Մատչելի հղումներ

Միջազգային համայնքը ջանում է տարհամոզել Իրանին


Աշխարհի երկրների միջուկային գործունեությունը հսկող ՄԱԿ-ի գործակալության՝ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հանդիպել է Իրանի պաշտոնատարների հետ եւ հորդորել է դադարեցնել ուրանի հարստացումը, սակայն Իրանը հայտարարել է, թե շարունակելու է իր գործունեությունը։

Իրանցի գիտնականների կողմից ատոմակայաններում օգտագործվելու որակի ուրան հարստացվելու մասին անցած շաբաթ Իրանի նախագահի հայտարարությունից երկու օր անց, ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Մոհամեդ Էլ Բարադեյն անցած հինգշաբթի Թեհրանում էր, Իրանի ղեկավարների հետ հանդիպելու նպատակով։

Էլ Բարադեյն ասել է, թե չի կարող հաստատել լուրի իսկությունը, եւ նվազեցրել է միջուկային ճգնաժամի հավանականությունը.

՚՚Չեմ կարծում, թե ուրանի հարստացման հարցը ներկայումս հրատապ է։ Այդ իսկ պատճառով բավարար ժամանակ ունենք բանակցությունների միջոցով խնդիրը լուծելու համար՚՚։

Կանադայի արտաքին գործոց նախարար Փիթր ՄակՔեյի հետ Վաշինգտոնում հանդիպումներից մեկի ժամանակ, արտգործնախարար Կոնդիլիզա Ռայսն ասել է, թե Միացյալ Նահանգները ծրագրում է քննարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համար հնարավոր բոլոր տարբերակները, Խորհրդի որոշումներն Իրանի կողմից անտեսվելու հարցը լուծելու համար։

Միաժամանակ, փոխարտգործնախարար Նիքըլս Բըրնզը Թեհրանին նախազգուշացրել է, որ առկա է միջազգային համայնքի մի մեծ դաշնադրություն, ուր ընդգրկված են նաեւ Ռուսաստանը, Չինաստանն ու Եւրոպան, որը չի ցանկանում որպեսզի Իրանը ստեղծի միջուկային զենքեր.

՚՚Մենք բոլորս էլ այն կարծիքին ենք, որ Իրանի կառավարությունը ճշմարտությունը չի հայտնել միջուկային զենքերի հետազոտական իր գաղտնի ծրագրերի մասին։ Մենք բոլորս էլ այն կարծիքին ենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ճիշտ է վարվել Իրանին կշտամբելով, եւ ապագայում այդպես էլ շարունակելու է։ Կարծում եմ, Իրանի ռազմավարական կացությունն այժմ շատ ավելի մեկուսացած է, քան է՛ր։ Այդ իսկ պատճառով, եթե Իրանի կառավարության պաշտոնատարները կարծում են, թե իրենց նախագահի մի փոքրիկ հայտարարությունը շախմատային արտահայտությամբ նշանակում է մատ՝ ապա ավելի լավ է վերստին սովորեն այդ խաղի կանոնները՚՚։

Միջուկային զենքը չտարածելու հարցերով Միջազգային խաղաղության Կարնեգիի հաստատության վերլուծաբան Ջոզեֆ Սինսիոնեն ներկայիս կացությունը չի համարում ճգնաժամային.

՚՚Իրանը միջուկային զենքեր չի ունենա այս ամիս, այս տարի, կամ այս տասնամյակում, այդ իսկ պատճառով բավարար ժամանակ կա հարցը խաղաղորեն լուծելու համար՚՚։

Իրանի միջուկային նկրտումների հետեւանքով նրա հետ առաջացած լարվածությունը նվազեցնելու նպատակով Չինաստանն անցած հինգշաբթի հայտարարել է, որ բարձրաստիճան պատվիրակ է ուղարկում Ռուսաստան եւ Իրան, խնդրի շուրջ բանակցություններ վարելու համար։

XS
SM
MD
LG