Մատչելի հղումներ

Միացյալ Նահանգների եւ Չինաստանի միջեւ բանակցությունները


Չնայած Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշն ու Չինաստանի նախագահ Հու Ջինտաոն իրենց բանակցությունների ժամանակ նշեցին, որ իրենց երկու երկրներն էլ ունեն նույնանման եւ երկուստեք օգտակար նպատակներ, այնուամենայնիվ, նրանց միջեւ մնում են խորը տարակարծություններ։

Ողջունելով Չինաստանի նախագահի այցը Սպիտակ Տուն, նախագահ Ջորջ Բուշն ասաց, թե Վաշինգտոնն ու Պեկինը ձգտում են ընդլայնել ՚՚ազատ եւ արդարացի առեւտուրը՚՚, որն օգտակար է երկու երկրների ժողովուրդների համար։ Սակայն պարոն Բուշն ավելացրեց, թե Պեկինն ավելին պետք է անի մարդու իրավունքների խնդրի առնչությամբ.

՚՚Չինաստանը դարձել է հաջողակ երկիր, որովհետեւ չին ժողովուրդը վայելում է գնելու, վաճառելու եւ արտադրելու ազատություն։ Չինասանը կարող է դառնալ նույնիսկ ավելի հաջողակ եթե իր ժողովրդին ընձեռի հավաքներ կազմակերպելու, ազատորեն արտահայտվելու եւ դավանանքի ազատություն՚՚։

Նման ազատությունների բացակայության շուրջ մտահոգությունը շեշտվեց, երբ մի կին ցուցարար չինարեն եւ անգլերեն լեզուներով սկսեց հայտարարություններ գոչել, քննադատելով պարոն Հուին։ Ցուցարարին արագորեն հեռացրեցին այդ շրջանից։

Բանակցություններից հետո Սպիտակ Տանը լուսանկարվելու ժամանակ, երկու ղեկավարներն իրենց հանդիպումը բնութագրեցին որպես անմիջական եւ բարեկամական։ Սակայն պարոն Բուշը չհայտնեց առեւտրի շուրջ իրենց բանակցություններում առաջընթաց ձեռք բերվելու մասին։

Վաշինգտոնը ջանում է նվազեցնել երկու երկրների միջեւ առեւտրի անհավասարաշռությունը, որի հետեւանքով Միացյալ Նահանգները Չինաստանի հետ առեւտրում ունի 202 միլիարդ դոլար գումարի բացասական հաշվեկշիռ։ Երկու երկրների ղեկավարները փորձեցին դրական լիցք հաղորդել առեւտրի շուրջ իրենց միջեւ քննարկումներին։ Պարոն Հուն այս մասին ասաց.

՚՚Մենք հասկանում ենք առեւտրի անհավասարակշռության, մտավոր ունեցվածքի եւ շուկային մատչելիություն ունենալու հարցերի առնչությամբ Ամերիկայի մտահոգությունը։ Մենք միջոցներ ենք ձեռնարկել եւ կշարունակենք քայլեր կատարել այդ հարցերն ինչպես հարկն է լուծելու համար՚՚։

Իսկ պարոն Բուշն ասաց.

՚՚Նա ընդունում է, որ Ամերիկայի հետ առեւտրի բացասական հաշվեկշիռը նշանակալից է, եւ այդպես չի կարող շարունակվել՚՚։

Անցյալ շաբաթվա սկզբներին պարոն Հուն հրապարակայնորեն բարեկամական քայլ կատարեց գործարարության բնագավառի ամերիկացի ղեկավարների նկատմամբ, ճաշելով Մայքրոսոֆթ ընկերության նախագահ Բիլ Գեյթսի տանը։

Նա նաեւ շրջագայեց Վաշինգտոնի նահանգում գտնվող Բոինգ ընկերության օդանավաշինական գործարաններում, ամերիկյան մարդատար ութսուն օդանավ գնելու Չինաստանի խոստումից մեկ շաբաթ անց։ Վաշինգտոնը Պեկինի վրա նաեւ ճնշում է գործադրում ավելի եռանդունորեն բարձրացնել իր տարադրամի՝ յուանի արժեքը։

Ամերիկացի որոշ թվով կոնգրեսականներ Պեկինին մեղադրում են իր տարադրամի արժեքն արհեստականորեն ցածր պահելու մեջ, որը Չինաստանի ապրանքներին ընձեռում է գնի առավելություն միջազգային շուկաներում։ Օրենսդիրները սպառնացել են սակագներ հարկադրել չինական ապրանքներին, եթե դա չփոխվի։

Չինաստանը որոշ փոփոխություն կատարեց իր տարադրամի քաղաքականությունում անցյալ տարվա հուլիսին, սակայն պարոն Բուշը նշեց, որ տարադրամի արժեքը քիչ է բարձրացվել։

Պարոն Բուշը պարոն Հուին նաեւ խնդրեց ավելի եռանդուն դերակատարում ունենալ Հյուսիսային Կորեային համոզելու խնդրում, այդ երկրին վեցակողմ բանակցություններին վերադարձնելու համար, որի նպատակը Փհենյանին հորդորելն է, որպեսզի հրաժարվի միջուկային իր գործունեությունից։

Երբ թղթակիցներն անցյալ հինգշաբթի պարոն Հուին հարց տվեցին, թե Չինաստանը հավելյալ ի՞նչ կարող է անել բանավեճը լուծելու համար, պարոն Հուն հավաստիացրեց, որ Չինաստանը շարունակում է, իր բնութագրմամբ,՚՚ կառուցողական ջանքեր՚՚ գործադրել Կորեական թերակղզին միջուկազերծ գոտի դարձնելու համար։

XS
SM
MD
LG