Միացյալ Նահանգների Սենատի Դեմոկրատական եւ Հանրապետական Կուսակցությունների անդամները հայտնել են, թե անցյալ հինգշաբթի առաջընթաց արձանագրեցին այժմ երկրում ապրող գրեթե տասնմեկ միլիոն ապօրինի ներգաղթողներին օրինական կարգավիճակ շնորհելու եւ նրանց աստիճանաբար քաղաքացիություն տալու օրենսդրության շուրջ համաձայնության գործում։
Սա Դելավերի նահանգի Ջորջթաուն քաղաքում իսպանախոս ընտանիքների կեսօրյա հավաք է։ Տասնհինգ տարի առաջ Ջորջթաունը հիմնականում անգլո-ամերիկյան ծագմամբ անձանցով բնակեցված փոքրիկ քաղաք էր Վիկտորյան ոճի տներով եւ ամերիկյան հնաոճ ավանդույթներով ու արժեքներով։
Սակայն 1990-ական թվականներին իսպանախոս ներգաղթողները սկսեցին բնակվել քաղաքում։ Մայք Վիյաթը Ջորջթաունի քաղաքապետն է.
՚՚Մինչեւ 1992 թվականը իսպանախոսների թիվն այնքան էլ մեծ չէր քաղաքում։ Սակայն, անսպասելիորեն, նրանք սկսեցին հայտնվել մեծ թվով՚՚։
Աշխատատեղերի եւ ավելի լավ կյանքի հեռանկարով նրանք սկսեցին ժամանել Կենտրոնական Ամերիկայի երկրներից, ինչպես օրինակ, Գվատեմալայից, եւ հիմնականում աշխատում էին շրջանի թռչնամշակման երեք խոշոր գործարանում։ Սկզբում քաղաքի բնակիչները որոշ չափով ընդդիմանում էին նրանց ժամանելուն։
Սակայն իսպանախոսների մի մասը բիզնես հիմնեց եւ կարեւորություն ձեռք բերեց տեղի տնտեսությունում։ Պարոն Վիյաթի հաշվումներով, Ջորջթաունի բնակիչների գրեթե հիսուն տոկոսն այժմ իսպանախոսներ են։
՚՚Ջորջթաունի եւ Սասեքս վարչաշրջանի տնտեսությունը, հավամշակման գործարանները, թռչնաբուծությունը, չեմ պատկերացնում, թե այդ ամենն ինչ վիճակի մեջ կլիներ առանց իսպանախոս աշխատողների։ Նրանք են այդ ամենի շարժիչ ուժը՚՚։
Ներգաղթի շուրջ օրենսդրությունը գլխավորապես առնչվում է Ջորջթաունի նման համայնքներին։ Պարոն Վիյաթի հաշվումներով, իրենց շրջանի իսպանախոս աշխատողների 80-ից 90 տոկոսը թերեւս ապօրինի ներգաղթողներ են, եւ ասում է թե նրանք կարողանում են աշխատանք գտնել կեղծ փաստաթղթերի շնորհիվ։
՚՚Մենք եւ ոստիկանությունը մշտապես առնչվում ենք այդ խնդրին։ Լուրեր են շրջում, որ ցանկացած անձ Փենսիլվանիայի նահանգի շրջաններից մեկում որոշակի գումարով կարող է ձեռք բերել ավտոմեքենայի համարանիշ, վարորդական վկայական, սոցիալական ապահովության քարտ։ Եւ դրանք արտաքինից թվում են օրինական՚՚։
Ներգաղթի խնդրի շուրջ առկա է երկու կարծիք։ Խմբերից մեկը ցանկանում է փակել սահմանը, վտարել բոլոր ապօրինի ներգաղթողներին եւ կալանել նրանց օգնություն ցուցաբերող գործատուներին եւ անձանց։ Մյուս խումբը ցանկանում է ապօրինի ներգաղթողների ներման ինչ-որ ձեւ եւ ծրագիր՝ որը մարդկանց հնարվորություն կտա ժամանակավորապես գալու Միացյալ Նահանգներ որպես հյուր-աշխատող։
Ջեսիկա Էքարդը սահմաններն ամրացնելու եւ ապօրինի ներգաղթողներին ներում չշնորհելուն կողմնակից ՚՚Իգլ Ֆորում՚՚ պահպանողական կազմակերպության գործադիր տնօրենն է.
՚՚Երբ որեւէ անձ որոշում է գալ այս երկիր օրինական ճանապարհով, մենք տեսնում ենք այդ օրինական ներգաղթողների օգուտը։ Երբ ներգաղթողները գալիս են այս երկիր օրենքը խախտելով, որոնց վրա վատնվում են մեր դպրոցների եւ առողջապահական համակարգի միջոցները, այդ դեպքում ականատես ենք դրա բացասական ազդեցությանը՚՚։
Զայդա Գայարդոն Ջորջթաունում գտնվող ՚՚Լա Էսպերանսա՚՚ սոցիալական ծառայությունների կազմակերպության տնօրենի տեղակալն է։ Նա աջակցում է ներգաղթի օրենքի բարեփոխմանը, ապօրինի ներգաղթողներին ինչ-որ ձեւով ներում շնորհելուն եւ ժամանակավոր աշխատողների ծրագրին։ Նրա կազմակերպությունը մարդկանց չի հարցնում նրանց կարգավիճակի մասին, եւ կարող է տուգանվել եթե ներգաղթի ավելի խիստ օրենքներ ընդունվեն.
՚՚Փաստը, որ մեզ կպատժեն, նույնիսկ կտուգանեն եւ կբանտարկեն, կարծում եմ, անմիտ է։ Իմ կարծիքով, պատժելու կամ այսպիսի խիստ օրենք ընդունելու փոխարեն մենք պետք է միջոց գտնենք եւ աշխատենք ներգաղթի օրենք ստեղծելու հարցի վրա՚՚։
Միացյալ Նահանգների սենատը տարակարծիք է այս խնդրի շուրջ, եւ Միացյալ Նահանգների բազմաթիվ փոքր համայնքների ճակատագիրը, ինչպես օրինակ, Ջորջթաունինն է, կախված է մազից։ Այս քաղաքի եւ ոչ մի բնակիչ չի ցանկանում, որպեսզի Միացյալ Նահանգների կոնգրեսն ընդունի ավելի խիստ օրենք։