Մատչելի հղումներ

Աշխարհի երկրները դատապարտում են Իրանի քայլը


Աշխարհի երկրների ղեկավարներն Իրանին դատապարտում են ՄԱԿ-ի հրահանգներն անտեսելով միջուկային տեխնոլոգիա ստեղծելու իր ջանքերը շարունակելու համար։

Իրանի միջուկային էներգետիկայի փոխնախարար Մոհամադ Սաիդին անցնող չորեքշաբթի հայտնել է, թե իր երկիրն ունի հազար մեգավատ հզորության միջուկային ռեակտոր պատրաստելու նպատակով 54 հազար ցենտրիֆուգ օգտագործելու երկարաժամկետ ծրագիր։ Նա այս մասին հայտնել է, մինչ աշխարհի երկրների ղեկավարներն արձագանքում էին Իրանի այն հայտարարությանը, որ հարստացրել է միջուկային ատոմակայաններում օգտագործվելու որակի ուրան։

Չինաստանը, որը ներկայումս ստանձնել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հերթագայվող նախագահությունը, ՄԱԿ-ում հայտարարել է, թե Իրանի գործողությունը հակասում է միջազգային համայնքի եւ տարբեր երկրների միջուկային գործունեությունը հսկող ՄԱԿ-ի կազմակերպության՝ ՄԱԳԱՏԷ-ի հետ Թեհրանի պայմանագրերին։ Վանգ Գուանյա-ն ՄԱԿ-ում Չինաստանի դեսպանն է.

՚՚Չինաստանը, Ռուսաստանը եւ միջազգային համայնքը ցանկանում են տեսնել, որ իրանցիներն ավելի շատ կհամագործակցեն ՄԱԳԱՏԷ-ի գործադրած ջանքերի ու նաե Անվտանգության խորհրդի պահանջների շնորհիվ՚՚։

Մոսկվան իր մահոգությունը հայտնեց այդ խնդրի առնչությամբ եւ Իրանին կոչ արեց դադարեցնել իր միջուկային ծրագիրը։ Սակայն Ռուսաստանի արտաքին գործոց նախարար Սերգեյ Լավրովը նաեւ նախազգուշացրեց հապճեպ եզրակացություններ չանել Իրանի միջուկային կարողության առնչությամբ, որը կարող է ավելացնել լարվածությունը։

Վաշինգտոնում, Հասարակածային Գվինեայի նախագահի հետ հանդիպման ժամանակ Միացյալ Նահանգների արտգործանախարար Կոնդոլիզա Ռայսն ասաց, որ Իրանն իր քայլով է՛լ ավելի է մեկուսացրել իրեն միջազգային համայնքից.

՚՚Եւրոպացիների, ռուսների կողմից Իրանին առաջարկվել է բազմաթիվ հնարավորություն, ազնվորեն բանակցելու համար։ Նրանք երբեք չեն օգտվել այդ հնարավորություններից։ Մեր նախագահն այս մասին հայտարարություն է արել, որով հաստատում է այդ պահանջները։ Իրանցիները չարձագանքեցին դրան։ Այդ իսկ պատճառով, այո, մենք այժմ խորհրդակցում ենք, եւ երբ Անվտանգության խորհուրդն իր աշխատանքը վերսկսի, կարծում եմ, կգա գործելու ժամանակը՚՚։

Իրանն իր հայտարարությունն արեց իր միջուկային ամբողջ գործունեությանը վերջ դնելու Անվտանգության խորհրդի նշած երեսնօրյա վերջնացույցի միջին հատվածում։ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Մոհամադ Էլ Բարադեյն Անվտանգության խորհրդին համառոտակի զեկուցելու է, ապրիլի քսանութին Իրանին տրված վերջնացույցի ժամկետը լրանալուց հետո։

XS
SM
MD
LG