Մատչելի հղումներ

Չեռնոբիլի ատոմակայանը քսան տարի անց


Քսան տարի առաջ, 1986 թվականի ապրիլի քսանվեցին Ուկրաինայի Չեռնոբիլի ատոմակայանում տեղի ունեցած խոշոր վթարի հետեւանքով առաջացած ռադիոակտիվ ամպերը վնասեցին Եւրոպայի երկրների միլիոնավոր անձանց։ Խորհրդային Միության կառավարությունն աղետի մասին հայտնեց միայն երեք օր անց, երբ Շվեդիայի ատոմակայաններից մեկում ռադիոակտիվությունը չափող ազդանշանային համակարգը սկսեց հաղորդել տագնապի ազդանշաններ։

Սա աշխարհում միջուկային վատթարագույն աղետն էր։ Հզոր պայթյունի հետեւանքով Չեռնոբիլի ատոմակայանի չորրորդ ռեակտորի ծածկոցը հօդս ցնդեց։ Պայթյունի հետեւանքով մթնոլորտ արտանետվեց 110 տոննա ուրան եւ 900 տոննա ռադիոակտիվ գրաֆիտ։

Մոտավորապես տասն օր շարունակ, ռեակտորից օդ էին արձակվում ռադիոակտիվ նյութեր, քանի որ Խորհրդային Միությունը չգիտեր, ինչպես մարել մահացու հրդեհը։ Մաքրման աշխատանքներին մասնակցում էր 350 հազար մարդ, որոնցից շատերը ստացան ճառագայթման չափազանց բարձր չափ։

Այս կարգի աշխատանքի համար Խորհրդային Միության փորձված միջոցը մարդկանց աշխատանքն էր։ Հինգ ամիս անց, կառուցվեց 150 մետրանոց երկաթ-բետոնից սարկոֆագ՝ չորրորդ ռեակտորի ավերակները ծածկելու համար։ Չեռնոբիլի տեղեկատվական բաժնի աշխատակցուհի Յուլյա Մարուսիչն ասում է քսան տարի անց դեռեւս չափազանց բարձր է ճառագայթման մակարդակը.

՚՚Կառուցված ծածկոցն անկայուն է եւ անապահով։ Սարկոֆագը կառուցվեց ուղղաթիռներից նետվող երկաթ-բետոնով։ Մի կողմից դրա շնորհիվ նվազեց մարդկանց ճառագայթահարվելը, սակայն մյուս կողմից, այդ միջոցի հետեւանքով չպահպանվեց ծածկոցի կառուցման ճշգրտությունը՚՚։

Օտարերկրյա փորձագետները հաստատում են, որ սարկոֆագը քայքայվում է եւ կարող է փլվել։ Ուկրաինայում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ղեկավար Ֆրենսիս Օ՚ Դոնելն ասում է, թե նաեւ խնդիր է հարուցում ավերված ռեակտորը.

՚Ուկրաինայում դեռեւս չգիտեն ինչպես վարվել ռեակտորում պարունակվող 180 տոննա ուրանի վառելանյութի հետ, չկա միջուկային թափոնները թաղելու ռազմավարություն։ Աղետից քսան տարի անց կարելի էր ավելին անել՚՚։

Սարկոֆագն ու դրա տակ գտնվող տոննաներով միջուկային վառելանյութը միակ խնդիրը չեն։ Առկա են երեք այլ ռեակտորներ, որոնք սարկոֆագը կառուցվելուց կարճ ժամանակ անց վերսկսեցին իրենց աշխատանքը։ Դրանք չէին անջատվել մինչեւ 2000 թվականը, եւ դա արվեց միայն միջազգային համայնքի ճնշման ներքո։

Ուկրաինան չունի իր ատոմակայանի միջուկային վառելանյութը երկարաժամկետ պահեստավորելու տեղանքներ։ Օլեգ Ռյազանովը Չեռնոբիլի առաջին ռեակտորի ինժեներներից է, ով հետեւում է վնասված ռեակտորի կացությանը։ Նա ասում է, թե խնդիրը ֆինանսական միջոցներն են.

՚՚Ունենք տեխնոլոգիան, մասնագետները, գիտելիքները, փափագը, սակայն չունենք ֆինանսական միջոցներ՚՚։

Եթե չորրորդ ռեակտորի սարկոֆագը փլվի, թերեւս տեղի կունենա ավելի նվազ ուժգնության մեկ այլ պայթյուն։ Դա կանխելու համար քսանութ երկրներ խոստացել են հանգանակել մոտավորապես 800 միլիոն դոլար, մետաղյա նոր սարկոֆագ կառուցելու համար։ Նախագծի համաձայն, ծրագիրը կիրագործվի մինչեւ 2010 թվականը։

Սակայն, հաշվումների համաձայն, նույնիսկ նոր սարկոֆագ կառուցելու դեպքում 30-ից 100 տարի կտեւի անվտանգ կերպով ձերբազատվելու ատոմայականում գտնվող վառելանյութից եւ փլատակներից։

XS
SM
MD
LG