Մատչելի հղումներ

Իրանը հաջողության է հասել ուրանի հարստացման գործում


Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը հայտարարել է, թե Իրանն առաջին անգամ հաջողության է հասել ուրանի հարստացման գործում։ Այս երկրի միջուկային ծրագրին ընդդիմացող Միացալ Նահանգները շարունակում է հերքել Իրանի միջուկային տեղանքների դեմ ռազմական գործողության ծրագրերը։

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադն անցնող երեքշաբթի հայտարարեց, թե Իրանը հաջողությամբ ուրան է հարստացրել, որով անտեսել է այդ աշխատանքը դադարեցնելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պահանջը։

՚՚Այս պատմական պահին հայտարարում եմ, որ Ամենակարող Աստծո օրհնությամբ եւ մեր գիտնականների ջանքերով ավարտվել է փորձակայանի պայմաններում իրականացված միջուկային վառելանյութի մշակման շրջանը եւ մեր երիտասարդ գիտնականներն ապրիլի իննին ստացան ատոմակայանների համար անհրաժեշտ հարստացված ուրան՚՚։

Սպիտակ Տունը հայտարարեց, որ Իրանն ընթանում է ՚՚սխալ ուղիով՚՚, եւ իրեն առավել եւս մեկուսացնելու փոխարեն պետք է շահի միջազգային հանրության վստահությունը՚՚։

Միացյալ Նահանգների արտգործնախարարության խոսնակ Շոն ՄկՔորմիքն ասաց, որ միջազգային համայնքը հույս ուներ, որ Իրանն այլ ուղի է ընտրելու.

՚՚Իրենց քայլի մասին նրանց հայտարարությունը միջազգային համայնքին տալիս է միասնական ձեւով գործելու ավելի մեծ հիմք ՚՚։

Չնայած Իրանի դեմ ԱՄՆ-ի կողմից ռազմական գործողություններ ծավալվելու մասին վերջերս տարածված լուրերին, պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդը պնդել է, որ Վաշինգտոնն ու նրա դաշնակիցները հանձնառու են դիվանագիտության.

՚՚Միացյալ Նահանգները դիվանագիտության ուղու վրա է։ Սա նախագահի որոշումն է։ Նույն ուղու վրա են նաեւ եւրոպական մեր դաշնակիցները՚՚։

Նա թղթակիցներին ասաց, որ առկա է ՚՚ակնհայտ մտահոգություն Իրանի առնչությամբ. Ռամսֆելեդ ՚՚Սա երկիր է, որն աջակցում է ահաբեկիչներին։ Իրանը հետաքրքրություն է դրսեւորում ունենալու զանգվածային ոչնչացման զենքեր, այդ իսկ պատճառով նախագահ Բուշը նշել է, որ մտահոգված է այս երկրով՚՚։

Գազի հարստացումը միջուկային վառելանյութ, կամ ռումբ ստանալու առաջին քայլն է։ Փորձագետների կարծիքով, Իրանը դեռեւս ունակ չէ ստանալու դրանք, սակայն քայլ է կատարել այդ ուղղությամբ։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն Իրանից պահանջել է մինչեւ ապրիլի 28-ը դադարեցնել ուրանի հարստացման իր բոլոր ծրագրերը։

ՄԱԳԱՏԷ-ի պաշտոնատարները Թեհրանում են ուրանի հարստացման աշխատանքներն առկախելու բանակցությունների նպատակով։ Իրանը մշտապես մերժում է ՄԱԿ-ի պահանջն ասելով, որ իրավունք ունի ունենալու միջուկային ծրագիր, որը միայն խաղաղ նպատակների համար է։

Միացյալ Նահանգներն ու Եւրոպական մի քանի երկրներ ցանկանում են, որպեսզի Իրանը ժամանակացույցին չենթարկվելու դեպքում ՄԱԿ-ը սահմանափակումներ հարկադրի այդ երկրին։ Սակայն Անվտանգության մշտական խորհրդի անդամներից Ռուսաստանն ու Չինաստանը մինչեւ այժմ ընդդիմացել են այդ քայլին։

XS
SM
MD
LG