսի մեկին ծրագրում են մեկօրյա տնտեսական բոյկոտ։
՚՚Այո, դա կարելի է անել՚՚ կարգախոսը դարձել է Միացյալ Նահանգներում հարյուր հազարավոր իսպանախոսների հավաքի կոչ, ովքեր ցույցեր էին անում ներգաղթի բարեփոխման օրենսդրության օգտին։
Հավաքները, որոնք սկսվեցին Ներկայացուցիչների Պալատում մի օրինագծի քննարկվելու հետեւանքով, որի համաձայն Միացյալ Նահանգներում ապօրինի մնալը համարվելու էր հանցանք, գործողության մղեց իսպանախոսներին, եւ կարող է ստեղծել քաղաքական ազդեցիկ շարժում։
՚՚Այսօր քայլարշավում ենք, վաղը քվեարկելու ենք՚՚, կարգախոսը հստակ պատգամ է քաղաքագետներին այս ընտրական տարում։ Միքի Իբարան գլխավորում է մայրաքաղաք Վաշինգտոնում հաստատված կառավարական եւ հասարակական հարաբերությունների ընկերություն.
՚՚Սա շատ կարեւոր է, կարծում եմ, բազմաթիվ քաղաքներում այսքան մեծ թվով ցույցերը շրջադարձային կետ են իսպանախոս համայնքի քաղաքական հասունության գործում։ Իմ կարծիքով, համայնքի գլխավոր խնդիրն այժմ իր անդամներին համախմբելն ու քվեարկության համար արձանագրելն է՚՚։
Երկրի 16 միլիոն իսպանախոս քվեատուներից 2004 թվականի ընտրություններին մասնակցեց ընդամենը յոթ միլիոն քվեատու։ Դա նշանակում է, որ երկրի 41 միլիոն իսպանախոսներն ինչպես հարկն է ներկայացված չեն քաղաքական ասպարեզում, ասում է Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանի քաղաքագետ Ջոն Սայդսը.
՚՚Այսպիսով, չնայած իսպանախոսների թիվն ավելանում է որպես ամերիկացի բնակիչների հատվածախումբ, որը բնակչության ամենաարագ աճող մասն է, դա չի արտացոլվում քաղաքական իշխանությունում, եւ չի համապատասխանի նրանց թվական կազմին՚՚։
Հանել այլընտրանքային հատվածը Սենատորները փորձում են փոխզիջման հասնել ներգաղթի մի օրինագծի շուրջ, որն ապօրինի ներգաղթողներին կընձեռի օրինական կերպով աշխատելու թույլտվություն եւ նրանց որոշ մասին վերջիվերջո կթույլատրի ստանալ քաղաքացիություն։
Սակայն Ներկայացուցիչների Պալատում հաստատված մի օրինագծով ուշադրությունը կենտրոնացվում է սահմանների անվտանգության ու ներկայումս մոտավորապես 12 միլիոն ապօրինի ներգաղթողների՝ երկրում գտնվելու խնդրի վրա։
Երկու օրինագծերի միջին տարբերակի շուրջ համաձայնության հանգելը դժվարին է լինելու կոնգրեսի երկու պալատները վերահսկող Հանրապետական Կուսակցության համար։ Իսպանախոսների աջակցությունը հրապուրելու հետեւանքով կուսակցության ստացած օգուտները կարող են ի չիք դառնալ, ասում է նախկին նախագահ Բիլ Քլինթընի ավագ խորհրդական Միքի Իբարան.
՚՚Անշուշտ, եթե հանրապետականները մեղադրվեն 12 միլիոն ապօրինի իսպանախոսների հանցագործ համարելու օրենսդրությունը հաստատելու մեջ, կարծում եմ իսպանախոս համայնքը խիստ կվրդովվի, Հանրապետական Կուսակցությանը կմեղադրի դրա մեջ եւ կպատժի ընտրություններում՚՚։
Նման դեպք արդե՛ն իսկ տեղի է ունեցել Կալիֆոռնիայում 1990-ական թվականների կեսերին, երբ իսպանախոսները զանգվածաբար քվեարկեցին Հանրապետական Կուսակցության դեմ, երբ այդ տարիների նահանգապետ Փիթ Վիլսոնը պաշտպանեց ապօրինի ներգաղթողներին հասարակական ծառայություններն արգելող թիվ 187 կոչվող առաջարկը։
Օրենսդիրները թերեւս չեն մոռացել Կալիֆոռնիայի իրադարձությունները, մինչ աշխատում են մշակել ներգաղթի օրինագիծը։ Սա ընտրական տարի է, եւ ընդդիմադիր Դեմոկրատական Կուսակցությունը հույս ունի վերատիրանալ կոնգրեսի վերահսկողությանը։ Մնում է տեսնել, թե իսպանախոսների քվեներն ինչպե՞ս կարող են ազդել ընտրությունների արդյունքի վրա։