Մեկ տակառ նավթի գինն անցյալ շաբաթ 75 դոլարից անցնելու պատճառներից մեկն Իրանի միջուկային ծրագրի շուրջ աշխարհի երկրներում լարվածությունն է։ Միացյալ Նահանգների արտգործնախարարության ավագ պաշտոնատարներն ասում են, թե միջազգային համայնքը կողմնակից է գործողության դիմելու, միջուկային զենքեր Իրանի ձեռք բերելը կանխելու համար։
Փոխարտգործնախարար Նիքըլս Բըրնզը վերջերս է վերադարձել Ռուսաստանի, Չինաստանի, Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի հետ բանակցություններից, որի նպատակն Իրանի վրա ճնշում գործադրելն էր, որպեսզի Թեհրանն առկախի միջուկային իր ծրագիրն ու վերադառնա բանակցությունների սեղանին։
Պարոն Բըրնզն ասել է, թե այդ երկրները համաձայն են, որ պետք է գործեն միասնաբար, Իրանին մեկուսացնելու համար եւ անհրաժեշտության դեպքում կքննարկեն դիվանագիտական եւ տնտեսական պատժիչ միջոցների շուրջ։ Պարոն Բըրնզն ասել է, թե ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում առկա է համաձայնություն, թե այն ինչպես կարելի է վերածել Ւրանի դեմ որոշակի գործողության.
՚՚Միջազգային համայնքի կողմից դռնփակ եւ հրապարակայնորեն քննարկվող ջանքերի թվում են Իրանի ղեկավարների դեմ սահմանափակումներ հաստատելը, որպեսզի նրանց համար անհնարին դառնա ճանապարհորդելը, այլ երկրներ նրանց մուտքի արտոնությունը եւ Իրանի միջուկային արդունաբերության համար անհրաժեշտ տեխնոլոգիաներ գնելն արգելելը՚՚։
Զենքերի վերահսկման հարցերով Միացյալ Նահանգների փոխարտգործնախարար Ռոբերտ Ջոզեֆն ասել է, թե այլ միջոցների թվում են Իրանի ֆինանսական շահերի դեմ սահմանափակումներ հարկադրելն ու այդ երկրի մատչելիությունն օտար երկրների տեխնոլոգիային եւ գիտելիքներին արգելելը։
Պարոն Ջոզեֆը հայտնել է, թե ուրան հարստացնելու առնչությամբ Իրանի վերջերս կատարած հայտարարությունը դեռեւս պետք է հաստատվի, սակայն ավելացրել է, թե հայտարարությանը կասկածելու նվազ առիթ կա։ Արտգործնախարարության պաշտոնատարն ավելացրել է, թե ուրանի որակը բավարար է հետագայում ցենտրիֆուգով մշակելու համար.
՚՚Իրանցիները պնդում են, որ բավարար չափով, մոտավորապես 110 տոննա ուրան են ստացել ՚՚Յու-Էֆ-վեց՚՚ որակի, որն օգտագործվում է ցենտրիֆուգում։ Դա կբավարարի միջուկային տասը զենք պատրաստելու համար՚՚։
Պարոն Ջոզեֆը նշել է, որ Իրանն ունի միջմայրցամաքային հրթիռներով հարձակվելու կարողություն եւ տիրում է այն կարծիքը, որ նա նաեւ ունի կենսաբանական եւ քիմիական զենքեր։ Պարոն Ջոզեֆն ասել է, թե Պարսից ծոցի մի քանի երկրների հետ քննարկել է այսպիսի սպառնալիքների դեմ պաշտպանվելու միջոցների շուրջ, ուր նա այցելել է այս ամսվա սկզբներին։
Երբ պարոն Ջոզեֆին հարց է տրվել, թե Իրանը կամ Միացյալ Նահանգների հետախուզությունն արդյո՞ք չի չափազանցում այդ երկրի միջուկային ծրագրի շուրջ տեղեկությունը, պարոն Ջոզեֆն ասել է, թե ՄԱԳԱՏԷ-ն նմուշներ է վերցնում, որն իր կարծիքով կհաստատի կասկածները, որ Թեհրանը ստեղծում է միջուկային զենքեր։