Մատչելի հղումներ

Հանգստի կոչված մի խումբ գեներալներ պահանջում են պաշտպանության նախարարի հրաժարականը


Նախագահ Ջորջ Բուշը մերժել է պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդի հրաժարականը պահանջող հանգստի կոչված մի խումբ գեներալների կոչը, ովքեր մեղադրում են, թե պաշտպանության նախարարը վատ է ղեկավարում Իրաքի պատերազմը։

Գեներալ-մայոր Ջոն Բատիստը Իրաքում առաջին հետեւակային դիվիզիայի հրամանատարն էր։ Նա հանգստի կոչված վեց գեներալներից մեկն է, ովքեր հրապարակայնորեն իրենց անբավականությունն են արտահայտել պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդի ղեկավարման առնչությամբ։

Գեներալ Բատիստն ասում է, թե Պենտագոնի ղեկավարը պետք է պատասխանատվության կանչվի.

՚՚Նկատի ունեմ, որ պատերազմը սկսեցինք դրա թերի ծրագրով։ Մենք անշուշտ ունեինք պատերազմը շահելու եւ Սադամ Հուսեյնին իշխանությունից զրկելու համար անհրաժեշտ զինուժը, սակայն ոչ մի կերպ հաշվի չառանք Իրաքում խաղաղություն հաստատելու ծանր աշխատանքը։ ԱՄՆ-ի գլխավոր հրամանատարության կողմից պատերազմը գրեթե տասը տարի մանրամասն ծրագրվելուց հետո դա հիմնականում անտեսվեց ՚՚։

Ռազմածովային ուժերի կորպուսի գեներալ Անտոնի Զինին 1990-ականների վերջերին Գլխավոր հրամանատարության ղեկավարն էր։ Գեներալ Զինին 2004 թվականին ասել է, թե Պենտագոնի քաղաքացիական ղեկավարները ծանր կացության մեջ են գցել Միացյալ Նահանգների զիուժը.

Ես նրանց պատասխանատվության կենթարկեի։ Սակայն նախագահն է դա որոշում։ Պատմությունը նրանց պատասխանատու կհամարի կատարվածի համար։ Սակայն կարծում եմ, նախագահն ավելիին էր արժանի, քան ստացավ Պենտագոնի քաղաքացիական ղեկավարներից՚՚։

Գեներալ-լեյտենանտ Գրեգ Նյուբոլդը, ով ԱՄՆ-ի բանակի Միացյալ սպայակույտի ռազմական գործողությունների նախկին ղեկավարն էր, ՚՚Թայմ՚՚ ամսագրում վերջերս գրել է, թե վատ ղեկավարման գինը, միջաբերում ենք նրա արտահայտությունը, ՚՚շարունակվում է վճարվել արյամբ՚՚։

Նա ասում է, թե Միացյալ Նահանգների բանակի բազմաթիվ բարձրաստիճան սպաների ահաբեկել են չբողոքել, միջաբերում ենք գեներալ Նյուբորնի արտահայտությունը, ՚՚մոգոնված պատերազմի արմատապես սխալ ծրագրի դեմ՚՚ , որը թույլ տվեց իրական թշնամու՝ Ալ Քայդայի դեմ պատերազմը դառնա ՚՚երկրորդական ջանք՚՚։

Նախագահ Բուշն անցած ուրբաթ հրապարակեց պարոն Ռամսֆելդին աջակցող մի հայտարարություն, ուր ասաց թե պաշտպանության նախարարի եռանդուն եւ կայուն ղեկավարումը հենց այն այն է՝ ինչ անհրաժեշտ է այս կարեւոր պահին՚՚։ Պարոն Ռամսֆելդը ալ-Արաբիյա հեռուստակայանին հայտնել է, թե հրաժարական չի տա։

Ավելի վաղ, Սպիտակ Տան խոսնակ Սքոթ ՄըկՔլելանը նշել է, թե պարոն Ռամսֆելդի հասցեին քննադատությունը կարող է կապված լինել ավելի նվազ թվաքանակով եւ ավելի արդյունավետ զինուժ ստեղծելու պարոն Ռամսֆելդի ջանքին, որին ընդդիմանում էին պաշտպանության նախարարության բարձրաստիճան սպաները.

՚՚Պաշտպանության նախարարը նաեւ վերահսկում է զինուժի ձեւափոխությունը, որպեսզի քսանմեկերորդ դարում ավելի լավ նախապատրտաստվենք պայքարելու մեր դիմակայած սպառնալիքների դեմ։ Մենք պատերազմի մեջ գտնվող երկիր ենք, որի զինուժը դժվարին ձեւափոխության մեջ է։ Սրանք հարցեր են, որոնք միտում ունեն հարուցելու բանավեճ եւ տարաձայնություն։ Մենք ընդունում ենք դա՚՚։

Պատասխանելով այն ենթադրություններին, որ պաշտպանության նախարարին քննադատելն օգնում է թշնամուն, գեներալ-մայոր Ջոն Բատիստը մերժել է այդ ենթադրությունն ասելով, թե ՚՚Միացյալ Նահանգների զինուժն ընկճվող չէ։

Միացյալ Նահանգների սահմանադրության համաձայն, ամերիկյան բանակի վերահսկողությունը պետք է իրականացվի քաղաքացիական անձանց կողմից։ Միացյալ Նահանգների զինուժը նաեւ երդում է տվել պաշտպանել Սահմանադրությունը։

XS
SM
MD
LG