Մատչելի հղումներ

Ցույց՝ մայրաքաղաք Վաշինգտոնում


Ներգաղթողների իրավունքների պաշտպանները տասնյակ հավաքներ կազմակերպեցին Միացյալ Նահանգներում անցնող երկուշաբթի, որոնցից խոշորագույններից մեկը կայացավ մայրաքաղաք Վաշինգտոնում, ուր տասնյակ հազարավոր անձինք դուրս եկան փողոցներ ներգաղթողների քաղաքական հարաճուն ուժը ցուցադրելու համար։ Նրանք գոչում էին.

՚՚Մենք բոլորս ամերիկացիներ ենք՚՚։

Ցույցի կազմակերպիչները հավաքը կոչել էին ՚՚Ներգաղթողների արդարության համազգային գործողության օր՚՚, սակայն դրան մասնակցող բազմաթիվ անձանց համար այն պարզապես քայլարշավ էր։ Մինչ Միացյալ Նահանգների Կոնգրեսը դեռեւս որոշում չի կայացրել ներգաղթը բարեփոխելու խնդրի շուրջ, տասնյակ հազարավոր անձինք քայլարշավեցին մայրաքաղաքում, պահանջելով հաշվի առնել իրենց կարծիքը։

Մինչ ցուցարարները ծածանում էին ամերիկյան դրոշներ եւ գոչում էին ՚՚այո, կարող ենք՚՚, դիտորդներն ասում էին, թե երկրով մեկ կայացող ցույցերի եռանդը հիշեցնում է 1960-ականներին քաղաքացիական իրավունքների շարժումը։ Իսպանախոսների տնտեսական զարգացման կորպորացիայի գործադիր տնօրեն Դանիել Պարան ասում է, թե տասնմեկ միլիոն ապօրինի ներգաղթողների հարցը չափազանց համախմբել է իսպանախոս համայնքին.

՚՚Նրանք գալիս են Միացյալ Նահանգներ ոչ թե հաճույքի՝ այլ իրենց երկրներում հնարավորություններ չունենալու պատճառով՚՚։

՚՚Մենք չենք ցանկանում խախտել օրենքը, մենք ցանկանում ենք բարեփոխել այն, որպեսզի հնարավորություն ունենանք Միացյալ Նահանգներ գալու եւ աշխատելու օրինական ճանապարհով՚՚։

Սակայն ինչպես երեւում է, կոնգրեսականները տարակարծիք են ներգաղթի օրենքը բարեփոխելու խնդրի շուրջ։ Միացյալ Նահանգների կոնգրեսականներն անցյալ շաբաթ ընդունեցին մի օրինագիծ, որի համաձայն ապօրինի ներգաղթելը հանցագործություն է, սակայն չկարողացան փոխզիջման հասնել ապօրինի աշխատողներին օրինականացնելու խնդրի շուրջ։

Ելույթ ունենալով ՚՚Էյ-Բի-Սի՚՚ հեռուստակայանի ՚՚Այս շաբաթ՚՚ ծրագրով, կոնգրեսական Ջոն Բոհները համաձայնեց, որ ներգաղթի օրենքի բարեփոխումը չափազանց անհրաժեշտ է, սակայն ասաց, թե նախ անհրաժեշտ է չխախտել օրենքը.

՚՚Անհրաժեշտ է անվտանգ դարձնել սահմանը, պահպանել օրենքը եւ միայն դրանից հետո խոսել, թե ինչպե՞ս ենք վարվելու արդեն իսկ մեր երկրում գտնվող ապօրինի ներգաղթողների հետ՚՚։

Միացյալ Նահանգներում գտնվող ապօրինի ներգաղթողների մեծամասնությունն իսպանախոսներ են, ովքեր այժմ հարաճունորեն ամենաարագ աճող փոքրամասնութունն են երկրում։ Վիճակագրական բյուրոյի տվյալներով, մինչեւ 2050 թվականը Միացյալ Նահանգներում կապրեն 100 միլիոնից ավելի իսպանախոսներ, որը կկազմի ամբողջ բնակչության քսանհինգ տոկոսը։

Հավաքը համակարգող Էրիկ Գուտիերեսն ասում է, թե քաղաքագետներն ներգաղթողների համայնքին անտեսելով վտանգում են իրենց աշխատանքը.

՚՚Երբ սկսենք կրթվենք, ու արձանագրվենք որպես քվեատուներ, նրանք կզգան մեր կարիքը՚՚։

Մայրաքաղաք Վաշինգտոնում կազմակերպված հավաքը երկրում կայացող տասնյակ հավաքներից մեկն է։ Էրիկ Գուտիերսն ասում է, թե նոր հավաքներ են ծրագրվում Միացյալ Նահանգներում սենատի վրա ճնշում գործադրելու նպատակով, որպեսզի այն հաստատի ժամանակավոր աշխատողների ծրագիրը եւ ապօրինի ներգաղթողներին օրինական միջոց ընձեռի Միացյալ Նահանգների քաղաքացիություն ստանալու համար։

XS
SM
MD
LG