Ակնկալվում է, որ նախագահ Ջորջ Բուշը կստորագրի մի ծրագիր, թե Միացյալ Նահանգներն ինչպես է պայքարելու թռչնագրիպի համաճարակի դեմ, եթե ամերիկացիները վարակվեն այդ հիվանդությամբ։
Միացյալ Նահանգներում թռչնագրիպի առաջին դեպքը կարող է ի հայտ գալ հաջորդ մի քանի շաբաթվա ընթացքում, գարնանն այս երկիր չվող թռչունների գալով։
Հիվանդությանը նախապատրաստվելու նպատակով նախագահ Բուշի վարչակազմը մշակել է մի ծրագիր, ուր մանրամասն նկարագրված է, թե իր կառավարությունն ինչպես է արձագանքելու համաճարակին, որի հետեւանքով թերեւս կարող են մահանալ երկու միլիոն ամերիկացիներ, եւ որը կարող է դժվարին կացության մեջ գցել երկրի առողջապահական համակարգը։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է, թե վատթարագույն դեպքում հիվանդությամբ կվարակվեն 90 միլիոն ամերիկացիներ, եւ նրանց մոտավորապես տասը միլիոնը կարիք կունենա փոխադրվելու հիվանդանոց։ Թռչնագրիպի հարցերով ՄԱԿ-ի պաշտոնատար Դեյվիդ Նաբարոն Միացյալ Նահանգների սենատում անցյալ ամսվա վերջերին շեշտեց թռչնագրիպի ներկայիս տեսակի վտանգավորությունը.
՚՚ Թռչնագրիպի ՚՚Էյչ-5-Էն-1՚՚ մանրէն չափազանց վարակիչ եւ սոսկալի մանրէ է։ Անցյալ վեց շաբաթվա ընթացքում այն նաեւ ի հայտ է եկել աշխարհի քսան երկրներում՚՚։
Միացալ Նահանգների ծրագիրը դեռեւս մշակման մեջ է, սակայն դրանում կընդգրկվեն հրահանգներ, թե սկզբում ովքե՞ր են պատվաստվելու հիվանդության դեմ, եւ թե որտե՞ղ է տպվելու Միացյալ Նահանգների տարադրամը, եթե երկրի դրամահատարանները չկարողանան կատարել իրենց աշխատանքը։
Այն նաեւ ընդգրկելու է հիվանդության նշանները ստուգելու նպատակով ավտոմեքենաներով բժշկական շրջիկ զննության, ինչպես նաեւ ինտերնետի կարողությունն ընդլայնելու մի ծրագիր, որպեսզի մարդիկ կարողանան աշխատել տնից եւ խուսափեն այլոց հետ շփումից։
Ամերիկացի գիտնականները դեռեւս քննարկում են պատվաստանյութի անհրաժեշտ քանակության եւ այն ստանալու մարդկանց առաջնահերթության հարցերը։ Ամերիկացի թռչնաբույծներն արդե՛ն իսկ խստացրել են անվտանգության միջոցները։
Թռչնաբուծական ֆերմաները խստորեն արգելում են այցելուների մուտքը եւ հավերն ու թռչունների այլ տեսակներն առանձնացվում են մյուս կենդանիներից։ Ակնկալվում է, որ նախագահ Բուշը շուտով կստորագրի ծրագիրը։